Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատմությունը չի մեռնիր». Արամ Ա կաթողիկոսի համագյուղացի (Տեսանյութ) 

Ապրիլ 24,2015 13:36

Սիլվա Թորոսյանը ակունքներով Կիլիկիայի մոտակա գյուղերից է, ապրում է Ավստրալիայում: Նա Ցեղասպանությունը վերապրած ընտանիքից է, այս օրերին Հայաստան է եկել` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100 -ամյակին նվիրված միջոցառումներին:

Aravot.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ 1915 թվականի ապրիլի 15-ին իր հայրը 7 տարեկան էր, երբ թուրքերն իրենց բնակավայրում սկսեցին ջարդերը. «Պապիկս անշուշտ չկար, կորած էր կամ զինվոր գացած էր: Հայրս եւ եղբայրը որբանոց մնացին`կորցնելով բոլոր հարազատներին: Որբանոցին մեջ հայրս ու իր եղբայրը բաժնված են եղել իրարից: Հորս ուղարկած են Բրազիլ, այնտեղեն վերադարձած է Փարիզ, Փարիզեն` Լիբանան, 4-5 երկիր փոխած է: Իր միակ նպատակն այն էր, որ իր զավակները, թոռները հայ մնան»:

Նրա պատմելով՝ հոր ցանկությունն էր, որ ինքը ապրիլի 24-ին Հայաստան այցելի. «Բայց այսօր լաց ու կոծի օր չէ, այլեւս պահանջատիրության օր է: Մենք արդեն արթնացած ենք ու գիտենք` ինչ պետք է անենք: Անցավ լաց ու կոծի օրը, հիմա պետք է պահանջենք ու ստանանք: Այսօր չէ, վաղը մեր սերունդները անպայման մեր նպատակներին կհասնեն: Պետք է ունենանք ազատ, անկախ, միացյալ Հայաստան»:

Մեր հարցին` աշխարհի արձագանքը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում գոհացնո՞ղ է, ասաց` այո. «Վնաս չունի, թող Էրդողանն ու Օբաման ըսեն իրենց ըսածը, բայց մենք էլ մեր գործը գիտենք:

Մեր հարցին, թե տեղյա՞կ է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն կաթողիկոսությանը պատկանող պատմական կալվածքները վերադարձնելու համար պատրաստվում է դիմել ՍԴ, տիկին Թորոսյանը շարունակեց. «Արամ Առաջինն իմ հայրենակիցն է, նույն գյուղեն ենք: Քանի որ Սիսն ու Կիլիկիան կպատկանին Կիլիկիո կաթողիկոսությանը, անանկ, որ Սիսն անպայման պետք է վերադարձվի Կիլիկիո կաթողիկոսությանը: Մենք նրա հետեւորդներն ենք, որ անպայման հասնինք մեր նպատակներուն»:

Մեր հարցին, թե 100 տարի անց ի՞նչ է փոխվել թուրքական քաղաքականության հարցում Հայոց ցեղասպանության ճանաչման առումով, Թուրքիան զիջումների կգնա՞, կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը, մեր զրուցակիցը շարունակեց. «Անշուշտ կճանաչի, պատմությունը չի մեռնիր: Ինքը թող ըսե նույնիսկ պատմաբաններուն թող հանձնինք, հանձնենք պատմաբաններուն, բայց մենք գիտենք` ջարդված ենք, չէ՞: Աշխարհը գիտե` ջարդված ենք: Այսօր քաղաքականությունն այդ է, այդպես են անում, բայց պիտի չկրնան շարունակել: Երբ ըլլա, իրականությունը պիտի մեջտեղ ելլե: Օբաման ալ պիտի ըսե, Անգլիան էլ պիտի ըսե, ու պիտի առաջանանք դեպի Արարատի լեռը»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930