Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԱԿՆԹԱՐԹ

Ապրիլ 24,2015 10:27

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ քառասունհինգերորդ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԱԿՆԹԱՐԹ

Ինչքան էլ հարազատ ու սիրելի, միեւնույն է, անցյալից հոգնել ու ձանձրանալ էլ կա՝ մանավանդ եթե տեւականորեն ես իր թմբիրների մեջ խրվում, ու էդ է պատճառը, որ ես անցյալիս մեջ երկար չեմ լռվում եւ ժամանակ առ ժամանակ տեղափոխվում եմ ներկա, եւ դա ոչ թե կանխամտածված եմ անում, այլ միանգամայն ինքնըստինքյան է ստացվում, եւ ես ոչ թե մտածում եմ՝ անցյալից շուտափույթ ներկա տեղափոխվեմ, որպեսզի հատուկենտ ընթերցողներս անցյալից չհոգնեն ու չձանձրանան, այլ ինքս անցյալից հոգնելով ու ձանձրանալով՝ շուտափույթ ինձ գցում եմ ներկա, որպեսզի մի քիչ թարմ օդ շնչեմ, բայց ներկայի մեջ էլ առանձնապես երկար չեմ դիմանում, եւ շատ շուտ պարզ է դառնում, որ անցյալի օդն անհամեմատ թարմ ու մաքուր է, քան՝ ներկայինը, եւ եթե ինձ պես դուք էլ էս տեսակ մի վեպ ձեռնարկեք, ձեզ համար էլ պարզ կդառնա, որ հաճախ մարդ արարածն իր անցյալն ավելի սրտանց ու ավելի հավեսով է ապրում, քան՝ ներկան, ավելի ճիշտ՝ անցյալդ սրտանց ու հավեսով ոչ թե ապրում՝ այլ վերապրում ես, եւ անցյալդ սրտանց ու հավեսով վերապրելով՝ ամենեւին չես ձանձրանում, եւ դա նրանից է, որ դու անցյալիդ բացառապես լավագույն պահերն ես ընտրելով հիշում, եւ եթե դրանք լավագույնները չեն, առնվազն ամենահետաքրքիրներն են, մինչդեռ ներկան ամբողջովին է քեզ պարտադրված՝ ամբողջովին ու առանց ընտրության հնարավորության, եւ քանի որ մարդ արարածը հիմնականում իր կորցրածն է կարողանում արժեքավորել ու գնահատել, էդ պատճառով էլ մարդ արարածն օրվա զգալի մասն անցկացնում է անցյալի բավիղներում, եւ դժվար է ստույգ ասել՝ մարդ արարածն օրվա ընթացքում ավելի շատ իր անցյալի՞ մեջ է գտնվում, թե՝ իր ներկայի, եւ էս հարցն, իհարկե, միանշանակ պատասխան չունի, որովհետեւ եթե մարդկանց մասին ես խոսում, միշտ պիտի հիշես, որ մարդիկ իրարից չափազանց տարբեր են, եւ նույնիսկ իրար շատ նման մարդիկ են իրարից չափազանց տարբեր, եւ մանավանդ մեր ժամանակներում են իրարից շատ տարբեր, եւ մեր ժամանակներում մարդիկ հատկապես իրենց սոցիալական վիճակով են իրարից չափազանց տարբեր, եւ հատկապես մեր ժամանակներում մարդկանց սոցիալական վիճակով գրեթե ամեն ինչն է պայմանավորված, եւ հատկապես մարդու զբաղվածության աստիճանն է տվյալ մարդու սոցիալական վիճակից կախված, եւ մարդ արարածն ինչքան զբաղված է, էնքան ավելի քիչ է ժամանակ գտնում՝ անցյալի բավիղներում ֆռֆռալու ու դեգերելու համար, եւ, ընդհակառակը, ինչքան անգործ ու պարապ է, էնքան ավելի շատ է անցյալի տարածքներում ֆռֆռում ու թրեւ գալիս, բայց էս ասածներս ընդհանրական ու միանգամայն հարաբերական են եւ առաջին հերթին իմ անձնական օրինակին են հակասում, որովհետեւ ես միանգամայն զբաղված անձնավորություն լինելով՝ չափից ավելի եմ անցյալի տարածքներում ֆռֆռում ու թրեւ գալիս, բայց համաձայնվեք, որ իմ անձնական օրինակն էլ չափանիշ չի, որովհետեւ ես զբաղված անձնավորություն լինելով՝ հիմնականում էս վեպովս եմ զբաղված, եւ էս յուրահատուկ զբաղվածությունս ընդամենը համեմատական առումով է գործ ու աշխատանք, եւ եթե էս համեմատական աշխատանքս ամեն ուրբաթ «Առավոտի» կայքում չտեղադրվեր, ոչ ոք էս աշխատանքս գործ ու աշխատանք չէր համարի եւ նույնիսկ չէր էլ նկատի, բայց քանի որ «Առավոտի» կայքում դեռեւս տեղադրվում ու որոշ դիտորդների կողմից նկատվում է, ես ինձ իրավունք եմ տալիս ինքզինքս միանգամայն զբաղված ու աշխատավոր մարդ համարել, եւ ինքս ինձ աշխատավոր ու զբաղված մարդ համարելով՝ ինձ իրավունք եմ տալիս նույնիսկ զարմանալ իմ իսկ օրինակի վրա եւ զարմանալով արձանագրել, որ ես, ի տարբերություն այլ զբաղվածների, հաճախակի եմ ինքզինքս ներկայից անցյալ տեղափոխում եւ էս անվերջանալի տեղափոխություններս էլ պայմանականորեն գրականություն ու վեպ եմ անվանում, բայց քանի որ մանավանդ մեր օրերում մանավանդ գեղարվեստական գրականությունը լուրջ աշխատանք ու զբաղմունք չի համարվում, ես ժամանակ առ ժամանակ ինձ նաեւ լուրջ զբաղմունք ու աշխատանք չունեցող գործազուրկ եմ համարում, եւ ինձ էդպիսին համարելով՝ ինձ իրավունք եմ վերապահում հայտարարել, որ ես, ի տարբերություն այլ պարապ գործազուրկների, միանգամայն տեւականորեն եմ ներկայով ապրում ու ինքզինքս մեր էս համընդհանուր ներկայի մեջ պահում, եւ դա հենց զբաղվածությունիցս է բխում, ավելի ճիշտ՝ զբաղվածությանս բնույթից. նկատի ունեմ էս վեպս, որն արարելիս ու բստրելիս՝ ներկայով ու անցյալով հավասարապես եմ ապրում, ինչպես նաեւ՝ ապագայով, որովհետեւ մենք բոլորս էլ ներկայով ու անցյալով ապրելով՝ նաեւ ապագայով ենք ապրում, եւ մանավանդ հայերս ենք ապագայով միանգամայն լիասիրտ ու տեւականորեն ապրում, եւ չնայած հայերս անցյալով ավելի լիասիրտ ու տեւականորեն ենք ապրում՝ քան ներկայով, այդուհանդերձ, ապագայով էլ ենք ավելի լիասիրտ ու տեւականորեն ապրում՝ քան ներկայով, եւ չնայած հայերիս վրա եմ սեւեռվել, երեւի ողջ մարդկությունն է անցյալով ու ապագայով ավելի ապրում՝ քան ներկայով, եւ չնայած ներկա ասելով՝ մենք մեր էս բազմաբարդ ու դժվարին կյանքը նկատի ունենք, իրականում ներկան ընդամենն ակնթարթ է՝ մեր անցյալն ու մեր ապագան  շաղկապող ընդամենը մի ակնթարթ, անվերջ տարուբերվող մի ճոճք, իսկ ավելի պատկերավոր ասած՝ անցյալից ապագա տեղափոխող եւ անվերջ ճոճվող մի կամուրջ, որի շարունակական տարուբերումները մերթ տագնապալի են, մերթ էլ՝ երանավետ, մեկի համար տագնապալի են, մի ուրիշի համար՝ երանավետ, եւ չնայած մեզ անցյալից ապագա տեղափոխող էդ ակնթարթն է մեր ունեցածչունեցած ողջ ներկան, այդուհանդերձ, էդ ակնթարթը չափազանց երկար է տեւում, ավելի ստույգ՝ էդ ակնթարթը վերջ չունի ու երբեւէ չի ավարտվում, իսկ ավելի ստույգ՝ երբեւէ ավարտվում ու վերջ է ունենում, բայց մենք էդ ավարտն ու վերջը երբեւէ չենք իմանա, որովհետեւ, ավելի պարզ ու հասկանալի ասած, երբ էդ անվերջանալի ակնթարթն ավարտվի, մնք այլեւս չենք լինի եւ, բնականաբար, չենք էլ իմանա, որ ավարտվեց էդ երանավետ, բազմաբարդ ու տագնապալի ակնթարթը, որը պայմանականորեն ներկա ենք անվանում, իսկ ավելի պայմանականորեն՝ կյանք:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930