Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանները մեկ րոպե լռությամբ հարգել են 1915թ. անմեղ զոհերի հիշատակը

Ապրիլ 24,2015 14:57

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, ինչպես նաև փաստաբանական գործունեության հիմնահարցերին նվիրված միջոցառումների կապակցությամբ Հայաստան են ժամանել Ֆրանսիայի, Ռուսաստանի, Հունաստանի, Բուլղարիայի փաստաբանական համայնքների ներկայացուցիչներ և իրենց երկրներում Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործունեություն ծավալած հայտնի փաստաբաններ:

Փաստաբաները մեկ րոպե լռությամբ հարգել են 1915թ. անմեղ զոհերի հիշատակը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարևորել է գործընկեր երկրներից ժամանած փաստաբանների ու փաստաբանական միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների այցը Հայաստան: «Այսօր մենք մեր գործընկերներին հրավիրել ենք Հայաստան քննարկելու Ցեղասպանության իրավական հետևանքները: Մենք փորձում ենք նաև այս միջոցով օտարերկրյա փաստաբաններին ներկայացնել մեր խնդիրները, փորձել նրանց միջոցով հասնել Ցեղասպանության միջազգային և վերջնական ճանաչմանը»:

Ըստ advocates.am-ի, Փարիզի փաստաբանների միության նախագահ Պիեռ Օլիվիե Սյուռը խոսել է Հայաստան իր այցի և Ցեղասպանության խնդրով իր մտահոգության մասին: «Ես շատ հպարտ եմ և ուրախ եմ, որ այսօր Երևանում եմ և սույնով իմ հարգանքի տուրքն եմ մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին և ուզում եմ հատուկ շեշտել, որ այս մասնակցությունը նշան է այն բանի, որ մենք կիսում ենք ընդհանուր արժեքները՝ կապված մարդու իրավունքների հետ և այդ տեսանկյունից շատ հպարտ եմ և ուրախ»:
Հայոց ցեղասպանության իրավական հարթակում միջազգային ճանաչման խնդրի համար Պիեռ Օլիվիեն ասել է.«Կարծում եմ, որ իրավական գնահատականը այս հարցի շուրջ շատ կարևոր է և կարևոր է, որ հարցի բարձրացումը և ներկայացումը հենց իրավական կողմով լինի, ուստի և այս դաշտում է և շատ կարևոր է կապը նաև պատմության հետ»:

Հարցին, թե ճանաչելով այս ցեղասպանությունը, հնարավո՞ր է կանխարգելել այլ ցեղասպանություններ պարոն Օլիվիեն հաստատել է՝ ասելով, որ «Միանշանակ համոզված եմ, որ դա այդպես էլ կլինի և մենք այսօր ներկայացնում ենք մի սերունդ, որը ցեղասպանություն տեսած և պատերազմներին հաջորդող սերնդի ներկայացուցիչ ենք և այդ տեսանկյունից համոզված եմ, որ դա այդպես էլ կլինի»:

Advocates.am-ի համաձայն, միջոցառման ընթացքում Ցեղասպանության պատմաիրավական հիմքերի մասին խոսել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Զինավոր Մեղրյանը. «Ճանաչման իրավապատմական հետևանքները. Հայոց ցեղասպանությունը 100 տարի անց» զեկույցով: Բացի բարոյական պահանջատիրությունից ներկայացվել է նաև խնդրի իրավական կողմը:«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար անհրաժեշտ իրավական փաթեթը մշտապես եղել է Հայաստանի համապատասխան պետական գերատեսչությունների, փորձագետների և միջազգային իրավունքի մասնագետների ուշադրության կենտրոնում»:

Նախաձեռնություն է տարվում ոչ միայն դատապարտման, այլև նման ոճիրների կանխարգելման համար:«Մարդկության դեմ գործած հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Սակայն այս տարելիցը նոր հանգրվան է, որից այն կողմ Հայաստանը իր ուսերին ավելի մեծ պատասխանատվություն է վերցնում: Այսպես կոչված՝ բարոյական իրավունք՝ պայքարելու համայն մարդկության ավելի լավ ու անվտանգ ապագայի համար: Մենք նախաձեռնում ենք սպանությունների դեմ պայքարի միջազգային նոր շարժում: Այն հիմնված է լինելու արդեն իսկ գործած հանցանքների ճանաչման ու դատապարտման վրա և ուղղված՝ ապագայում ցեղասպանությունները կանխարգելելուն: Դատապարտում և կանխարգելում: Ահա այն առաքելությունը, որ Հայաստանը վերցնում է իր վրա, և որին պատրաստ են աջակցել աշխարհի շատ երկրներ ու ազդեցիկ կառույցներ»:

Փաստաբան Տարոն Սիմոնյանն էլ խոսել է Հայոց ցեղասպանության միջազգային իրավական պատասխանատվության հիմքերի ու մեխանիզմների մասին և մասնավորապես նշել տարբեր երկրների հետ համագործակցելու, միջոցներ ձեռնարկելու և իրավական նորմեր ընդունելու խնդիրները: Փաստաբանների պաշտոնական կայքէջի համաձայն, նշվեց պատմական իրադարձությունների արդյունքում ընդունված տարբեր փաստաթղթերի մասին: «1915 թ.-ի մայիսի 24-ին Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները գրավոր ձևով դիմել են Օսմանյան կայսրության ղեկավարությանը՝ պահանջելով վերջ դնել մարդկության դեմ ուղղված հանցագործությանը: Առաջին անգամ այս արտահայտությունն այդ փաստաթղթում է ամրագրվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930