ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի էլ չկատարեց նախընտրական խոստումը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ և կրկին օգտագործեց Մեծ եղեռն ձևակերպումը` այն մեկնաբանելով որպես 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագություններ:
«Ազատություն» ռադիոկայանի թարգմանությամբ՝ Բարաք Օբաման հայտարարել է. «Այս տարի մենք հիշատակում ենք Մեծ եղեռնի` 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագությունների հարյուրամյակը: 1915 թվականից սկսած Օսմանյան կայսրությունում ապրող հայերը տեղահանվեցին, կոտորվեցին և իրենց մահը գտան գաղթի ճանապարհին: Ոչնչացվեց նրանց մշակույթը և ժառանգությունը իրենց հինավուրց հայրենիքում: Սարսափելի բռնությունների հետևանքով, որոնք տառապանք բերեցին բոլոր կողմերին, մեկուկես միլիոն հայեր կործանվեցին:
Երբ 1915-ի սոսկալի իրադարձությունները բացահայտվեցին, ԱՄՆ դեսպան սըր Հենրի Մորգենթաուն տագնապի ազդանշան հղեց ԱՄՆ իշխանություններին և հակամարտության մեջ մտավ օսմանյան ղեկավարության հետ: Նրա և այսօրինակ այլ ջանքերի շնորհիվ երևան եկավ ճշմարտությունը Մեծ եղեռնի մասին և ավելի ուշ իր ազդեցությունը թողեց այնպիսի իրավապաշտպանների աշխատանքի վրա, ինչպիսին էր Ռաֆայել Լեմկինը, որն իր ներդրումն ունեցավ Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հռչակագրի [դաշնագրի] ընդունման գործում»:
Օբաման նաև ընդգծում է․ «Ես հետևողականորեն հայտարարել եմ 1915-ին կատարվածի վերաբերյալ իմ սեփական տեսակետը, և իմ տեսակետը չի փոխվել: Փաստերի լիակատար, շիտակ և արդարացի ճանաչումը մեր շահերից է բխում»:
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահը նաև ողջունել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունն այն մասին, որ 1915-ին տեղի ունեցածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, սակայն այդ համատեքստում հիշատակել է նաև «թուրք և հայ պատմաբանների տեսակետները»: Օբաման, մասնավորապես, ասել է. «Մենք ողջունում ենք Ֆրանցիսկոս պապի, թուրք և հայ պատմաբանների տեսակետները, ինչպես նաև բոլոր նրանց կարծիքները, ովքեր ջանքեր են գործադրել պատմության այս մութ էջերին լույս սփռելու ուղղությամբ»:
Մինչ 2008 թվականին Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելը Բարաք Օբաման իր հրապարակային հայտարարություններում բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, միացել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման կոնգրեսական նախաձեռնությունների:
Նշենք նաեւ, որ ԱՄՆ նախագահի հայտարարությանն արդեն իսկ արձագանքել է Ամերիկայի հայկական համագումարը, նշելով, թե նախագահ Օբաման այս տարի ավելի հեռուն գնաց, քան որեւէ այլ նախագահ 1981-ին Ռոնալդ Ռեյգանից հետո, որը ճանաչեց հայերի ցեղասպանությունը, սակայն դարձյալ չկատարեց ընտրվելիս իր տված խոստումը:
Օգտագործված բնորոշումները Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին հայտարարության մեջ անվանել է «լեզվաբանական մարմնամարզություն», որը չի համապատասխանում իր եւ աշխարհի ներկայիս առաջնորդի չափանիշներին:
Իսկ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Օբամայի հայտարարությունն անվանել է «տխուր ներկայացում՝ Ցեղասպանության առնչությամբ բառախաղերով»: Եվ հիշեցրել է, թե դեռեւս նախագահի թեկնածու Օբաման ճիշտ էր, երբ ասում էր, որ «Ամերիկան արժանի է առաջնորդի, որը ճշմարտությունը կասի հայոց ցեղասպանության մասին»: Հավելել է, որ «ցավոք, նա աշխարհին ապացուցեց, թե ինքն այդ նախագահը չէ»: