Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության ճանաչման գործընթացին զուգահեռ՝ օրեցօր Հայաստանից մեծանում է արտագաղթը. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 24,2015 11:01

Այս օրերին Երեւանում անցկացվող, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները ցնցող են իրենց մասշտաբներով ու ներկայացուցչականությամբ։

Պետք է արձանագրել, որ հսկայական ռեսուրսներ, էներգիա ու նյարդեր են ներդրվել այդ միջոցառումները հավուր պատշաճի անցկացնելու համար եւ կազմակերպիչները հասել են իրենց նպատակին։ Սա ցույց է տալիս, որ ցանկության եւ նպատակադրման դեպքում մենք կարող ենք, պատկերավոր ասած, «սարեր շուռ տալ»։ Գուցե մի քիչ չափազանցված հնչի, բայց այս օրերին Հայաստանը աշխարհի ուշադրության կենտրոնում է՝ Հայաստանը աշխարհի կենտրոնն է։ Անշուշտ՝ նման մասշտաբներով միջոցառումները եթե ոչ ուղղակի, ապա անուղղակիորեն հսկայական ազդեցություն կթողնեն դրանց հիմնական նպատակի՝ Հայոց ցեղասպանության համընդհանուր ու անվերապահ ճանաչման գործընթացի վրա, ինչը շատ կարեւոր է։

Բայց արդյոք սա՞ է մեր առաջ դրած միակ նպատակը։ Արդյոք եթե ամբողջ աշխարհը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կարո՞ղ ենք արձանագրել, որ վերջ՝ մենք այլեւս անելիք չունենք։ Եթե Ցեղասպանության ճանաչման գործընթացին զուգահեռ՝ օրեցօր Հայաստանից մեծանում է արտագաղթը, խորանում է աղքատությունը, տնտեսությունն ու ռեսուրսները ավելի ու ավելի են կենտրոնանում մարդկանց մի փոքր խմբի ձեռքում, եթե տնտեսվարողները օրինական՝ դատական կարգով չեն կարողանում պաշտպանվել պետական մարմինների ու առանձին իշխանավորների բեսպրեդելից, եթե երկրի արտաքին պահուստները նվազում են օր-օրի, իսկ արտաքին պարտքը աճում է ժամ առ ժամ, եթե կոռուպցիան չորացնում է հասարակության «հյութերը»…, կարո՞ղ ենք արդյոք պնդել, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացի հաջող ավարտը երաշխավորում է մեր պետականության ամրությունը, երկրի ու հասարակության զարգացման կայուն հեռանկարը, աշխարհում մրցունակ լինելու ապագան։

Պատկերավոր ասած՝ եթե Ցեղասպանության ճանաչման գործընթացը մեր հասարակության համար ռազմաճակատի առաջին գիծն է, ապա տնտեսությունը այդ ռազմաճակատի թիկունքն է։ Իսկ եթե թիկունքը թույլ է, չի կարողանում ապահովել ռազմաճակատի կարիքները, չի մատակարարում անհրաժեշտ ռեսուրսները առանց ընդհատումների, ապա նման պայմաններում առավելագույնը կարելի է հաղթել մարտում, բայց ոչ երբեք պատերազմում։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930