Քանի դեռ Թուրքիան ինքը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, որքան էլ քաղցր-մեղցր լեզու օգտագործի Հայաստանի հետ հարաբերություններում, միեւնույն է, հանցագործ է, իսկ մենք՝ զոհ։
Իսկ հանցագործի ու զոհի հարաբերությունների կարգավորման խնդիրը ենթադրում է նախ՝ անվտանգության միջազգային որոշակի երաշխիքներ առնվազն միջնորդի դեր կատարող գերտերությունների մակարդակով։
Երկրորդ՝ հարաբերությունների նորմալացման եւ սահմանների բացման խնդիրը երբեք չպետք է կախման մեջ դրվի ցեղասպանության հետեւանքով ձեւավորված իրողությունների մեխանիկական ճանաչման առաջադրանքի հետ՝ ինչպես դա սահմանված է 2009 թ. հոկտեմբերի 10-ի հայ-թուրքական արձանագրություններում։
Երրորդ՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Հայաստանը լիակատար իրավունք ունի իր համար որպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման իրավական հիմք դիտարկելու Սահմանադրական դատարանի 2010թ. հունվարյան հայտնի որոշումը։
Նման պայմաններում Հայաստանը կարող է, հիմնվելով Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի վրա, պահանջել, որ երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը եւ սահմանների բացումը իրականացվի մեկ փաստաթղթի հիման վրա, որի ստորագրումը չի ենթադրում որեւէ այլ իրավական հետեւանք՝ փոխադարձ պարտավորություն կամ նախորդ դիրքորոշումներից հրաժարում։
Կարդացեք նաև
Դրա համար մեր դիվանագիտությունը պարտավոր է ուշադրությամբ ուսումնասիրել հետպատերազմյան Գերմանիայի եւ Իսրայելի հարաբերությունների վերականգնման ու զարգացման ողջ պատմությունը եւ դրա ընթացքում ստորագրված փաստաթղթերը դիտարկել նախադեպային իրավունքի դիտանկյունից։
Համաշխարհային պատմության մեջ գերմանա-իսրայելական հարաբերությունների հաստատման պատմությունը ցեղասպան երկրի՝ իր զոհի հանդեպ իրականացված քաղաքականության անկեղծ ու ամբողջական վերանայման միակ դասական օրինակն է արդի միջազգային պրակտիկայում։
2015 թվականի ապրիլի 24-ից հետո հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման խնդիրը Հայաստանի համար ձեռք է բերում սկզբունքորեն նոր իմաստ ու բովանդակություն, ինչը պահանջում է Հայոց ցեղասպանության ճանաչման իրավական հետեւանքների հաշվառում եւ օգտագործում դիվանագիտական պրակտիկայում։
Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում