Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատավոր Նախշուն Տավարացյանը միակողմանի դատ է արել՝ պատճառաբանելով, թե պատասխանողին չեն գտնում

Ապրիլ 24,2015 15:00

Մինչդեռ տույժ ու տուգանքներ սահմանած վճիռը, չգիտես ինչպես,
պատշաճ հասել է քաղաքացու հասցե

Դատական համակարգը բարեփոխելու նպատակով միջազգային կառույցներն ու ՀՀ պետբյուջեն միլիոնավոր գումարներ են հատկացնում, սակայն այսօր հենց դատարանները, որոնք կոչված են խախտված իրավունքը վերականգնելու, դրանք ոտնահարում ու մարդկանց անտեղի վնասներ են պատճառում:

Ինչ է թե դատական վեճն առնչվում է պետբյուջե տուգանք վճարել-չվճարելուն, ՀՀ վերաքննիչ դատարանն առանց կողմի դատ է արել եւ բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած արդար վճիռը: Քաղաքացի Լեւոն Թադեւոսյանը, որի գլխին ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանի վճռով 205 հազար 749 դրամի տուգանք է «սարքվել», ո՛չ տեղյակ է եղել, որ իրեն դատի են տվել, հետեւաբար ո՛չ էլ մասնակցել է դատական նիստերին: Լեւոն Թադեւոսյանը վերաքննիչի որոշման մասին պատահաբար տեղեկացել է այն փոստով ստանալուց հետո:

Քաղաքացուն դատի է տվել Կենտրոն վարչական շրջանը՝ պատճառաբանելով, որ քաղաքացի Թադեւոսյանը 2004 թվականից ի վեր չի վճարել Կենտրոն համայնքի Սախարովի 19 հասցեում զբաղեցրած 14,7 քմ հողամասի վարձավճարը: Հողի վարձավճարն այդքան տարիների համար կազմել է 35 հազար դրամ, 169 հազար դրամն էլ՝ չվճարելու հետեւանքով առաջացած տույժ ու տուգանքներն են:

Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ հայցվոր Կենտրոն Վարչական շրջանը պատասխանողին՝ Լեւոն Թադեւոսյանին, պատշաճ չի ուղարկել բողոքի պատճենը, ինչպես որ նախատեսում է քաղաքացիական դատավարության օրենսգիրքը: Թե՛ թաղապետարանը, թե՛ դատարանը պատասխանողի բացակայությունն ու միակողմանի նիստ կազմակերպելը արդարացրել են Լեւոն Թադեւոսյանի հասցեն չգտնելով: Մինչդեռ երբ տուգանքի մասին վճիռը կայացվել է, չգիտես ինչպես՝ Լեւոն Թադեւոսյանի հասցեն հայտնաբերել են:

Լեւոն Թադեւոսյանի խոսքերով՝ ինչպես հայցադիմումը, այնպես էլ վերաքննիչ բողոքը հայցվորը ներկայացրել է դատավարական նորմերի խախտումներով՝ հայցադիմումում չնշելով գործին մասնակցող անձանց բնակության հասցեները: Եվ, ըստ ամենայնի, հայցադիմումն ուղարկվել է զբաղեցրած հողամասի վրա կառուցված ավտոտնակի հասցեով՝ կարծես Լեւոն Թադեւոսյանն այդ ավտոտնակում է բնակվում: Ավտոտնակն էլ արդեն 10 տարի է՝ գոյություն չունի, քանդված է:

Ի դեպ, դատարանը նշել է, որ գործը քննվել է պատասխանողի բացակայությամբ, սակայն նրա պատշաճ ծանուցումն ապահովելու համար բոլոր հնարավոր դատավարական գործողությունները կատարվել են: Բայց թե դատարանն ի՞նչ դատավարական գործողություններ է կատարել, եթե անգամ չի պարզել, որ Սախարովի 19 հասցե պարզապես գոյություն չունի, եւ այն 1990-ականներից վերանվանվել է Հանրապետության փողոց, 2-րդ նրբանցք՝ պարզ չէ:

«Փաստորեն հայցադիմումն ուղարկել են սխալ, գոյություն չունեցող հասցեով»,- վրդովված ասում է Լեւոն Թադեւոսյանը՝ կասկածներ ունենալով, որ թաղապետարանը միտումնավոր է այդ հասցեն նշել:

«Ինչպես Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը արդար դատաքննություն չեն իրականացրել, քանի որ չեն ապահովել իմ մասնակցությունը, խախտել են իմ դատավարական իրավունքները, ինչի արդյունքում էլ Վերաքննիչ դատարանը կայացրել է չհիմնավորված անարդարացի որոշում, որը ենթակա է բեկանման»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Լեւոն Թադեւոսյանը: Նրա խոսքերով. «Իսկ եթե ես հանկարծ մահացած լինեի, այդ գումարները ումի՞ց պետք է գանձեին: Առաջին ատյանի դատարանի վճռի մասին էլ չէի իմանա, եթե չլիներ Վերաքննիչի վճիռը, գնում եմ այդ վճռի հետքերով ու տեսնում, որ առաջին ատյանի դատարանի վճիռ էլ է եղել»:

Չնայած նրան, որ Լեւոն Թադեւոսյանը մի շարք փաստաթղթային ապացույցներ ունի, որոնք վկայում են, որ նշյալ ավտոտնակն այլեւս իր հետ կապ չունի, եւ այն օրինական կարգով զիջել է Երեւանի դատական փորձագիտության եւ հոգեբանության ինստիտուտին, այդուհանդերձ՝ Լեւոն Թադեւոսյանը ստիպված է եղել իրեն վերագրված տույժ ու տուգանքը վճարել, որպեսզի Ռուսաստանի Դաշնություն գործնական այցերի ժամանակ բանկային հաշիվները չդրվեին կալանքի տակ ու չարգելափակվեին: Մինչդեռ պարոն Թադեւոսյանը համոզված է, որ եթե Վերաքննիչ դատարանը պատշաճ ապահովեր պատասխանողի, այսինքն՝ նրա մասնակցությունը նիստին, հնարավորություն կունենար ներկայացնելու այն բոլոր ապացույցները, որոնք էական նշանակություն կունենային գործի արդարացի քննության ու որոշում կայացնելու համար:

«Սակայն Վերաքննիչ դատարանը չի պահպանել ապացույցները բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ գնահատելու իր պարտականությունը, որն էլ ազդել է գործի ելքի վրա: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սկսած 13.04.2009 թ.-ից՝ լրացված է եղել իմ եւ ավտոտնակի նախկին տիրոջ՝ Թադեւոս Վարդանյանի միջեւ 13.04.1999 թ.-ին կնքված վարձակալության պայմանագրի ժամկետը, իմ անվամբ վարձակալության պայմանագիր առկա չի եղել, եւ որ ամենակարեւորն է՝ բացակայում է պատասխանողի, այն է՝ ինձ համար պարտականություն սահմանելու մասին իրավական փաստաթուղթը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ 2009 թ.-ին լրացել է վերը նշված պայմանագրի գործողության ժամկետը, եւ այդ ժամանակից սկսած նոր պայմանագիր չի կնքվել ինչպես Թ. Վարդանյանի, այնպես էլ իմ միջեւ, հետեւաբար վեճի շրջանակներում բացակայել են հայցապահանջի փաստական եւ իրավական հետեւանքները»:

Լեւոն Թադեւոսյանը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան, սակայն այս ատյանն էլ քաղաքացու դիմումը թողել է առանց քննության՝ պատճառաբանելով, թե Լեւոն Թադեւոսյանը վիճելի գումարի ոչ թե 2, այլ 3 տոկոսի չափով պետք է պետտուրք վճարեր, այնինչ պարոն Թադեւոսյանը վստահեցնում է, որ նշյալ գումարը վճարելու ժամանակ իրենց հենց այդպես են ասել:

Լեւոն Թադեւոսյանի խոսքերով՝ 2004 թվականին կա քաղաքապետի որոշումը ավտոտնակը քանդելու մասին, եւ Կենտրոն թաղապետարանն այդ մասին տեղյակ է, որը նույնպես չի առարկել, որպեսզի ավտոտնակի փոխարեն կառուցվի արդեն Երեւանի դատական փորձագիտության եւ հոգեբանության ինստիտուտի տնօրինության տակ գտնվող տարածքում նիստերի դահլիճ: Լեւոն Թադեւոսյանը 2004 թվականին գրավոր տվել է հօգուտ ինստիտուտի ավտոտնակից հրաժարվելու իր համաձայնությունը: Որ Լեւոն Թադեւոսյանն այլեւս կապ չունի նշյալ տարածքի հետ՝ վկայում է նաեւ Կենտրոն համայնքի՝ 2005 թվականին տված շինթույլտվությունը, համաձայն որի՝ թույլատրվել է ավտոտնակը զբաղեցնող տարածքի վրա կառուցել կցակառույցը: Կան նաեւ մի շարք այլ փաստաթղթեր, որոնք, սակայն, Լեւոն Թադեւոսյանն այդպես էլ հնարավորություն չի ունեցել դատարանին ներկայացնելու:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930