Սպասվում է, որ այսօր Վեհաժողովը կընդունի
Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանում ապրիլի 23 կամ 24-ին ընդունվելու է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն: Այն արդեն շրջանառվում է վեհաժողովում, եւ դրա տակ ստորագրել են ԵԽԽՎ շուրջ 200 պատվիրակներ:
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը նստաշրջանի բացմանն անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը, սակայն չարտասանելով Հայոց ցեղասպանություն բառերը:
«Առավոտ» հարցին՝ ի՞նչ կշիռ եւ ազդեցություն կարող է ունենալ ԵԽԽՎ-ի ընդունած այս հայտարարությունը, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը պատասխանեց. «Նայած թե մենք ինչ ակնկալիքներ ունենք նման հայտարարությունների ընդունումներից ու ճանաչումներից: Այդօրինակ հայտարարությունների խորքում պետությունների կողմից ճանաչումներն են, դրանք պարզապես քայլեր են՝ դիրքորոշում արտահայտելու, որի մեջ չկա պարտադրանքի պահը: Կհետեւի դրան Թուրքիան, թե ոչ՝ ինքն է որոշում»: Արա Պապյանի բնորոշմամբ՝ «Եվրախորհուրդը շատ ավելի մարդու իրավունքների վրա կենտրոնացված կառույց է»: Հայտարարության կշիռը համեմատելով Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի հետ՝ պարոն Պապյանը նկատեց. «Ի տարբերություն ԵՄ-ի խորհրդարանի, որը ըստ էության ավելի լուրջ կառույց է, քանի որ ԵՄ-ն էլ՝ որպես ընդհանուր քաղաքականության մշակող կառույց, ավելի լուրջ է, այս հայտարարությունը առանձնապես մեծ կշիռ չունի: Մանավանդ որ, իմ կարծիքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն արդեն անցած էտապ է»:
Արա Պապյանը նաեւ դժգոհ է մնացել ՀՀ-ում կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հնչած՝ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի ելույթից: Արա Պապյանը նկատել է, որ ԵԽ գլխավոր քարտուղարը չի արտասանել Հայոց ցեղասպանություն բառերը, այլ խոսել է «ողբերգական դեպքերի» մասին, որը թուրքական ձեւակերպում է: Պարոն Պապյանը հնարավոր է համարում, որ ԵԽԽՎ-ի՝ նման հայտարարության ընդունումից հետո հավանաբար ԵԽ պաշտոնյաները կփոխեն իրենց բառապաշարը: Բայց ըստ Արա Պապյանի՝ այլ մեթոդների է պետք դիմել, պետք է բարձրացնել պահանջատիրության հարցը: Հետաքրքրվեցինք՝ բացի այն, որ մեր պատվիրակները ԵԽԽՎ-ում անմոռուկներ են բաժանել, ուրիշ աշխատանք կոնկրետ Հայոց ցեղասպանության հարցով ԵԽԽՎ հայկական պատվիրակության կողմից տեսնո՞ւմ է, Արա Պապյանն արձագանքեց. «Թող անմոռուկ բաժանեն, դա չի խանգարում լուրջ անելիքներին: Բայց ԵԽԽՎ-ն այն կառույցը չէ, որտեղ Հայոց ցեղասպանության հարցը պետք է լուծվի: Եթե խնդիրը պահանջատիրության հարց է, դա միջազգային դատարանի քննության առարկա է, իսկ ԵԽ-ն մարդու իրավունքների պաշտպանության մեջ մասնագիտացած կառույց է»:
Կարդացեք նաև
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.03.2015