Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեցին Գլոբալ ֆորումի շրջանակներում տեղի ունեցող գիտաժողովի աշխատանքները

Ապրիլ 24,2015 10:31

Ապրիլի 23-ին շարունակվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Գլոբալ ֆորումի շրջանակներում տեղի ունեցող «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» գիտաժողովի աշխատանքները: Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, Համաշխարհային հայկական կոնգրեսի, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի, «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» համահայկական մասնագիտական կազմակերպության աջակցությամբ:

Գիտաժողովին մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Առաջին նիստը վարեցին ՀՀ սահմանադրական դատարանի անդամ, Վոլոդյա Հովհաննիսյանը և լիբանանահայ իրավաբան Բյուզանդ Պասթաճեանը:

«Օսմանյան կայսրության՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող պարտավորությունները Թուրքիայի հանրապետության միջազգային իրավական պատասխանատվության համատեքստում» թեմայով զեկուցումով հանդես եկավ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական  ծառայության պետ Վլադիմիր Վարդանյանը: Նա անդրադարձավ ցեղասպանության միջազգային հայեցակարգերին, ներկայացրեց այն միջազգային նորմերն ու պայմանագրերը, որոնցով Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան Թուրքիան ստանձնել է պարտավորություններ՝ կապված հայ ազգաբնակչության պաշտպանության հետ  և խախտել է դրանք, իսկ ներկայիս Թուրքիան Օսմանյան կայսրության միջազգային իրավական ինքնության շարունակողն է:

5

Մոսկվայի «Հարությունով և գործընկերներ» փաստաբանական կոլեգիայի նախագահ, փաստաբան  Ալեքսանդր Հարությունովը անդրադարձ կատարեց Ռուսաստանի Դաշնության կողմից 1995 և 2005թթ. Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ փաստաթղթերին: Բանախոսը ներկայացրեց ցեղասպանության հանցագործության ժխտման համար քրեական պատասխանատվության նախատեսման իրավաչափությունը:

«Հայոց ցեղասպանության հարցով միջազգային դատարան դիմելու հիմքերը» զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը: Քննարկվեց Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը  պահանջներ ներկայացնելու իրավական հիմքերի հարցը: Կարևորվեց միջազգային դատական ատյաններում Հայոց ցեղասպանությանը վերաբերող հայցեր ներկայացնելու համար համապատասխան փաստաթղթեր մշակելու անհրաժեշտությունը:

Մոնրեալի Հոլոքոսթի հիշատակի կենտրոնի տնօրեն (Կանադա) Ալիս Հերսկովիչը ելույթ ունեցավ «Համախմբված հանրությունն ընդդեմ ցեղասպանության» թեմայով և ներկայացրեց այն կրթական ու ճանաչողական  ծրագրերն ու այլ  աշխատանքները, որոնք կենտրոնն իրականացնում է Կանադայի հայ համայնքի հետ համատեղ, և հույս հայտնեց, որ ժողովուրդները համերաշխությամբ ու միահամուռ ջանքերով, օգտագործելով երիտասարդների ներուժը, կարող են դատապարտել անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունները և կանխարգելել ցեղասպանության նոր դրսևորումները: Կարևորվեց Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում հայկական   համայնքների համագործակցությունը այլ ազգերի համայնքների հետ:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ՀՀ հովանու ներքո իրավաբանների վերաբերյալ համացանցային ռեսուրսի և ցեղասպանությանը վերաբերող օրենսդրության ստեղծման անհրաժեշտությունը՝ որպես առաջին քայլ ազգային և այլ մասնագիտական ներուժի համախմբման ուղղությամբ» զեկուցումով հանդես եկավ Իրավաբանների ռուս-հայկական ընկերակցության նախագահ, Մոսկվայի փաստաբանների տարածաշրջանային կոլեգիայի անդամ Ռուբեն Կիրակոսյանը: Առաջարկեց մշակել հետագա քայլերը և տեսությունից անցնել գործնական քայլերի: Առաջարկ արվեց ստեղծել Հայոց ցեղասպանության խնդիրներով զբաղվող իրավաբանների բազմալեզու համացանցային հարթակ՝ ընդգրկելով նաև այլազգի մասնագետների:

Նիստի երկրորդ մասի նիստավարներն էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, Գևորգ Դանիելյանը և ամերիկահայ փաստաբան Կարապետ Քամարյանը:

«Արտերկրային դաշնային սահմանադրականությունը՝ որպես էթնիկ և կրոնական հակամարտությունների կանխարգելման հնարավոր միջոց» թեմատիկ զեկույցով հանդես եկավ Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի գիտական ղեկավար  Ալեքսեյ Լիվերովսկին:

ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Գևորգ Դանիելյանը զեկուցեց  «Հայոց եղեռնի դատապարտման իրավական հիմքերը» թեմայով: Նա նշեց, որ Հայոց Եղեռնը դեռ չի ավարտվել 1923-ին, այն շարունակվել է դրանից հետո, քանի որ այդ շրջանում ևս Թուրքիայի կողմից իրականացրած քաղաքականությունը համապատասխանում է ցեղասպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի  2-րդ կետով սահմանված հանցակազմի հատկանիշներին:

«Ցեղասպանության դիմաց փոխհատուցման հարցը և մեծ պետությունների երկընտրանքը» զեկուցումով հանդես եկավ փաստաբան (ԱՄՆ) Կարապետ Քամարյանը՝ անդրադառնալով հայոց պահանջատիրության բաղադրիչներին՝ ընդհուպ տարածքների վերադարձ, ճանապարհ դեպի ծով և այլն:

Հայոց ցեղասպանության պատասխանատվության և փոխհատուցման ապահովման խնդիրներին անդրադարձավ Մոսկվայի փաստաբանների պալատի փաստաբան Իվան Գրիգորյանը:

Իրավաբանների ռուս-հայկական ընկերակցության նախագահ, Մոսկվայի փաստաբանների տարածաշրջանային կոլեգիայի անդամ Ռուբեն Կիրակոսյանը ներկայացրեց իր դիտարկումներն ու առաջարկները «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ՀՀ հովանու ներքո իրավաբանների վերաբերյալ համացանցային ռեսուրսի և ցեղասպանությանը վերաբերող օրենսդրության ստեղծման անհրաժեշտությունը՝ որպես առաջին քայլ ազգային և այլ մասնագիտական ներուժի համախմբման ուղղությամբ» թեմայով զեկուցման մեջ:

Վերջում ամփոփվեցին գիտաժողովի արդյունքները, տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում, հարց ու պատասխան: Գիտաժողովի մասնակիցները հանդես եկան հայտարարություններով և առաջարկություններով:

Բոլոր զեկուցողները ընդգծեցին Հայոց ցեղասպանության ուսումնասիրման և պահանջատիրության գործում նոր իրավագիտական հետազոտությունների իրականացման կարևորությունը: Նրանք պատրաստակամություն հայտնեցին աշխարհի տարբեր հատվածներում համամարդկային արժեքների սատարման և ցեղասպանությունների  կանխարգելման համատեքստում Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացմանն ուղղված բոլոր գործընթացներին աջակցել և մասնակցել հետագա քայլերին:

Գիտաժողովի արդյունքներն ամփոփեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը : Նա շնորհակալություն հայտնեց գիտաժողովի բոլոր մասնակիցներին բովանդակալից և հետաքրքիր զեկուցումների համար : Նախարարը կարևորեց օտարազգի և, հատկապես երիտասարդ ու շնորհալի իրավաբանների մասնակցությունը գիտաժողովին և իր վստահությունը հայտնեց, որ նրանք կշարունակեն պայքարը և Հայ դատը կհասցնեն տրամաբանական ավարտին:

Հրանուշ Հակոբյանը նշեց, որ կենսական անհրաժեշտություն է դարձել Հայոց պետության հովանու ներքո Ցեղասպանության հետազոտության կենտրոնի, ինչպես նաև ցեղասպանությունների դատապարտմանն ու կանխարգելմանը հետամուտ միջազգային կառույցի ստեղծումը:

Գիտաժողովի ավարտից հետո մասնակիցները մեկնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և մասնակցեցին Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930