Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կգտնվեն մարդիկ, որոնք այս համերգը կորակեն քաղաքական ակցիա»

Ապրիլ 24,2015 18:30

Ըստ հանրահայտ դիրիժոր Միխայիլ Յուրովսկու՝
ապրիլի 24-ի համերգը ո՛չ է բոլոր ցեղասպանություններին

Աշխարհի 43 երկրների 123 երաժիշտներից բաղկացած «24/04» նվագախումբն այսօր՝ ապրիլի 24-ին, Հանրապետության հրապարակում՝ երեկոյան 20:15-ին «Վերածնունդ» խորագրով համերգ կունենա:

«Առավոտը» ներկա գտնվեց «24/04» նվագախմբի գլխավոր փորձին:

Մեզ հետ զրույցում կոմպոզիտոր, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանն ասաց, որ Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ի համերգին իրենց մասնակցությունն են բերել աշխարհի 43 երկրների 123 երաժիշտներ՝ համախմբվելով «24/04» նվագախմբի կազմում: «Իսկապես բացառիկ երեւույթ է: 4 փուլից՝ «Հիշողություն», «Երախտագիտություն», «Միջազգային պայքար», «Վերածնունդ» խորագրերից կազմված համերգին կհնչեն միայն մեր անվանի կոմպոզիտորների, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Մակար Եկմալյանի, Ավետ Տերտերյանի, Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները: Համերգը կուղեկցվի տեսապատկերներով, ներկայացնելով Արեւմտյան Հայաստանի բնակավայրերը, մշակույթը, հայկական ավանդույթները, կցուցադրվեն նաեւ տեսարաններ ջարդից, գաղթի ճանապարհից: Անդրադարձ կլինի մեծ հումանիստներին, որոնք կարեւոր դեր են ունեցել մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների պաշտպանության, հայ գաղթականների փրկության հարցում»,- հայտնեց Արմեն Սմբատյանը: Նշեց նաեւ, որ համերգը կղեկավարեն անվանի դիրիժորներ Միխայիլ Յուրովսկին, Ջանլուկա Մարչիանոն, Հովհաննես Չեքիջյանը, Սերգեյ Սմբատյանը: Իբրեւ մենակատարներ էլ հանդես կգան ճանաչված հայ երաժիշտներ՝ դուդուկի մեծ վարպետ Ջիվան Գասպարյանը, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, օպերային երգիչներ Մարիա Գուլեգինան, Գեւորգ Հակոբյանը: «Եղեռնը մեր պատմության մեջ խրված մի սեպ է, որը նախ պետք է հանել, անպայման պահանջել, որ փոխհատուցվի եւ անշուշտ համազգային իմացության առարկա, նյութ դառնա՝ իր բոլոր հետեւություններով: Այն, ինչ կորցրել ենք, դա միայն տարածք ու մարդկային կորուստ չէ, դա ամբողջ մի ազգի պատմամշակութային հազարամյակների շերտի փոշիացում է, եւ, փաստորեն, «24/04» նվագախմբի կազմում արտերկրից ժամանած 123 երաժիշտներ իրենց արվեստով ոգեկոչում են մեր զոհերի հիշատակն ու մեզ հետ միասին բարձրաձայնում՝ «հիշում եմ եւ պահանջում»,- հավելեց նախագահի խորհրդականը:

Mixail_Urovski_2

«24/04» նվագախումբը՝ փորձի ժամանակ:

Միխայիլ Յուրովսկին «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ թեեւ կգտնվեն մարդիկ, որոնք այս համերգը կորակեն քաղաքական ակցիա, բայց դա այդպես չէ: Նրա ձեւակերպմամբ, եթե սա ակցիա է, ապա՝ միայն հոգեւոր. «Թեեւ որոշ երկրներ չեն ընդունում Ցեղասպանությունը, բայց վստահ եմ, այդ օրն էլ է գալու: Վստահ եմ նաեւ, որ այդ երկրները չեն կարող աչք փակել այն իրողության առաջ, որ հայերը գենետիկորեն տաղանդավոր ազգ են: Ծնվել, մեծացել եմ Մոսկվայում, ապրել շենքում, ուր հարեւաններս են եղել Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը: Նրանք հորս (կոմպոզիտոր Վլադիմիր Յուրովսկի) հետ անդրադառնում էին նաեւ Հայոց ցեղասպանությանը: 100-ամյա տարելիցի նշումը աշխարհին ընդամենը կատարվածը նորից ի ցույց դնելն է եւ ցեղասպանության ընդունումը միայն համազգային գործ չէ, պետք է ներգրավել համաշխարհային ներուժը, որքան էլ դա բարդ լինի»,- հայտնեց կոմպոզիտորը: Նշեց նաեւ, թե տարբեր ազգերի երաժիշտներից բաղկացած նվագախմբեր նախկինում էլ է ղեկավարել, բայց, իր խոսքերով՝ «24/04»-ը մի այլ խորհուրդ ունի. տեսեք, Հայաստան արտերկրից ժամանած այս արտիստները երաժշտության լեզվով ո՛չ են ասում ոչ միայն անցյալ դարի առաջին ցեղասպանությանը, նաեւ դրան հաջորդող նման կոտորածներին՝ կանխելով նորերը»:

«24/04» նվագախմբի կոնցերտմայստեր, մոսկվաբնակ ճանաչված երիտասարդ ջութակահար Հայկ Կազազյանը, որն իր բարձր արվեստով հայտնի է հայ հանդիսատեսին, նշեց, թե նման հուզմունք ու պատասխանատվություն առաջին անգամ է զգում. «Ես պատմաբան կամ քաղաքագետ չեմ, բայց գիտեմ, որ ներկայումս աշխարհը գնում է մարդկության դեմ հանցագործությունները բացահայտելու, կանխելու, դատապարտելու ճանապարհով: Եվ թող այն երկրները, որոնք դեռեւս չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը, սթափվեն, թող կրկին թերթեն հայոց պատմությունը, գնան 100 տարի ետ, երբ հայը կոտորվում էր, ողջ մնացածներն էլ՝ արցունք թափում անմեղ զոհերի համար, ու թող վերադառնան մեր օրերը, փաստեն, թե հայը այլեւս դարձել է պահանջատեր: Այո, պահանջում ենք, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը… Ինձ հետ համակարծիք կլինեն ոչ միայն հայերը, որ ապրիլի 24-ից հետո էլ ավելի մեծ թափով կշարունակվի մեր պահանջատիրական գործընթացը: Եվ թող իմանան. անկախ նրանից՝ Թուրքիան կամ աշխարհը որքանով կճանաչի ցեղասպանությունը, ցավը չի մոռացվի»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Հայկ Կազազյանը (ձախից),
Միխայիլ Յուրովսկին եւ Արմեն Սմբատյանը:

«Առավոտ» օրաթերթ
24.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930