Ապրիլի 23-ի երեկոյան սահմանամերձ Նոյեմբերյանի դպրոցականները, երիտասարդներ, բազմաթիվ նոյեմբերյանցիներ քաղաքի միջնակարգ 2 դպրոցներին հարող տարածքից հորդ անձրեւի տակ վառած մոմերով երթ կատարեցին դեպի քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցի: Երթի մասնակիցները անձրեւանոցներով պատսպարված՝ կարողացան երթի ընթացքում մոմերն անմար պահել:
Ապրիլի 24-ին առավոտյան Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, քաղաքի ավագանու անդամները, Նոյեմբերյանի զորամասի հրամանատար Վահագն Ասատրյանը, Նոյեմբերյանի ոստիկանապետ Արմեն Անտոնյանը, քաղաքի հարյուրավոր բնակիչներ ծաղիկներով այցելեցին Սուրբ Սարգիս եկեղեցու բակում գտնվող բոլոր ժամանակների հայ զոհերի հուշակոթող եւ խոնարհվեցին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը եկեղեցում պատարագ մատուցեց:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ