Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի դիրքորոշման բացակայության արդյունքը

Ապրիլ 24,2015 16:00

Ինչո՞ւ է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին Վրաստանը մասնակցում ԱԺ փոխխոսնակի մակարդակով, կամ՝ վրաստանաբնակ ադրբեջանցիների արյունն ավելի՞ կարմիր է:

Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին կմասնակցի Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը։ Կոբախիձեն «Վրացական երազանք» կոալիցիայից է, ով խորհրդարանում գլխավորում է Հայաստանի հետ բարեկամության խումբը։ Պատվիրակության կազմում կլինեն նաեւ խմբի հայ անդամները: Երկու օր առաջ Վրաստանի նախագահի մամուլի խոսնակը պարզաբանեց, որ ամսի 23-24-ին սպասվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Վրաստան, այդ պատճառով իր երկրի նախագահը չի կարող Երեւանում մասնակցել 100-ամյա տարելիցի միջոցառումներին: Այդ օրը Թուրքիայում նախատեսված միջոցառումներին եւս Վրաստանից պատվիրակություն կմեկնի:

Պատվիրակության կազմում են Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն եւ անվտանգության եւ պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին: Հայաստանում հարեւան Վրաստանի նման ցածր մակարդակով ներկայացվածությունը չի զարմացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, ջավախաբնակ Մելիք Ռայիսյանին: Նա քմծիծաղով է մեկնաբանում Լուկաշենկոյի` հենց 23-24-ին նախատեսված այցը Թբիլիսի ու հեգնում է, որ եթե Հայաստանում ակնկալում էին, որ Վրաստանի նախագահը, իբրեւ հարեւան երկրի նախագահ, պարտավոր էր ներկա գտնվել, ապա Ադրբեջանը, Թուրքիան, Իրանն էլ են հարեւաններ` ինչո՞ւ նրանց ներկայությունը չի ակնկալվում: «Ցավոք, իր պետականության բոլոր լծակները Վրաստանը տվել է Թուրքիային եւ Ադրբեջանին»,- ասաց մեր զրուցակիցը` մանրամասնելով, որ պաշտոնական Թբիլիսին ինքնուրույն որոշումներ չի կարող կայացնել ու իրագործել, դրանք պարտադիր եւ ուղիղ համաձայնեցվում են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ:

Մեր զրուցակցին մեկ այլ բան է զարմացրել. Վրաստանի նախագահն ու վարչապետը, որոնց հակասությունները բոլորին են հայտնի, ու դրանք այն աստիճան են, որ վերջիններս շփման եզր համարյա չունեն, մեկ ամիս առաջ` Ռամադանի սկզբին, երկու անգամ միասին պաշտոնապես այցելել են Մառնեուլի ադրբեջանաբնակ շրջան` ի ցույց դնելով, որ վրացական պետությունը` նախագահն ու վարչապետը, շահագրգիռ եւ մտահոգ են իրենց համաքաղաքացիներով, նրանց խնդիրներով ու կիսում են նրանց տոնակատարությունները: Ռամադանին հետեւել է Սուրբ Զատիկը, որը նաեւ Ջավախքում բնակվող հայերի տոնն էր: Այդ առիթով պաշտոնական Թբիլիսիի արձագանքն այսպիսին է եղել` Վրաստանի պետնախարար Պաատա Զաքարիշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` շնորհավորելով հույն կաթոլիկներին, ասորիներին եւ հայերին տոնի առիթով: Վրացի բարձրաստիճան պաշտոնյաները ոչ միայն հարկ չեն համարել Զատիկի առիթով հայաբնակ Ջավախք այցելել, այլ անգամ Թբիլիսիի հայկական որեւէ եկեղեցում որեւէ արարողության չեն մասնակցել:

Այս ամենին զուգահեռ, մեր զրուցակցի հավաստմամբ, վրաստանաբնակ հայերի գլխին պատուհաս են դարձել միգրացիոն օրենսդրության նոր պահանջները, որոնք բխում էին Վրաստանի` ԵՄ ասոցացման համաձայնագրին միանալուց: Օրենքի կիրառումը թեեւ քանիցս հետաձգվել է, այս անգամ էլ մինչեւ հունիսի մեկն է ժամկետը երկարացվել, բայց Վրաստանի այն հայերը, որոնք ՌԴ եւ ՀՀ քաղաքացիներ են, մաքսակետերում բազմազան խնդիրների առջեւ են կանգնում: Պաշտոնական տվյալներով՝ 3149 ջավախահայեր հայտնվել են «սեւ ցուցակում»: Մեր զրուցակցի հավաստմամբ` այդ թիվը կրկնակի է: Նրանց տրվել է Վրաստանում բնակվելու իրավունք, բայց դա աբսուրդ է, քանզի այդ մարդիկ Վրաստանի քաղաքացիներ են` այդ երկրում ծնվել են, մեծացել, սովորել, ծառայել բանակում, վերջապես սեփական հողատարածքներ ունեն Վրաստանում՝ այն պարագայում, երբ վրացական օրենքներն արգելում են այլ երկրների քաղաքացիներին իրենց երկրում սեփականություն, հող ունենալ: Ու հիմա, եթե հանկարծ որեւէ մեկը փորձի հատել սահմանը, նրան ետ չեն թողնի Վրաստան` իր բնակավայր, քանի որ խախտել է օրենքը: «Քեզ տնից չեն վտարում, բայց եթե դու կամավոր դուրս ես եկել` էլ թույլ չեն տալիս քո տուն վերադառնալ, ասում են` Հայաստանի քաղաքացի ես: Պետությունն անօրեն կերպով վերցնում է մարդու քաղաքացիությունը»,- իրավիճակն ավելի հանրամատչելի բացատրում է մեր զրուցակիցը:

Մելիք Ռայիսյանին երկու հարց է հուզում. «Վրացի սահմանապահներին որտեղից այդ տվյալները, որ այդ մարդիկ Հայաստանի քաղաքացիներ են: Մարդը Ջավախքից դուրս է գալիս վրացական անձնագրով, որոշ ժամանակ անց վերադառնում է դարձյալ վրացական անձնագրով: Իրենց որտեղի՞ց այդ տվյալը, որ այդ մարդը ՀՀ քաղաքացի է: Ու ամենահետաքրքիրն այն է, որ երբ անցյալ տարվա սեպտեմբերի 1-ից այդ օրենքը սկսեցին կիրառել, Վրաստանում Ադրբեջանի դեսպանը հայտարարեց, որ այդ օրենքը Վրաստանի քաղաքացի ադրբեջանցիների վրա չի ազդում: Մինչդեռ Վրաստանում բնակվում է երկուսուկես անգամ ավելի ադրբեջանցի: Ստացվում է՝ դա բացառապես հայերի համար է արված: Վրաստանում բնակվում են նաեւ ասորիներ եւ քրդեր, բայց ոչ քրդական պետություն կա, ոչ ասորական, ուստի այդ խնդիրը նրանց էլ չի առնչվում»:

Թե ինչո՞վ են զբաղված Վրաստանում ՀՀ դեսպանն ու դեսպանատան աշխատակիցները` մեր հարցին Մելիք Ռայիսյանը բազմանշանակ գլուխը տարուբերեց. «Ես չգիտեմ` ո՞վ եւ ինչո՞վ է զբաղված, բայց մենք ոչ արգենտինահայություն ենք, ոչ էլ ուրուգվայցի, կպած Ջավախքի հայությունն ենք: Հայաստանում չգիտեի՞ն, թե այդ օրենքի կիրառումից հետո ինչ խնդիրներ են առաջանալու»: Ի դեպ, այս առիթով վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մելիք Ռայիսյանը շնորհակալություն է հայտնել վրացական կառավարությանը, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին իրենց չեն մոռացել եւ նոր արտաքսում են կազմակերպել հայերի համար. «Իրենք, իհարկե, շատ վատ են ընդունում ասածներս, բայց ես չեմ հասկանում` եթե օրենք է ու հավասար է բոլորի համար, թող հավասար գործի: Ինչո՞ւ ադրբեջանցիներին չի վերաբերում, հայերին վերաբերում է: Ես Վրաստանի արդարադատության նախարարին պաշտոնական նամակով դիմեցի` խնդրելով թվային տվյալներ ներկայացնել, թե որ ազգի քանի ներկայացուցչի են զրկել Վրաստանի քաղաքացիությունից: Տվյալներ չտվեցին, որովհետեւ ոչ մի ադրբեջանցի չկա այդ ցուցակում: Պատճառաբանեցին, որ տվյալներ չունեն»: Դիտարկմանը` սա Ջավախքը հայաթափելու ծրագի՞ր է, մեր զրուցակիցը հակադարձեց, որ նման ծրագիր վաղուց կար, ուղղակի գործընթացն ավելի կազմակերպված տեսք է ստանում:

Ամենացավալին այն է, որ այս ամբոջ պատմության մեջ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը չի երեւում: Ամիսներ առաջ Հայաստանից եւ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը եղան Վրաստանում, վերադարձան ու հայտարարեցին, որ խոսել են նաեւ ջավախահայության խնդիրների մասին, պայմանավորվածություններ են ձեռք բերվել: «Քննարկելու համար դու պիտի դիրքորոշում ունենաս, որը հետեւողականորեն կարողանաս առաջ տանել: Եթե դու դիրքորոշում չունես, դիրքորոշում ունենալու կամք չունես` ի՞նչ պիտի քննարկես»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930