Գերմանիայի Բունդեսթագի խոսնակ Նորբերթ Լամերթն այսօր Օսմանյան կայսրության կողմից 100 տարի առաջ հայերի իրականացված ջարդն անվանեց ցեղասպանություն. հաղորդում է «Todays Zaman»-ը:
Այսօր Բունդեսթագի 101-րդ նիստը մեկնարկեց Հայոց ցեղասպանության մասին որոշման քննարկմամբ։ Օրակարգում ներառված հարցը կոչվում էր «1915/1916թթ. հայերի զանգվածային սպանություններն ու տեղահանությունները»։
Նիստի սկզբում, դիմելով Բունդեսթագին, Նորբերթ Լամերթը, մասնավորապես, ասել է. «Բունդեսթագը ուշադրություն է հրավիրում պատմական դեպքերի վրա, որոնք Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հետագա հարաբերությունների վրա հետեւանքներ թողեցին։ Ցեղասպանությունը արժանի է խստագույն պատժի։ Այն բնութագրվում է որպես ազգային, էթնիկ, ռասայական եւ կրոնական խմբի ոչնչացում։ Դա այն է, ինչ տեղի ունեցավ ողջ աշխարհի առաջ։ Եվ դա ցեղասպանություն էր»։
Բունդեսթագի խոսնակը հավելել է, որ իրենք չեն կարող որեւէ մեկին իրենց անցյալի հետ հաշվի նստելու վերաբերյալ դասեր տալ. «Բայց մենք կարող ենք մեր սեփական փորձի միջոցով քաջալերել ուրիշներին առերեսվել իրենց պատմությանը, նույնիսկ, երբ այն ցավեցնում է»:
Կարդացեք նաև
Բունդեսթագում Ցեղասպանության վերաբերյալ քննարկումները կշարունակվեն ապրիլի 30-ին
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ