Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարի. «Մսաղաց»

Ապրիլ 24,2015 14:05

 Մամուլում օրերս լուրեր են սպրդում, որ կալանավայրերում վարչակազմի թողտվությամբ քաղբանտարկյալների՝ հատկապես Գևորգ Սաֆարյանի նկատմամբ ճնշումներ են բանեցվում: Քանի որ ՔԿՀ –ները հիմնականում փակ են լրագրողական հանրության առջև և հնարավոր չէ ստույգ տեղեկություններ ստանալ, ուստի մենք կալանավայրերի իրավիճակի մասին որպես տեղեկատվություն հրապարակում ենք նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի ՖԲ էջում հրապարակված հոդվածը:

Դեռ մարտի 1-ից լինելով հացադուլի մեջ՝ այդպես էլ ինձ տեղափոխեցին «Նուբարաշեն», եւ որպես հացադուլավորի՝ ինձ փոխադրեցին հացադուլի 04 խուց, որը գտնվում է նկուղային հարկում: Այդ խցում էր ոմն Տիգրան Թադեւոսյանը, որը իբր 50 օր էր, որ հացադուլի մեջ էր: Հետո իմացա բազմակի դատված հանցագործներից է:

Խուց մտնելուն պես Տիկոն հարցրեց` փող ունե՞մ արդյոք:

Հարցրի՝ ինչի՞ համար.

Պատասխանեց՝ վիտամինի հաբեր գնելու համար…

Որպես նորեկի իմ այդ խուց փոխադրվելու լուրը շուտով հասավ «պալաժենիա» (բերդի ամեն ելումուտի ինֆորմացիան ամենայն ճշգրտությամբ փոխանցվում է «պալաժենիա»). ուստիեւ հարցում արին , որ արդյոք ծխո՞ւմ եմ: Տիկոն ուզեց ասեմ` հա, որ ծխախոտի իմ բաժինն էլ վերցնի. Ես էլ թարսի պես ճիշտը ասացի, որ չեմ ծխում. էդտեղից էլ սկսվեց իմ եւ Տիկոյի եւ ընդհանրապես գողականների ջրբաժանը, ինչու չէ նաեւ անհամատեղելիության պրոբլեմը: Դրանից հետո սկսվեց բարիկադավորումը. Ես մնացել էի մեն մենակ քրեական հանցագործների եւ մարտի 1-ի սպանդն իրականացրած ռեժիմի ներկայացուցիչների արանքը, ընդ որում դրանց փաստացի միասնական գործունեության դաշտում: Դեռ միջանցքում տեսել էի, որ զոն նայողը կոկիկ (կասեի տոնական) հագնված, բջջային հեռախոսը ձեռքին, օրը ցերեկով անարգել շրջում էր միջանցքով, նայում խցերը…

Իմ ներկայությունը շատ շուտ դարձավ անտանելի Տիկոյի համար եւ նա որոշեց ինձ լարել, հեռացնել իր տնից: Ես, իհարկե, հետո գլխի ընկա… Ասեմ նաեւ, որ պրոֆեսիոնալ հանցագործները կալանավայրը իրենց տունն են համարում, մի տեսակ վերամբարձ տոնով սկսնակ հանցագործներին ասում են. «Հլը լսի, քեզ նորմալ պահի, դու դեռ տուն պիտի գնաս, իսկ ես արդեն եկել եմ իմ տունը…»:

Իմ ներկայությունը խանգարում էր Տիկոյի` գաղտնի սնվելուն եւ ընդհանրապես ապրելակերպին: Ուստի եւ ամեն տեղ ու անտեղի առիթով վեճ էր հրահրում, ինձ պահում մշտական լարվածության մեջ: Պահանջում էր թերթ չկարդամ, քանի որ շխկ-շխկում է. չգրեմ, քանի որ խրթ-խրթում է. չհազամ, քանի որ դրա ձայնը խանգարում է իրեն… ինքը ցերեկը քնում էր, գիշերը խանգարում` չթողնելով, որ ես քնեմ: (Ի դեպ կալանավայրում այդպես է` ցերեկը քնում են, գիշերը մնում արթուն: Իբր գիշերը հսկողությունը թույլ է, ղումար են անում , բջջային հեռախոսից օգտվում եւ այլն):

Անընդհատ լարվածության մեծացումը այնտեղ էր հասցրել, որ … արդեն ես նկատեցի 2 կամ 3 օր է, որ չեմ քնել. ցերեկը սովորություն չունեմ քնել, իսկ գիշերը փաստացի չէր թողնում քնեի… Այդպես 2-3 օր ոնց որ էր ձգեցի, սակայն 3-րդ օրը բողոքեցի եւ պահանջեցի ինձ տեղափոխել այլ խուց: Երեկոյան խուց մտավ բերդի պետի տեղակալը, եւ հայտնեց. «Ինչ անենք, սա է մեր հնարավորությունը»: Դա պարզ ազդանշան էր Տիկոյին, որ ինչ ուզի կարող է անի. իրեն բան ասող չի լինի:

Արդեն չեմ հիշում` քանիերորդ օր ու գիշերն էր, որ շարունակվում էր մղձավանջը… Եթե հանկարծ աչքս կպնում էր, մեկ էլ տեսնում էի Տիկոն մի բան շպրտում է ինձ վրա, կամ սուս ու փուս եկել, կանգնել է գլխիս` ցույց տալով, որ այդպես աննկատ կարող է մոտենալ եւ իր ուզածն անել: Սպառնում էր , որ ինչպես որ է սպանելու է ինձ` էլեկտրահարելով, խեղդելով, թե…

Ասեմ, որ մինչ այդ էլ նրա համառ փորձերը ինձ ղումարի մեջ քաշելու հարցում անհաջողության էին մատնված եւ ինքը խիստ զայրացած էր նաեւ դրանից: Պարտատիրոջ լկտիությամբ վրա-վրա կրկնում, պահանջում էր, որ ասա տնից փող բերեն…

Այսպիսի անելանելի իրավիճակում ես ընդամենը դիմումներ էի գրում կալանավայրի պետին , ՄԻՊ-ին եւ… Իսկ «գրելը», այսինքն «բողոք գրելը» կալանավայրում անվանում են բ…ություն, որի համար նախատեսված է ամենախիստ պատիժը: Ուրեմն Տիկոն արդեն արտոնված էր պատիժն ի կատար ածեր:

Ինքը պարբերաբար կանչում էր հսկիչին , նրա միջոցով փոխանցում էր «քսիվ» (գրություն) խցի, իմ, եւ իրավիճակի մասին, եւ ստանում համապատասխան ցուցումներ «պալաժենիայից»… Անընդհատ կրկնում էր, որ հեսա գալու են «իմ հարցերը լուծեն»…

Մութն ընկնելով չքանում էր ցերեկվա ձեւական կարգ ու կանոնը. ավելի ուշ արդեն տիրում էր կատարյալ անտերությունը: Միջանցքից լսվում էին անսովոր, արտառոց անց ու դարձի ձայներ, աղմուկ, որը գնալով ավելի էր ուժգնանում: Լսվում էր շատ բարձր ձայնով փողոցային թուրքական, արաբական երաժշտության վայնասունը (երեւի այլ ձայները խլացնելու համար էին այդպես անում): Միջանցքում ոնց որ ինչ որ մարդիկ ռազբիրատ էին անում, հայհոյում, գոռգոռում էին: Երբեմն ձայներն այնքան մոտիկ էին, որ թվում էր հենց խուցի դռան հետեւը ինչ որ մեկի դաժան բռնության են ենթարկում: Ամենից շատ լսվում էր «կմորթեմ, կմորթեմ» հիստերիկ գոռգոռոցը: Մերթ ընդ մերթ քացով խփում էին դռանը` այնպես ուժգին, որ ամեն վայրկյան թվում էր դուռը կբացվի եւ ներս կխուժեն »կմորթեմ, կմորթեմ» գոռացողները…

Ամեն ինչ պարզ էր արդեն. լուրը հասել էր զոն նայողին, որ ես հանդգնում եմ չենթարկվել գողական բերդի կանոններին:

Իմ ամբողջ ջանքերը Տիկոյից (եւ գողական համակարգից) հեռու մնալու կապակցությամբ ընդամենը մի քիչ հետաձգեցին իրադարձությունների զարգացումը: Ի վերջո, մարտի 11-ի լույս 12- ի գիշերը Տիկոյի դուխը հերիքեց իր սպառնալիքները ուղղակի իրագործելու իմաստով:

Գիշերները ընդհանրապես երեւի ավելի հանգիստ էր խմում թեյ , վիտամինի հաբեր եւ այլն. ավելի էր աշխուժանում, ավելի ագրեսիվ դառնում…

Ասեմ, որ արդեն ձախողվել էր նրա հերթական, ամենաստոր սպառնալիքներից եւ ահաբեկման փորձերից մեկը, այն որ, որպես տղամարդու իբր փչացնելու են ինձ: «Կնիկդ էլ , որ իմանա սրա -նրա սաղի … -ն ես ծծում, կզզվի քեզնից, կթողնի կգնա. հետո տեսնեմ …»

Ես փորձում էի ձեռնպահ մնալ նրա հետ որևէ կոնտակտից, փորձում էի տարածություն պահել նրա հետ, ինչը Տիկոն գնահատում էր, որպես արհամարհական վերաբերմունք իր նկատմամբ, որից եւ ավելի էր գազազում:

Նրա ինտրիգներից մեկն էլ այն էր, որ ներկայանում էր , որպես թոքախտավոր. Գազազած վեճի, քաշքշուկի սադրելիս 1-2 անգամ թքեց ինձ վրա, ջուրը ողողեց բերնում եւ թափեց ինձ վրա` ցինիկաբար հռհռալով, որ ես էլ արդեն վարակվել եմ թոքախտով, եւ որ երբեք էլ չեմ կարողանալու գրկեմ համբուրեմ որդուս: Ի դեպ, այս բոլոր կտտանքների մասին ես բողոքեցի նաեւ դատարանում` իմ դատաքննության ժամանակ, ինչը ըստ քրեական օրենսգրքի դատավորը պարտավոր էր անդրադառնալ եւ քննության նշանակեր: Սակայն ոչ դատարանը հետաքրքրվեց այդ հարցով, ոչ էլ մենք կարողացանք ըստ արժանվույնս զբաղվել քաղբանտարկյալներին խոշտանգումների ենթարկելու հարցերով:

Ինչեւէ: Մարտի 11-ի լույս 12-ի գիշերը Տիկոն ավելի գազազած եւ ագրեսիվ էր եւ արագ սադրեց, հրահրեց հերթական վեճը: Տեսնելով իմ պասիվությունը`մոտեցավ բռնեց շորերիցս, փորձեց քարշ տալով ինձ »հանել» խցից: Ասեմ, որ դա կալանավորի կապիտուլյացիայի իրավիճակ է, երբ ինքը մոտենում, խփում, թակում է դուռը, եւ խցի դուռը բացվելուն պես կալանավորը իրեն դուրս է նետում: Այսպիսի կալանավորը ամբողջ բերդում հայտնի է դառնում, որպես կոտրված, ոչնչացված, եւ իրեն հետ բոլորը , որպես այդպիսին են վերաբերվում:

Տիկոյի հարձակումները ինձ վրա տեւեց մի քանի ժամ: Մերթ սաստկանում, մերթ հանդարտվում էր: Ես ոչ միայն փորձում էի պաշտպանվել, այլ նաեւ փորձում էի հանկարծ չվնասեմ նրան: Պարզ է, քաղաքի կենտրոնում հեչի համար ես մեղադրվում էի ոստիկանին քաշքշելու մեջ, վայ որ մի փալասի վրա ձեռք բարձրացրած լինեի` էն էլ ավազակապետության միջնաբերդում:

Տիկոն բռունցքներով, եւ քաշքշելով արդյունքների չհասնելով, վազեց վերցրեց «երկարացման շնուրը» կաբելը. նախ փորձեց այն գցի իմ պարանոցը եւ ինձ խեղդի: Դա իր ուժերից վեր նկատելով, կաբելը մի քանի տակ արեց, եւ այն թափով ֆռռացնելով, փորձեց կաբելի ծայրի «տրայնիկով» հարվածներ հասցնել իմ գլխին…

Քիչ անց ես կարողացա նրա ձեռքից քաշել, վերցնել կաբելը, եւ այն մի կողմ շպրտեցի: Դրանից հետո նա իր շալվարի ներսից հանեց ինքնաշեն դանակը, եւ սկսեց թափահարել իմ դեմքի եւ որովայնի կողմերը…

Այս ամբողջ ընթացքում , ոչ այս քաշքշուկից, ոչ էլ Տիկոյի գազազած վայնասունից ոչ մի հսկիչ չմոտեցավ, այն դեպքում, որ երբ պետք էր լինում Տիկոյին` նույնիսկ կամաց ձայնով հսկիչին կանչելիս, նա սահուն, շտապ գալիս, մոտենում էր:

Այդ քաշքշուկը ինչքան տեւեց, չեմ կարող ասել. գրեթե այդպես անցավ ողջ գիշերը… երբ ես նկատեցի աստիճանաբար բացվում է լույսը, այսինքն` արդեն անցել էր անտեր անտերության պիկը:

Ոնց որ էր չգիտեմ… մի կերպ պատրաստեցի դիմումս եւ ժամը 10-ին` ամենօրյա «պրավերկայի» ժամանակ այն հանձնեցի:

Քիչ անց ինձ տարան հերթապահ մաս, բացատրություն վերցնելու: Ի դեպ, ես նկարագրեցի միայն ֆիզիկական բռնության փաստերը (դե հոգեբանական բռնությունները շատ ավելի դժվար է ապացուցել): Իսկ ֆիզիկական բռնությունները նույնիսկ նորմալ չգրանցեցին… Օրինակ` Տիկոյի ձեռքի ծխախոտը քաշքշուկի ժամանակ այրել էր ձեռքիս դաստակի մասում մաշկը, սակայն դա նույնիսկ չգրանցեցին: Դե դատաբժշկական քննության եւ էդ բաների մասին դեռ չգիտեի, նաեւ այն, որ դեռ 2008 թվի մարտ ամիսն էր` օրենքներն ավելի անզոր էին:

Ինձանից բացատրություն վերցնելուց հետո խուզարկեցին խուցը, եւ հայտնաբերվեց 50 օրյա հացադուլավոր Տիկոյի օգտագործման թաքցրած թեյը , շաքարավազը, եւ այլն: Բայց իմ բողոքը ոչ մի հետևանք չունեցավ… Ավելին՝ նույնիսկ դատարանում վերոհիշյալը նշելիս և բողոքելիս, դատավորն ասաց , որ «իմ մեմուարները իրեն չեն հետաքրքրում…»

Այնուամենայնիվ ինձ այդ խցում թողեցին եւս մեկ օր, իսկ մարտի 14-ին փոխադրեցին այլ խուց, դա «Նուբարաշենի» 5-րդ հարկում գտնվող ցմահ դատապարտվածների բաժին՝ N 79 խուցն էր, որտեղ ես արդեն մենակ էի: Մենակ, հարաբերական անդորր …մասնավորապես արդեն չկար փողոցային երաժշտության վայնասունը:

Ես մարտի 14-ի գիշերը շատ լավ եմ հիշում, որովհետեւ հաջորդ օրը առավոտյան քնից արթնանալով ես հիշեցի եւ նկատեցի, որ N 04 խցի նկարագրված պայմաններում ես մեկ շաբաթ չէի քնել, կամ համարյա չէի քնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930