Վերջին շրջանում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հենց իրենց խմբակցության նախագծերին ոչ միայն դեմ է քվեարկում, այլեւ հեգնում է «Ժառանգության» իր գործընկերների հեղինակած նախագծերը, քննադատում է Րաֆֆի Հովհաննիսյանին: Օրինակ՝ Զարուհի Փոստանջյանի՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին նախագծի քննարկման ժամանակ նա հեգնեց. «Ափսոս, ընտրություններով Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահ չեղավ, թե չէ՝ Թուրքիայի կեսը հիմա մերը կլիներ»: Իսկ Զարուհի Փոստանջյանին նետեց. «Ինչի՞ որպես նախագիծ Չարենցի «Մահվան տեսիլը» չեք բերում ԱԺ»:
Որքան էլ Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է, որ ինքը չի ներկայացնում «Ժառանգություն» խմբակցությունը, բայց ֆորմալ առումով նա խմբակցության անդամ է: Ուստի «Առավոտը» «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին հարցրեց՝ ինչքանո՞վ եք ճիշտ համարում, որ նա հարվածում է «Ժառանգության» նախագծերին ու քննադատում ձեզ: Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Նա այնքանով է «Ժառանգություն» խմբակցության անդամ, ինչքանով չի կարող չլինել, որովհետեւ եթե դուրս գա, պետք է վայր դնի իր մանդատը: Ինքը փաստացի «Ժառանգություն» խմբակցության անդամ չէ: Բարոյական ոլորտ երբ տեղափոխում եք, կարող են նրան այդ հարցով դիմել՝ ինչո՞ւ է ինքը այդպես արձագանքում մեր փաստաթղթին: Կարելի է դեմ լինել, համաձայն չլինել, բայց այդ ձեւակերպումները, կարծում եմ, նա տեղին չի օգտագործել»:
«Առավոտ» օրաթերթ
23.03.2015