Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ մեզ պե՞տք էր Լուկաշենկոյի եւ Նազարբաեւի գալը

Ապրիլ 24,2015 12:00

Օրերս Հայաստանի խորհրդարանն ընդունեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հայտարարություն, որում կոչ արեց բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական ու միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն։
Մինչ Հայաստանում ուշի-ուշով հետեւում են քաղաքակիրթ աշխարհի քայլերին` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ տարածած հայտարարություններին ու մեկնաբանություններին, Հայաստան ժամանող պատվիրակությունների մակարդակին, մի շատ հատկանշական փաստի մասին Հայաստանում ԵՏՄ-ի մոլի կողմնակիցները գերադասեցին լռություն պահպանել:

Մի կողմ թողնենք հարցը` ո՞ր երկրի առաջնորդը ընդունեց Էրդողանի հրավերը ու մեկնեց Թուրքիա, իսկ որ պետության ղեկավարը եկավ Հայաստան: Զուտ առաջնորդների քանակը, թերեւս, այնքան էլ վճռորոշ չէ:

Ուշագրավ է մեկ այլ իրողություն: Հայաստանն անդամակցեց ԵՏՄ-ին, մենք մի կառույցի հետ ենք «կապել մեր ճակատագիրը», որի անդամ երկրներից միայն մեկի ղեկավարն է ժամանում Հայաստան ապրիլի 24-ին` Ռուսաստանի նախագահը:

Իսկ ինչո՞ւ Հայաստանի հրավերը չեն ընդունել Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները: Հարցն, իհարկե, առավելապես հռետորական է, քանի որ այս երկրների ջերմ վերաբերմունքին ԵՏՄ-ին չանդամակցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նկատմամբ մի քանի անգամ արդեն առիթ ենք ունեցել ականատես դառնալու:
Պարզապես Լուկաշենկոյի եւ Նազարբաեւի քայլը եւս մեկ անգամ փաստում է այն մասին, թե Հայաստանն ինչպիսի «վատ շրջապատում» է հայտնվել ոչ միայն տնտեսական զարգացման հնարավորությունների առումով, այլ նաեւ քաղաքական տեսանկյունից: Հետեւաբար պատեհ առիթ է հարց բարձրացնելու` մեր ինչի՞ն է պետք մի կառույցին անդամակցությունը, որտեղ գործընկեր պետությունների ղեկավարները քաղաքական որոշումներ կայացնելիս հաշվի են նստում թուրք-ադրբեջանական շահերի հետ՝ այն դեպքում, երբ Թուրքիան ու Ադրբեջանն այդ կառույցին չեն էլ անդամակցում: Ընդ որում, Լուկաշենկոն ապրիլի 24-ի նախօրեին Թբիլիսի ժամանելու որոշում էր կայացրել, այսինքն` ցանկության դեպքում նրան ոչինչ չէր խանգարում մի քանի ժամում Թբիլիսիից հասնել Երեւան:

Բայց այս ամենի հետ միասին մեկ խիստ դրական փաստ, այնուամենայնիվ, կա: Ակնհայտ է, որ մեր սպասելիքներն առավելապես քաղաքակիրթ աշխարհից են, եւ վերջին օրերին տեղի ունեցող իրապես պատմական նշանակության գործընթացները փաստեցին այն մասին, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ հենց քաղաքակիրթ, համամարդկային արժեքներ կրողներն են Հայաստանի եւ հայության հետ, այլ ոչ թե կիսաավտորիտար ԵՏՄ-ական կամ ՀԱՊԿ-ական երկրների ռեժիմները:

Այնպես որ՝ թող Բելառուսն ու Ղազախստանը շարունակեն պաշտպանել ալիեւյան ռեժիմին ու Էրդողանի` քաղաքակիրթ աշխարհի աչքում արդեն չհասկացվող կառավարությանն ու նրանց անհասկանալի քայլերին: Ապրիլի 24-ին Լուկաշենկոյի եւ Նազարբաեւի` Ծիծեռնակաբերդի հուշահամալիր չբարձրանալն առանձնապես մեծ կորուստ չի հայ ժողովրդի համար:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armine says:

    Պետք էլ չեր, որ նրանք իրենց ներկայությանբ անարգեյին նահատակների սուրբ հիշատակը

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930