Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը եւ արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Արամ Աբրահամյան.- Վերջապես պարզ դարձավ, թե ով է մեր բարեկամը, ով` թշնամին: Ով գալիս է Երեւան՝ բարեկամ է, ով գնում է Գալիպոլի՝ թշնամի:
Անուշ Սեդրակյան.– Հարցը այդպես չէի դնի, որովհետեւ բարեկամական եւ թշնամական հարաբերությունները ավելի շատ կարգավորվում են երկարաժամկետ շահերով, քան պատմական իրադարձության ընկալմամբ կամ դրան ադեկվատ կամ ոչ ադեկվատ արձագանքով: Այդպես եթե մենք նայենք, Սովետական Միության, Ռուսաստանի հաղթանակի տոնակատարությունը բերում է նրան, որ շատ եվրոպական քաղաքակիրթ երկրներ մերժում են իրենց մասնակցությունը այդ միջոցառմանը: Հիմա ի՞նչ է նշանակում՝ դրանով նրանք մերժո՞ւմ են հաղթանակի խորհուրդը: Ոչ, նրանք արձագանքում են ներկայիս քաղաքականությանը: Իսկ եթե ներկայիս քաղաքականությունը թերանում է, դա արդեն պատմության խնդիրը չի, դա շատ ավելի խորքային հարց է: Այսինքն՝ չի կարելի: Մեզ համար Ցեղասպանությունը պատմական իրողություն է, այլ երկրների համար դա քաղաքական լծակ է: Ոչ ոք չի դատում Հայաստանի մասին ռուս-թուրքական արձանագրություններով, դատում են ներկայիս քայլերով, ներկայիս դաշնակիցներով, որոնք, ի դեպ, շատ թերի են:
Ա. Ա.- Հետեւաբար Թուրքիան շատ լավ, խելացի քաղաքականություն է վարում, որ 21 նախագահ գնում է այնտեղ:
Կարդացեք նաև
Արման Նավասարդյան.– Իհարկե՝ ոչ, դա լավ, խելացի քաղաքականություն չէ: Ես չեմ կարծում, որ նրանց ասելով՝ գալիս են կամ չեն գալիս: Ճիշտ ասվեց, որ այստեղ պարզապես աշխարհաքաղաքական շահերն են եւ կոնկրետ պետությունների շահերը: Ոչ թե չեն ուզում ճանաչել Եղեռնը եւ գալ, այլ պարզապես երկիրը, որը չի գալիս Հայաստան այսօր, մեծ խնդիրներ կարող է ունենալ գալու դեպքում, ինչպես, ենթադրենք` մեր բարեկամ Բելառուսը:
Ա. Ա.- Բելառուսը խնդիրնե՞ր կունենա, եթե գա Հայաստան:
Ա. Ն.- Կունենա տնտեսական խնդիրներ:
Ա. Ա.- Ո՞ւմ հետ:
Ա. Ն.– Թուրքիայի հետ, որովհետեւ մեծ առեւտրական կապեր ունեն, չեն ուզում Թուրքիային վշտացրած լինել եւ զրկվել դիվիդենդներից: Ղազախստանի հետ կապված կա նաեւ, կարծում եմ, քաղաքական նյուանս, որովհետեւ բոլոր դեպքերում Նազարբաեւը հատուկ հարաբերություններ ունի Ալիեւի հետ: Բայց բացի դրանից՝ կա, ըստ երեւույթին, արդարացնող հանգամանք, որովհետեւ Ղազախստանում ապրիլի 26-ին ընտրություններ են լինելու: Նորից եմ ասում` ըստ երեւույթին, ամեն ինչին պետք է նայել քաղաքական, աշխարհաքաղաքական շահերի եւ ընդհանրապես այսօր աշխարհում տիրող միջազգային հարաբերությունների տեսանկյունից:
Ա. Ա.– Դեսպան Նավասարդյանն ասում է, որ Բելառուսը չի գալիս, չնայած մեր ԵՏՄ եղբայրն է: Այնուամենայնիվ, նա ունի ավելի լավ ու ավելի կարեւոր հարաբերություններ Թուրքիայի հետ:
Ա. Ս.– Ռուսաստանը գալիս է որպես ԵՏՄ-ի առաջնորդող, այսպես «պատրոն» երկիր: Ռուսաստանի գալը հայերի մշտական ռուսասիրության համատեքստում կարող է դիտվել իբրեւ շատ պոզիտիվ երեւույթ: Բայց մյուս կողմից՝ այդ երկիրը պատժամիջոցների տակ է: Քաղաքակիրթ աշխարհն է որոշում Հայաստանի ապագան, նաեւ Ցեղասպանության ընդունման ապագան, մենք տեսնում ենք` սկսած Հռոմի պապից, վերջացրած Ավստրիայի խորհրդարանով, արեւմտյան քաղաքակիրթ աշխարհը ապացուցում է, որ Երեւանում ներկայությամբ չէ, որ ստեղծվում են քաղաքական իրողություններ: Ոչ Կիրիլի կողմից ունեցանք նման հայտարարություն, ոչ Ռուսաստանի Դումայի կողմից կա: Ուզում եմ տեսնել` Ավստրիան եւ Հռոմի պապը արել են մեծ մշակութային եւ իրավական քայլեր, ի՞նչ է անում Ռուսաստանը. գալով Հայաստան՝ նա գցում է Հայաստանի վարկանիշը:
Ա. Ա.– Ռուսաստանը պաշտոնապես ընդունել է Հայոց ցեղասպանությունը` դա մեկ, եւ քաղաքակիրթ Օլանդը գալիս է Հայաստան` երկու:
Ա. Խ.– Գալ՝ չի նշանակում ընդունել, գալ նշանակում է՝ հարգել հրավերը եւ ինչ-որ առումով հարգել հիշատակը:
Քննարկումն` ամբողջությամբ
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.03.2015