Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հատուցում» պահանջող եվրոպացի երիտասարդները չեն վախենում հայտնվել Ադրբեջանի «սև ցուցակում»

Ապրիլ 24,2015 13:51

«Գիտեմ, որ Ադրբեջանի կառավարությունն ունի «սև ցուցակ», բայց չեմ կարծում, որ ես կընկնեմ այդ ցուցակ: Անգամ եթե հայտնվեմ այնտեղ, հոգ չէ, քանի որ դա կաշխատի ընդդեմ Ադրբեջանի կառավարության և իշխող կուսակցության»,-Aravot.am-ի հարցին` չի՞ վախենում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցից հետո կհայտնվի Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում», այսպես պատասխանեց «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) նախագահ Խավիեր Ուրտադո Միրան:

Խավիեր Ուրտադո Միրա

Տեղեկացնենք, որ DEMYC-ի խորհրդի` 16 երկրից ժամանած 50 երիտասարդներ ապրիլի 24-ի հավաքին քննարկեցին Հայոց ցեղասպանության թեման։

Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական ծառայության ղեկավար, միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը եվրոպացի երիտասարդ քաղաքական գործիչներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության հարցն իրավական հարթության մեջ, անդրադարձավ ցեղասպանությունների կանխարգելմանը։

Խավիեր Ուրտադո Միրան նշեց, թե իրենց կազմակերպությունը, որն աշխատում է մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ոլորտում, չէր կարող անմասն մնալ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից ու մանրամասնեց. «Ադրբեջանն ունի հնարավորություն ներգրավվելու այս գործընթացներում և համագործակցել մեզ հետ: Մենք շուրջ 50 տարվա փորձ ունենք և հուսով եմ՝ կնպաստենք խնդրի կարգավորմանը:Ադրբեջանը մեզ մոտ ներկայացված է հետազոտող անդամների մակարդակով, որոնք չունեն քվեարկության իրավունք: Իսկ ՀՀ-ն ներկայացված է փոխնախագահի պաշտոնով, զբաղվում է ՀՀ իշխող կուսակցության ներկայացուցիչ Լիլիթ Բեգլարյանը»:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ ևս DEMYC-ի նախագահն ունի հստակ դիրքորոշում. «Օսմանյան կայսրությունը բնաջնջել է 1.5 միլիոն հայերի 100 տարի առաջ, և դա ցեղասպանություն է: Ես չեմ վախենում դա ասել, թեև ունեմ բազում թուրք ընկերներ Էրդողանի` իշխող կուսակցությունից, որոնք մշտապես ինձ հրավիրում են Թուրքիա: Կարծում եմ`իրենք պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը և կարողանան իրական համագործակցություն ծավալել, մանավանդ որ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց ֆուտբոլային դիվանագիտությունը, ուստի այլևս գնդակը Թուրքիայի դաշտում է»:

Նշենք, որ Թուրքիան DEMYC-ի անդամ չէ, քանի որ նման ցանկություն չի հայտնել: Կազմակերպության նախագահը նշեց, թե առաջիկայում ծրագիր են ցանկանում նախաձեռնել Ադրբեջանում, և ցանկացած խոչընդոտ աշխատելու է ընդդեմ այդ երկրի:

Պավլոս Կոնստաս

DEMYC-ի գլխավոր քարտուղար, Հունաստանի ներկայացուցիչ Պավլոս Կոնստասը շեշտեց, որ իրենց այցի նպատակն է հիշատակել բոլոր անմեղ զոհերի հիշատակը, ուստի նախաձեռնելու են տեսահոլովակի նկարահանում, որով պահանջելու են «ճանաչում և հատուցում»: Հունաստանի ներկայացուցիչը հավելեց. «Ես էլ հույն եմ, և գիտեք, որ հայ եղբայրների հետ հազարավոր հույներ էլ են կոտորվել: Ուստի այժմ ունեմ այն պահանջատիրական զգացումն, ինչ դուք` հայերդ»:

Պավլոս Կոնստասը չի բացառում, որ թեև ողջ միջազգային հանրությունը, Հռոմի պապը, Ավստրիան, Գերմանիան այլ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն Թուրքիան կդիմի մանևրի. «Չեմ կարող ասել`ինչպես է մանևրելու, բայց մի բան հստակ է, որ միջազգային հանրության ճնշումը Թուրքիայի վրա ահռելի է»:

«Երիտասարդ Լիկուդ»-ի (Young Likud) անդամ, Իսրայելը ներկայացնող Մորան Փելեգը ևս կարծում է, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ այդ փաստը ճանաչել է աշխարհի երկրների մեծամասնությունը:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930