Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Կարեւորը պահը, ա՛յս պահը, ա՛յս լիցքերը չկորցնելն է. «Ազգ»

Ապրիլ 24,2015 11:15

Արդարեւ, ստուգելու եւ վերստուգելու շատ բան ունենք: Վերջին օրերին մեզ եւ այլոց համար պարզեցինք նորանոր հնարավորություններ, որոնց մասին չէինք մտածել նախապես, ավելի շուտՙ դրանց արդյունքը նախկինում չէինք շոշափել, գիտակցել: Քարոզչական ավանդական միջոցներից անդինՙ տեսանք, օրինակ, շոու բիզնեսի մեր աշխարհահռչակ ներկայացուցիչների, մեր հրաշալի երաժիշտների, հնավանդ մեր մշակույթը նոր մատուցումներով ներկայացնող արվեստագետների, կինոարվեստի նոր դրսեւորումների զարմանալի ազդեցությունը համաշխարհային գիտակցության վրա:

Տեսանք մեր դիվանագիտության, ավելի ճիշտՙ ազգային պետականություն ունենալու առավելությունները, որոնք արդյունք են տալիս այնտեղՙ որտեղ համակցված օգտագործվում են ավանդական մեր կառույցների հնարավորությունների հետ: Զգացինք, որ ազգային մեր գլխավոր հարստությունը մեր պետականությունն է ու գիտակցեցինք միաժամանակ, որ մենքՙ ղեկավարություն եւ ժողովուրդ, դեռ ինչքան բան ունենք անելու նրա հզորացման ու բարգավաճման համար:

Տեսանք նաեւ, որ պաշտպանված արդարությունը- իսկ արդարությունը մի՛շտ էլ կարիք ունի պաշտպանության- կարող է հրաշքներ գործել, թեկուզ բարոյական հողի վրա, հրահրելով բազմամիլիոնավոր մարդկանց գիտակցությունը, արդարության ձգտումը: Դրա ամենավառ օրինակը տվեց Հռոմի պապը, որի խոսքն ու վերաբերումը դարձան բարձրակետը Տարելիցի մեր ու մեր բարեկամների ջանքերի:

Մենքՙ որ սովոր էինք ամեն ապրիլի 24-ի աշխարհի կարեւորագույն լրատվամիջոցներում վճարովի էջեր վարձակալել մեր հայտարարությունները հրապարակելու համար, տեսանքՙ որ նրանցից շատերը այս անգամ ինքնակամ ներկայացնում են մեր Խնդիրը, ի գլուխ ունենալով գերմանական մամուլը, որ անկնկալորեն ստանձնեց այդ երկրում մեր չունեցած լոբբիի դերը:

Տեսանք նաեւ մեր բարեկամ երկրներից ոմանց հաշվենկատությունն ու «արդարասիրական» դրսեւորումները: Ու տեսանք մանավանդ Թուրքիայի ղեկավարության հակազդեցությունները, որոնք նենգ ու նենգամիտ մնացին, սակայն նաեւՙ խեղճ ու գռեհիկ:

Անշուշտ դեռեւս վաղ է հաշվեհարդարը կատարելու Տարելիցի մեր ձեռքբերումների, նաեւՙ բացթողումների: Դրանք կարվեն անպայման: Սակայն այս պահին էլ հստակ է, որ մեր պայքարը շարունակվելու է, թերեւս ավելի՛ կատաղի, ավելի՛ համառ, եւ անշուշտՙ ոչ միայն Հայ դատի ուղղությամբ, եւ հաղթանակը լինելու է մերը:

Կարեւորը պահը, ա՛յս պահը, ա՛յս լիցքերը չկորցնելն է:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930