Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրո մթնոլորտը

Ապրիլ 24,2015 10:08

Հիլբերտ Քիթ Չեսթերթոնը սուրբ Ֆրանցիսկոսի մասին իր ակնարկում մի շատ խորաթափանց դիտարկում է արել. «Մարդը չի գցվի ձյան մեջ հանուն որեւէ գաղափարի կամ միտումի, նա սոված չի մնա հանուն վերացական, թեկուզ ամենաճիշտ հասկացությունների: Բայց նա կհաղթահարի սովն ու ցուրտը բոլորովին այլ պատճառով՝ եթե նա սիրահարված է»: Քանի որ խոսքը կաթոլիկ սրբի մասին է, պարզ է, թե որ սերը նկատի ուներ անգլիացի գրողը: Մեր ժողովրդի պատմության ամենադաժան ողբերգության 100-ամյակի տարելիցի օրերին ես մտածում եմ նման սիրո մասին:

Իրադարձությունները, կարծես թե, նույնպես զարգանում են այդ ուղղությամբ` Վատիկանի պատարագից մինչեւ «System of a down»-ի համերգ: Դրա սկիզբը դրեց մեկ այլ կաթոլիկ, նույնպես Ֆրանցիսկոս անունով՝ Հռոմի պապը, եւ անունների կրկնությունը, ինչպես գիտեք, պատահական չէ: Ֆրանցիսկոս պապը խոսում էր Հայոց ցեղասպանության, նացիզմի եւ ստալինիզմի, ոչ թե թուրք, գերմանացի կամ խորհրդային ժողովուրդների մասին, եւ նրա ուղերձի մեջ չկար որեւէ թույն կամ ատելություն, հակառակը՝ կար սեր, նախեւառաջ՝ ճշմարտության հանդեպ:

Երեկվա համերգը նույնպես սիրո արտահայտություն էր՝ փոխադարձ սիրո հայազգի երաժիշտների եւ հայաստանյան երիտասարդության, որը պատրաստ էր մի քանի ժամ թրջվել անձրեւի տակ: Գուցե միտքս տարօրինակ հնչի, բայց ռոք-համերգ լսելու պատրաստ քաղաքացիների այդքան մեծ զանգվածի առկայությունը նույնպես խոսում է մեր՝ հայերիս ներուժի մասին: Որովհետեւ Թաթուլի երգերի տակ որեւէ օբյեկտում քյաբաբ ուտելը, օղի խմելը եւ դարդ անելը մի բան է, հազարավոր մարդկանցով որակյալ երաժշտություն լսելը՝ մեկ այլ բան:

Ընդհանրապես, եթե անաչառ աչքով նայենք այս օրերին տեղի ունեցող իրադարձություններին, ապա չի կարելի չնկատել, որ մթնոլորտն առողջ է: Իհարկե, կան նաեւ փնթփնթացողներ, բայց առանց նման մարդկանց հնարավոր չէ պատկերացնել հայկական իրականությունը: Առողջն, իհարկե, նախեւառաջ եղբայրական սերն է մեր ժողովրդի տարբեր ներկայացուցիչների մեջ, առողջ եմ համարում այն, որ մենք, հարգելով անմեղ նահատակների հիշատակը, չենք խորանում սգի եւ ողբի մեջ, այլ մտածում ենք ապագայի, մեր ազգային նպատակների մասին:

Պարզ է, որ այդ վիճակը երկար չի տեւելու: Բայց ստանալ եւս մեկ ապացույց, որ մենք սկզբունքորեն կարող ենք նաեւ այդպիսին լինել, ըստ երեւույթին, արժեր:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Թող «System of a down»-ի հրաշք տղաները դառնան ՀՀ նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ, Սահմանադրական դատարանի նախագահ: Նրանց շուրջ հայերը համախմբվում են…Կհամախմբվեն ու լավ կլինի:

  2. Արսեն says:

    Պատկերացրեք հակառակ իրադրությունը՝ մարդիկ «System of a down»-ի երգերի տակ են որևէ որեւէ օբյեկտում քյաբաբ ուտում և օղի խմում… Թաթուլն էլ՝ գալիս է 1անգամ, 100 ամյակին և Հրապարակում ձրի համերգ է տալիս…
    Հրապարակը ավելի բազմամարդ չէր լինի? ..))..
    Եվ արդյոք դա խոսելու էր «մեր՝ հայերիս ներուժի» բացակայոիթյան մասին?:
    Ւ վերջո՝ հիշում ենք «Ձախ Հարութի» առաջին համերգը՝ ստադիոնում… (իսկ Հարութի «ստեղծագործությունը» չի կարելի (մեղմ ասած) համարել՝ «բարձր արվեստ»… ինչքան մարդ կար?)
    «Ներուժի» առկայությունը կամ բացակայությունը՝ տնտեսական վիճակը և զարգացման դինամիկան են որոշում, ոչ թե ինչ-որ համերգի գնացած մարդկանց թիվը…
    Իսկ «մթնոլորտը առողջ է», որովհետև՝ պրոցեսը (100-ի նշում) հասարակ մասնակիցների համար՝ փող աշխատելու և ծախսելու հետ կապված չէ։ Մարդիկ հմնականում «անառողջ» են՝ երբ այդ «գործի» մեջ են…
    Եվս երկու «հանգստյան» օր ունեք, երբ կլինեք «առողջ» ..))).. Բայց հետո գալու է սովորական երկուշաբթի… «առողջ» լինելը սովորական օրերին է պետք…
    Ւսկ, որ …«մենք սկզբունքորեն կարող ենք նաեւ այդպիսին լինել»-ը բացահայտ ծաղր էր՝ ՀՀ բնակիչների հասցեին։ Պոտենցիալ հնարավորություն՝ լինել ոչ մի պետությանը չզիճող, «որակյալ» քաղաքացիներով հասարակություն՝ Հայաստանը ունի (բավականին շատ մարդկանց հետ եմ շփվել՝ տարբեր պայմաններում և ազգություններից և կխնդրեի ասածիս հավատալ՝ առանց ապացույցի)… և… չի ռեալիզացնում…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930