Լրահոս
Օրվա լրահոսը

1915․ Պատմում են տատիկներս

Ապրիլ 24,2015 15:53

Լրագրողիս՝ տասնամյակներ ուշացած գրառումներ

…Ամեն մարդու կյանքում կան հաջողություններ և բացթողումներ, իսկ ստեղծագործական մարդու դեպքում դա կրկնակի ճշմարիտ է:

… Այս առումով ամենամեծ բացթողումս եմ համարում այն, որ այդպես էլ գրի չառա թուրքական ջարդերից մազապուրծ եղած զույգ տատերիս՝ Վարսենիկի և Անահիտի պատմածները, այնինչ դրանք կարող էին 100 տոկոսանոց, ցեղասպանությունը վերապրածների խոսուն և հուժկու վկայություններ լինել ցանկացած միջազգային դատական ատյանում: Եվ եթե հիմա էլ, 20-րդ դարի առաջին ցեղասպանության 100-րդ տարին լրանալու ժամերին, երբ Ծիծեռնակաբերդում ելույթ են ունեմ Հայաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Սերբիայի նախագահները, տատիկներիս պատմածներից գոնե մի պատառ չհանձնեմ թղթին, ապա այլ ե՞րբ դա անեմ, և, ընդհանրապես, ի՞նչ արժեն գրչի մարդուս համեստ հմտությունները:

…Հայրական կողմից տատս՝ Վարսենիկ Մանուկի Սահատչյանը (լուսանկարում՝ ձախից) ծնվել է 1899 թ. հունվարի 10-ին Արդվին քաղաքում: Նրա հայրը, ստանալով իրավաբանական կրթություն՝ կոմերցիայի գծով, զբաղվում էր առևտրով, ճամփորդում մինչև հեռավոր Մոսկվա, Պետերբուրգ և նույնիսկ՝ Լոդզ և Վարշավա: Չորս եղբայր էին Սահատչյանները, բոլորը՝ իրենց ընտանիքների հետ միասին համերաշխ ապրում էին մի մեծ՝ չորսհարկանի առանձնատանը, որի առաջին հարկում մառան էր, լի՝ տատիս խոսքերով, «մարդաբոյ» կարասներով՝ ձիթապտղի յուղից մինչև ընտիր գինի, իսկ երկրորդ հարկաբաժինը հատկացված էր իրենց սպասավորներին, ովքեր հիմնականում թուրքեր էին:

Անցնելով առաջ, հատուկ նշեմ, որ հենց այդ թուրքերն էին, որ 1915-ի ապրիլին օգնեցին մերոնց նստել մակույկներ և Ճորոխ գետով վերջիվերջո հասնել Բաթում…

… «Աղքատներ Արդվինում, ըստ էության, չկային, ընդամենը մի քանի խեղճ ընտանիք կար, նրանց էլ պահում էր ժողովուրդը», պատմում էր տատս: Իսկապես, երբ նայում ես արդվինցիների՝ արդեն ո՞րերորդ սերնդի տներում պատին փակցված՝ որպես գրեթե սրբապատկեր Արդվին քաղաքի տասնյակ անգամներ խոշորացված դարասկզբի գունավոր բացիկը (ի դեպ, հրատարակված Եվրոպայում), ապա այն ոչ մի բանով չես տարբերի եվրոպական, ասենք՝ շվեյցարական փոքրիկ մի քաղաքից՝ ճերմակ, երկհարկանի, նաև՝ եռա և քառահարկ ձյունաճերմակ տներ, բառացիորեն սուզված ճոխ բուսականության մեջ՝ թզենիներ, նարնջի ծառեր և այլն:

Արդվինը, փաստորեն, Ռուսական կայսրության «ֆորպոստ էր» Օսմանյան կայսրության հետ դրա սահմանին: Սահատչյանների տան նկուղում, ընտանիքի նահապետի՝ տատիս պապ Հովհաննես քահանա Սահատչյանի (ով երջանկահիշատակ Վեհափառ Խրիմյան «Հայրիկի» մոտ ազատ մուտքի իրավունք ուներ, և նույնիսկ մի անգամ էլ 11-ամյա թոռնուհի Վարսենիկին էր տարել մեր լեգենդար կաթողիկոսներից մեկի մոտ) հանձնարարությամբ և ղեկավարությամբ կազմակերպել էր մի զինագործարան, որտեղ ձեռքի ռումբեր՝ նռնակներ էին պատրաստում:

«Սորբոնում, Շվեյցարիայում, Պետերբուրգում ուսումը կիսատ թողած հայ երիտասարդներ էին գալիս պապիս մոտ, մերոնք իրենց նռնակներ էին տալիս, հետո՝ անցկացնում սահմանը… Ի՞նչ տղաներ էին՝ ազգի ընտրանի… Բոլորին մեկ-մեկ եմ հիշում… Եվ ո՛չ մեկը չվերադարձավ հետ՝ միակ ճանապարհը հենց մեր մոտով էր անցնում, մենք էինք Տաճկահայաստանի հետ սահմանը»… (Եվ բնավ պատահական չէ՛ր, որ այդպիսի մթնոլորտում մեծացած պատանի Վարսենիկը մայրիկից գաղտնի կարում է եռագույն դրոշ, որ գնա Արևմտահայաստան՝ թուրքերի դեմ կռվելու…)

Իսկ սահմանապահները, ըստ ավանդույթի, հռչակավոր, թուրքի (և ո՛չ միայն նրա) համար սարսափազդու կազակներ էին, որոնց «ունևոր» հայերը, հասկանալի է, այնպես էին «նայում», որ նրանցից շատերը չէին էլ ուզում տուն վերադառնալ…

(Այս հանգամանքը, սակայն, չխանգարեց այդ կազակներին նույնիսկ չտեղեկացնել հայ ազգաբնակչությանը, որ հրաման են ստացել լքել քաղաքը, թողնելով այն առաջխաղացող թուրքական հորդաների քմահաճույքին… Ցավո՛ք, այսպիսի դեպքերը քիչ չեն ռուսների հետ մեր համատեղ բազմադարյա պատմության մեջ:

Այստեղ, սակայն, արդարության առջև չմեղանչելու համար, պետք է նշենք, որ հակառակն էլ է եղել. օրինակ, 1917 թ. բոլշևիկական հեղաշրջումից հետո, երբ կովկասյան ռազմաճակատը սկսեց վերջնականապես կազմալուծվել, մի շարք ռուս սպաներ չլքեցին դիրքերը, մասնակցեցին Սարդարապատի գոյամարտին՝ գնդապետ Պերեկրյոստով, կապիտան Շնեուր և ուրիշներ):

…Ռուսական բանակի հայազգի մի սպա գիշերը սկսեց կամացուկ թակել արդվինցի հայերի տների պատուհանները. «Վաղը թողնու՛մ ենք քաղաքը…»

…Բաթում, հետո՝ Նովոռոսիյսկ, այնուհետև՝ Եկատերինոդար (Կրասնոդար՝ խորհրդայնացումից հետո)․․․

Վարսենիկ տատիս վկայությամբ, երբ մի որոշ ժամանակ անց ռուսական բանակը վերագրավեց Արդվինը, իրենց որոշ համաքաղաքացիներ, իր իսկ խոսքերով, միամտորեն վերադարձան քաղաք, սակայն…

…Տուն-տեղ դրեցին, տատիս հորեղբայրները (հայրը՝ Մանուկը, վախճանվել էր 1911-ին), նույնիսկ խանութ բացեցին: Կարծես հացի խնդիր չունեին, մի բան էլ ավել…

Սակայն ընդամենը մի քանի տարի անց Վարսենիկ տատս իր մոր՝ Աքաբիի հետ տեղափոխվում են Լենինական, ուր ծանոթանում է պապիս՝ Մոսկվայի կոմերցիոն ինստիտուտի (հետագայում՝ ժողովրդական տնտեսության Պլեխանովի անվան ինստիտուտ) վերջին կուրսից կովկասյան ռազմաճակատ՝ որպես սպա զորակոչված, այնուհետև՝ Առաջին Հանրապետության, մի կարճ ժամանակահատված էլ՝ Խորհրդային Հայաստանի զինված ուժերի սպա, մինչև 1926 թ. Պարսկաստանում իր զորաջոկատի հետ ապաստանած Գուրգեն Խաժակյանի հետ, ով այդ ժամանակ Լենինականի տարբեր ուսումնական հաստատություններում դասավանդում էր միանգամից մի քանի առարկա՝ գերմաներեն, ռուսերեն, աշխարհագրություն, որդեգրելով իր երեք զավակներին՝ 4-ից 7 տարեկան, որոնց թվում էր նաև հայրս՝ Ջեմս Խաժակյանը:

…Ավաղ, նրանց ամուսնությունից ընդամենը չորս տարի անց՝ 1938 թվականին պապիս ձերբակալում են՝ «դաշնակցական ընդհատակի կազմակերպման փորձեր» մեղադրանքով:

Այն տարիներին նման մեղադրանք էր «շռայլվում» աջ ու ձախ, նույնիսկ՝ կոշկակարներին և տնային տնտեսուհիներին:

Սակայն Հայաստանի արդեն Երրորդ Հանրապետության օրոք բռնադատվածների գործերի հրապարակայնացումից հետո տեղեկացանք, որ պապս իսկապես եղել է Լենինականում՝ հիմնականում իր նախկին զինակից սպաներից կազմված հայրենասերների ընդհատակյա խմբի ղեկավար:

Այդ մասին ես, դեռ դպրոցական տարիներին, սկսեցի կասկածել այն բանից հետո, երբ Ջավախքից մեզ հյուր եկած ազգական Անդրանիկ (Ռաֆաելյան) պապը պատմեց, թե ինչպես՝ 1930-ականների սկզբին, երբ պատանի էր, Լենինական «փեսա Գուրգենի» մոտ հյուր գալով, նրանից մի պանդոկում խնջույքի ժամանակ լսեց հետևյալը՝ «Անդրո՛, էսոնց կտեսնիս, որ մեզի հետ բաժակ կբարձրացնեն, կենացներս անուշ-անուշ կխմեն, էսո՛նք են, որ ինձի կմատնին մի օր»…):

․․․1942-ին Կոմի ինքնավարության բանտերից մեկում «սրտի կաթվածից վախճանվեց» պապս՝ Գուրգեն Խաժակյանը, և տատս Վարսենիկը և իր մայրը, գիշեր- ցերեկ աշխատելով, դաստիարակեցին, փայլուն կրթություն տվեցին (ոսկե մեդալ դպրոցում, գերազանցության դիպլոմներ՝ բուհերում…) իրենց կողմից որդեգրված, սակայն ՀԱՐԱԶԱՏ երեխաներին, ամուսնացրեցին նրանց: Այնինչ հայտնի են ոչ քիչ թվով դեպքեր, երբ Հայրենական պատերազմի ահեղ տարիներին նույն Լենինականում մայրերը իրենց իսկ ծնած երեխաներին մանկատուն էին հանձնում…

_MG_5418

…Երբ 1988-ին սկսվեց ղարաբաղյան շարժումը (ՍՐԲԱԶԱՆ, ինչ էլ ո՛ր ասեն ոմանք հիմա՝ մեր այդքան ոչ միայնակ ժամանակներում), ապա Վարսենիկ տատիս պատմածները, ավելի ճիշտ կլիներ ասել՝ ԴԱՍԵՐԸ՝ Եղեռնի, թուրքերի, Մեծն Նժդեհի, Անդրանիկի, բոլշևիկների, դաշնակցականների, Լենինի, Ստալինի մասին, ինձ մանուկ հասակում կերակրելիս ընթերցված Րաֆֆու, Դերենիկ Դեմիրճյանի, Ծերենցի պատմավեպերը, վերջապես, 100 տարեկան իր երգարանից «Մեր Հայրենիքը» (այն ժամանակ արգելված) դարձան այն պարարտ հողը, որի մեջ ընկան նորօրյա ազգային-ազատագրական պայքարի սերմերը:

…Մայրական կողմից տատս՝ Անահիտ Դավիթի Ղասաբյանը (լուսանկարում՝ աջից) ևս Մեծ Եղեռնի վերապրածներից էր, սակայն իր և իր հարազատների տառապանքները իսկապես աննկարագրելի են…

Իրենց ընտանիքը ևս ապրում էր Արդվինում, սակայն ինչ-ինչ պատճառներով մնաց քաղաքում, երբ ռուսները թողեցին այն: «Դավի՛թ, թուրքերը եկան»՝ գոռացին հարևանները, և տատիս հայրը (լուսանկարի կենտրոնում) պատուհանից դուրս ցատկեց… Այլևս նրան չտեսան՝ ո՛չ ողջերի, ո՛չ էլ սպանվածների մեջ:

Տիկնոջը՝ 28-ամյա Նախշուն Մանվելյանին, չուրս դստրերի՝ նորածին Լուսիկի, մեկամյա Արփիկի, չորսամյա Տիրունի և իննամյա Անահիտի (տատս) հետ թուրքերը տեղահան արեցին, քշեցին ոտաբոբիկ, և դեռ ցուրտ էր, սառցակալած…

…Մահվան ճանապարհին կարճատև դադարների ժամանակ թուրքերը պահում էին իրենց գոմում, անասունների հետ միասին:

…Փոքրիկ Լուսիկը մահացավ:

…Ուժասպառ և հուսալքված Նախշունը որոշում է վերջ տալ իր և աղջիկների կյանքին՝ որ իրենք թուրքական որևէ հարեմում չհայտնվեն…

…Նետում է մի աղջկան գետը՝ սառցակալած, մյուսին… Վրա հասած թուրքերը հանում են ջրից երեխեքին, ասելով․ «Այ գյավուրնե՛ր, մի աղտոտեք մեր խմելու ջուրը», և բռնի կերպով բաժան-բաժան անում նրանց, հանձնելով տարբեր ամերիկյան որբանոցներ: (Իհարկե՛, այսօր մենք խորապես հիասթափված ենք ԱՄՆ նախագահի՝ «ցեղասպանություն» եզրույթը չարտասանելու համառությունից, բայց միևնույն ժամանակ պարտավոր ենք երախտագիտությամբ հիշելու ամերիկյան մի այլ նախագահի՝ Վուդրո Վիլսոնին, դեսպան Հենրի Մորգենթաուին, կարճ ժամանակում ԱՄՆ-ում 110 մլն դոլար հանգանակած ամերիկյան ժողովրդին, որը թույլ տվեց փրկել հարյուր հազարավոր հայ որբերի կյանքը):

Աստծո պարգևած հրաշքով, նաև «Հաջի պապ» Ազնավուրյան անունով մի ազգականի ջանքերի շնորհիվ մազապուրծ եղած ընտանիքը մեկտեղվում է, և վերջապես հասնում Բաթում:

Այստեղ դեռահաս Անահիտ տատս ամուսնանում է պապիս՝ օլթեցի (գյուղ Արդվինի մոտակայքում) Արմենակ Դիլանյանի հետ, նրանք ունենում են մի տղա և երեք աղջիկ, ներառյալ մորս՝ Գոհարին:

Ո՛վ ճակատագիր Հայոց՝ այս պապս էլ է բռնադատվում, դատապարտվելով սկզբից ազատազրկման բանտում, հետո էլ՝ սիբիրյան աքսորում, ուր մարդիկ, չդիմանալով սովին, ուտում էին հում վայրի կարտոֆիլը, և մահանում աղիքային հիվանդություններից…

Մեղադրանքը հետևյալն էր. «համագործակցություն գերմանաֆաշիստական զավթիչների և նրանց դաշնակցական գործակալների հետ»:

Վերջինիս դերում էր Դրոն՝ Դրաստամատ Կանայանը, ով, որոշ տվյալներով, այդ ժամանակ հայտնվել էր Ղրիմում և Հյուսիսային Կովկասում…

Իսկ պապս ընդամենը դրամահավաք էր կազմակերպել Կրասնոդարի հայ համայնքի շրջանում նրա համար, որ հոգան «մերոնց» հապճեպ նահանջի ժամանակ հոսպիտալներում լքված վիրավոր հայազգի կարմիրբանակայինների բուժման և սննդի ծախսերը:

․․․Որքա՛ն նման են երկու տատերիս ճակատագրերը. թուրքական յաթաղանից մազապուրծ եղած ՀԵՐՈՍԱԿԱՆ հայ կանայք, տաժանակիր գիշեր-ցերեկ աշխատանքով, միայնակ՝ առանց ամուսինների, սակայն ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ մեծացրել են իրենց երեխաներին, փայլուն կրթություն տվել, թոռներ ու ծոռներ դաստիարակել: Խորհրդավոր զուգադիպությամբ երկու տատերս էլ ապրեցին 92 տարի․․․

«I AM ARMENIAN, I AM ALIVE !» – «ԵՍ ՀԱ՛Յ ԵՄ, ԵՍ Ո՛ՂՋ ԵՄ» – սա այս օրերին մեր կարգախոսներից մեկն է:

…Նորօրյա թուրք ազերիները նորից ու նորից են փորձում կասկածի տակ դնել այս կարգախոսը, սակայն…

…Օրերս ունեցա կյանքիս ամենահուզիչ, սակայն և ամենաուրախալի հանդիպումներից մեկը. հանդիպեցի մերօրյա ՀԵՐՈՍ, հատուկ նշանակության ջոկատի սպա, կապիտան Սարգիս Ստեփանյանին (տե՛ս ներքևի լուսանկարը), ով թուրք ազերիների անցյալ տարվա հուլիս-օգոստոսյան հերթական, սակայն կրկին անպտուղ ոտնձգության ժամանակ, նպատակ ունենալով փրկել ականապատված դաշտում հայտնված մարտական ընկերոջ կյանքը, ինքը ծանրագույն վիրավորում ստացավ, կորցնելով աջ ձեռքը և զույգ ոտքերը…

…Այսօր ՀԱՅ կապիտան Ստեփանյանը ո՛չ միայն ՈՂՋ է, ո՛չ միայն ԱՊՐՈՒՄ է, այլև ՄԱՐՏԱԿԱՆ ՇԱՐՔՈՒՄ է, ասել է, թե ՀԱՂԹԵ՛Լ է:

ՈՒ ԿՀԱՂԹԵ՛ՆՔ:

ԱՅԺՄ ԵՎ ՀԱՎԻՏՅԱՆՍ:

Գուրգեն Խաժակյան,

ով ՀԱ՛Յ է, Ո՛ՂՋ է,

ԱՊՐՈՒ՛Մ Է, ՍՏԵՂԾՈՒ՛Մ․․․

 

Հեղինակը իր շնորհակալությունն է հայտնում Արամ Ղանալանյանին սույն հոդվածի պատրաստման ընթացքում ցուցաբերած օգնության համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930