Լրահոս
Օրվա լրահոսը

Աքսորյալը (պատմվածք)

Ապրիլ 24,2015 14:35

Նա մեծ աչքերն ուներ, որոնք խորհրդավոր ու կատաղի փայլում էին, երբ զայրանում էր: Գլուխը սովորականից զգալիորեն մեծ էր, քան սովորական մահկանացուներինը և միշտ խնամքով սափրված: Դեմքը կլորիկ էր, թշերը կարմիր: Մռայլվելիս դեմքին երկու կողմից ակոսներ էին առաջանում, իսկ ժպտալիս՝ անսովոր կարմրում էր, հեռախոսով խոսելիս էլ աչքերը անընդհատ թարթում էր արագ-արագ:

Գեր ու կարճահասակ մարմինը կոճղի պես հաստ ու ամուր էր, ձեռքերը իրենց խոշորությամբ էքսկավատորի շերեփ էին հիշեցնում:

Աշխատանքի գալիս սովորություն ուներ ուշանալու, իսկ աշխատանքից տուն էր գնում դեռ աշխատանքային օրը չվերջացած: Բաժնի պետը դրան մատների արանքով էր նայում և երբեք չէր զգուշացնում դրա համար: Խոշոր գլուխը ծածկում էր կանաչ վիլյուրե լայնեզր գլխարկով, որի տակից ընդգծված երևում էր հաստլիկ ու ճարպոտ երկթմբանի վիզը:

Հաճախ զարմանալի անհոգ ու թեթևամիտ էր դառնում, կարծես քսան տարի չէր տառապել խորհրդային բանտերում և աքսորներում: Ստամոքսի խոցային հիվանդություն ուներ և խստագույն դիետա էր պահում. չէր ծխում, չէր խմում:

Երվանդ Արամիչը կյանքում շատ բան էր տեսել ու լսել: Բայց մի օր աշխատակցուհի տիկին Մարգոն միամտորեն ասաց.

-Երվանդ Արամիչ, ձեր դեմքից իսկի չի երևում, որ դուք աքսորում եք եղել…

Նա այնպես զայրացավ, որ դեմքի մկանները չափից ավելի ձգվեցին, աչքերը լայնացան, ատամները կրճտացին, թշերը կարմրեցին:

-Չէի ուզենա, որ իմ փոխարեն դուք այնտեղ լինեիք,-ասաց Արամիչը ու կարմրեց, լռեց:

Կարծում եմ, որ եթե տիկին Մարգոյի փոխարեն այդ բանը որևէ տղամարդ ասած լիներ, ապա նա այնպիսի ապտակ կստանար, որ ամբողջ կյանքում չէր մոռանա, իսկ վատագույն դեպքում նրա վրա կթռչեր թանաքածծիչի մարմարյա ծանր տակդիրը:

Արամիչը բաժնի երիտասարդ աշխատակից Գևորգի նկատմամբ շատ սիրալիր էր և հայրական գորովանքով էր շրջապատում նրան: Գուցե նրանից էր, որ նա իր պապի անվանակիցն էր: Չեմ կարող հաստատել, բայց նաև բացառել: Հաճախ էր սիրտը նրա առջև բացում, պատմություններ անում աքսորի կյանքից, որտեղ երեք անգամ մահից էր խուսափել:

Նա հարգալից և ուշադիր էր գործարանի տարբեր ցեխերից բաժին եկած բանվորների նկատմամբ, առավելագույնս ցանկանում էր բավարարել նրանց առանց այն էլ` չնչին պահանջները: Երվանդ Արամիչը դյուրագրգիռ բնավորություն ուներ, որի պատճառով շուտ վիրավորվում էր, հաճախ էլ դուրս գալիս ափերից: Իրեն նաև ավելի բարձր էր դասում, քան իրականում կար: Սկզբունքային ու վճռական էր, կոնկրետ` իր որոշումներում: Նա միշտ խոստանում էր, որ լավ գործի անցնելու դեպքում Գևորգին իր մոտ աշխատանքի կտանի անպայման:

-Ախր ժամանակին ես բարձր դիրքեր եմ գրավել, հիմա բերել, նստեցրել են այս տաղտուկ աթոռին,-հաճախ նեղսրտում էր նա:

Այդ բաժնում էր աշխատում նաև մի նախկին թոշակառու «կագեբեշնիկ», ինչպես կնքել էր նրան Երվանդ Արամիչը: Բաժնում շախմատ խաղալը հարգի էր, և Արամիչը հաճախ էր Գևորգի հետ մարտի բռնվում, չնայած թույլ էր խաղում, բայց չէր սիրում պարտվել, որից և շատ էր զայրանում: Հատկապես չէր հանդուրժում պարտությունը իր քաղաքական հակառակորդից ՊԱԿ-ի նախկին աշխատակցից:

Հենց սկզբից էլ Երվանդ Արամիչը հակակրանք էր տածում այդ մարդու նկատմամբ: Բնականաբար, դժվար էր նախկին աքսորականի և պետական անվտանգության գործակալի իրար կողքի խաղաղ գոյակցելը: Բայց Արամիչը ըմբռնումով էր մոտենում իրավիճակին և հաճախ ասում.

-Այս մարդը ի՞նչ մեղք ուներ, հրամայել են, կատարել է, չկատարեր, իրեն կտանեին իմ տեղը: Վերջիվերջո կգտնվեին հրաման կատարող տականքներ:

Սակայն նրա սրտի խորքում ատելությունը եռում էր, ու մի օր էլ այն ժայթքեց հրաբխի պես:

Նրանք երկուսով սովորականի նման աշխատանքի ժամին շախմատ էին խաղում, իսկ Գևորգը գործերով էր զբաղված: Խաղի հենց սկզբում վեճ ծագեց հակառակորդ զինվորների հարվածի տակով անցնելու կանոնի շուրջ: Արամիչը, իմանալով խաղի ճիշտ կանոնը, հարվածել էր հակառակորդի զինվորին, իսկ անվտանգության մայորը, երկար տարիներ շախմատ խաղալով հանդերձ, չէր իմացել այդ հասարակ կանոնը: Վեճը հարթելու համար կողմերը դիմեցին Գևորգին: Արամիչը ճիշտ էր, և վեճը լուծվեց նրա օգտին, որը, սակայն, դուր չեկավ մայորին, և անհարկի կոպիտ արտահայտություն թույլ տվեց երիտասարդ Գևորգի հասցեին` դատավորի դերը ստանձնելու համար: Գևորգը չարձագանքեց նրա ասածին` հարգելով նրա տարիքը: Բայց Արամիչին այդ դուր չեկավ, և կատարվեց անսպասելի-սպասելին:

-Տո, հիմար, ապուշի մեկը, բավական է` շահագործես այս երիտասարդի համեստությունը, հիմա շախմատը գլխովդ կտամ,-գոռաց նա և շախմատի ծանր տախտակի երկու ծայրից դեպի վեր բարձրացնելով` խաղաքարերի հետ միասին շրմփացրեց մայորի դեմքին:

Վերջինս չհասցրեց արտասանել նույնիսկ «ու՞մ գլխին կտաս» արտահայտությունը: Շախմատի տախտակը` իր քարերով հանդերձ, դիպչելով մայորի երեսին վայր ընկավ, իսկ խաղաքարերը թափվելով հատակին ցաք ու ցրիվ եղան և սկսեցին այս ու այն կողմ գլորվել: Արամիչը չբավարարվեց դրանով և անցավ սեղանի մյուս կողմը` ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու նպատակով: Գնահատելով իրավիճակի սրությունը` Գևորգը արագ կողմնորոշվեց և հայտնվեց նրանց երկուսի միջև, իսկ տիկին Մարգոն սարսափահար դուրս փախավ սենյակից:

-Սրիկա, մարդակեր բորենի, քանի՞ քանիսի գլուխը կերած կլինես, ողջ-ողջ կուլ կտամ, բայց ձեռքերս չեմ ուզում կեղտոտել քո սև արյունով,-գոռում էր Արամիչը:

-Քեզ նմաններին այդպես էլ պետք էր,-ֆշշացնում էր մայորը և փորձում նախահարձակ լինել:

Աղմուկի վրա աշխատասենյակ ներխուժեցին հարևան բաժնի աշխատակիցները և վերջինիս դուրս տարան, իսկ Գևորգը մնաց սենյակում` Արամիչին հորդորելու և հանգստացնելու առաքելությամբ:

-Իզուր էլ ինձ բռնեցիր, թողնեիր` սատկացնեի, ջհանդամը, թե մի տասը տարի էլ նորից կնստեի,-ասաց Արամիչը, հետո ժպտաց, խոր շունչ քաշեց ու միանգամից փոխվեց, կարծես ոչինչ էլ չէր պատահել:

Գևորգը զարմացած էր նրա արագ կերպարանափոխվելու ընդունակությունից:

Երեք ամիս անց Երվանդ Արամիչը իր հաշիվները փակեց այդ հիմնարկի հետ և անցավ այլ աշխատանքի:

 

***

Անցել էր բավական երկար ժամանակ, երբ մի օր պատահաբար քաղաքի կենտրոնական փողոցում հանդիպեցին Երվանդ Արամիչը և Գևորգը, ողջագուրվելուց հետո նա Գևորգին տուն հրավիրեց` ասելով.

-Արի՛, արի՛, մի տես, թե այդ սրիկաները որտեղ են ապրելիս եղել:

Սրիկաները, դրանք նախկին վարչակարգի չինովնիկներն էին, որոնց օրոք Արամիչը կյանքի մի մասը աքսորներում էր անցկացրել:

Գևորգը չկարողացավ մերժել նրան և հնազանդվեց: Բնակարանը գտնվում էր Աբովյան փողոցի նախկին կենտրոնական բանկի շենքի երրորդ հարկում: Լայն, երկար միջանցքը նրանց տարավ ընդարձակ և լուսավոր սրահը, որտեղ երկաթյա դռներից մեկի առջև կանգ առավ Արամիչը:

-Տեսնո՞ւմ ես` այդ ավազակները ոնց են պաշտպանվել ժողովրդից,-ժպտալով ասաց նա` ցույց տալով երկաթյա ճաղերի hետևում բացվող ծանր դուռը,-բանկի նախկին կառավարիչ է ապրել, երբ ինձ արդարացրին, այս բնակարանը ինձ հատկացրին,- գրպանից հանելով բանալիների խուրձը, ասաց նա և դանդաղորեն բացեց դուռը` Գևորգին ներս հրավիրելով:

-Դե, ահա և իմ կացարանը, կինս աշխատանքի է գնացել, մենք երևի մի բան կգտնենք ուտելու համար և կզրուցենք, մի փոքր էլ կնշենք մեր հանդիպումը,-շարունակեց նա:

Սենյակները փայլում էին մաքրությունից, ամեն ինչ իր տեղում էր, գեղեցիկ ձևավորված և դասավորված, զգացվում էր հոգատար ձեռքի առկայությունը, տանտիկնոջ բարձր ճաշակը:

-Երվանդ Արամիչ, ոչինչ պետք չէ,-սրտնեղեց Գևորգը:

-Ինչպե՞ս կարելի է, առաջին անգամ մեր տուն ես եկել և քեզ նման պատվավոր հյուրին գոնե մի փոքր չհյուրասիրե՞մ:

Արամիչը արագ հանեց կոստյումը, հագավ տնային հարմարավետ խալաթը, փռնչալով լվացվեց վաննայում, Գևորգին էլ առաջարկելով նույնը կատարել, ապա գնաց խոհանոց:

Շուտով սեղանին հայտնվեցին թարմ վարունգը, լոլիկը, տարբեր տեսակի կանաչիները, ամառային ապուրը և, իհարկե, մի շիշ օղին:

Արամիչը տնքալով տեղավորվեց սեղանի մոտ, լցրեց օղու բաժակները, վերցրեց իր բաժակը ու հանդիսավոր տոնով ասաց.

-Դե, բարով ես եկել մեր տուն, խմենք, չնայած ստամոքսի խոց ունեմ, բայց քեզ նման հարգարժան հյուրի պատվին կարելի է մի փոքր խախտել դիետան,-ասաց նա, բաժակը վեր բարձրացրեց ու “ողջ լինենք” ասելով` այն տարավ շուրթերին:

Գևորգը ինքնաբերաբար հետևեց նրա օրինակին և քիչ հետո զգաց թունդ օղու և իր դատարկ ստամոքսի դաժան պայքարի գործընթացը: Գլուխն ու մարմինը զգացին օղու դուրեկան ջերմության տարածումը: Հիշեց, որ վաղուց ալկոհոլ չէր օգտագործել:

-Այ, տեսնու՞մ ես, թե ինչ վատ է, որ հաճախ չենք օգտագործում այս խմիչքը, արդեն գլուխս պտտվում է այս մի կաթիլից,-ասաց Արամիչը և ախորժակով սկսեց վայելել տաք ճաշը:

Գևորգը չէր ուզում ցույց տալ, որ իր գլուխն էլ պակաս չի պտտվում, և ուտում էր ճաշը` հետագա վատ հետևանքներից խուսափելու համար:

Եվս երկու անգամ էլ նա Գևորգին ստիպեց` օղու բաժակը դատարկելու, ինքը ձեռնպահ մնալով: Ճաշի ընթացքում նա զրուցում էր և հիշում աքսորի դաժան օրերի դրվագները:

Լսում էր Գևորգը ու ափսոսում, որ այս մարդը իր երիտասարդ տարիների կյանքը խորհրդային աքսորներում և բանտերում է մաշել:

Հետո Երվանդ Արամիչը Գևորգին ուղեկցեց մինչև աստիճանավանդակ ու սպասեց, մինչև, որ նա շքամուտքից դուրս գա փողոց:

Իսկ Գևորգի գինովցած գլխում դեգերում էին թարմ հիշողությունների պատառիկները` Երվանդ Արամիչի պատմություններից՝ հեռավոր աքսորների մասին: Այդպիսին է կյանքը:

 

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930