Լրահոս
Օրվա լրահոսը

Կուտակայինի վերադարձվելիք գումարներից «ձայն-ծպտուն չկա»

Ապրիլ 24,2015 14:30

Անցյալ տարվա մարտի 28-ին Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ ճանաչեց հակասահմանադրական:

Շողեր Բաբայանն այն քաղաքացիներից է, որն ի սկզբանե դեմ է եղել կուտակային բարեփոխումներին եւ մասնակցել է «Դեմ եմ» նախաձեռնության բոլոր ակցիաներին: Սահմանադրական դատարանի վերը նշված որոշմամբ՝ 2015թ.-ի հունվարի մեկից մինչեւ հուլիսի մեկն ընկած ժամանակահատվածում ֆոնդերը, ուր ուղղվել էին հարյուր հազարավոր քաղաքացիների կենսաթոշակների համար նախատեսված գումարները, պետք է վերադարձնեին անցյալ տարվա հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 1-ը պարտադիր կատարած կուտակային վճարումները: Գումարը հետ ստանալու համար քաղաքացուց պահանջվում էր համապատասխան դիմում ներկայացնել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա 2014 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը:
Հենց այս ժամանակահատվածում էլ Շողերը լրացրել է նշյալ կազմակերպությանը հասցեագրված դիմումը՝ տրամադրելով իր հաշվեհամարը՝ հույսով, թե 2015 թվականի հունվար-հունիս ամիսներին իրեն կվերադարձնեն այդ գումարները:

«Ես չեմ կարծում, որ չեն վերադարձնի մեր գումարը, քանի որ դիմողները քիչ են, ուրեմն քիչ գումար էլ պետք է վերադարձվի: Իսկ այդպիսի պայմաններում ավելորդ անգամ իրենք ռիսկի չեն դիմի, որպեսզի բողոքի ալիք չբարձրանա»,- ասում է Շողեր Բաբայանը:
«Դեմ եմ» ակցիայի մասնակիցների հիմնական հատվածին այս խնդիրը չի վերաբերում, քանի որ մասնավոր հիմնարկների շատ գործատուներ թեժ պայքարում էին պարտադիր կուտակայինների դեմ: Այդ ընթացքում նրանք իրենց աշխատողներից գումար չեն պահել, եւ այժմ կարիք էլ չկա դրանց փոխանցման:

Այն հարցին, թե ինչ կձեռնարկի «Դեմ եմ»-ը, եթե չվերադարձվի գումարը, Շողեր Բաբայանն ասաց. «Բնականաբար, կարձագանքենք: Ուղղակի շատերը չունեն նման խնդիր: «Դեմ եմ»-ի մասնակիցների մոտավոր երեսուն-քառասուն տոկոսը միայն ունի նման խնդիր: Սա, իհարկե, փոքր ցուցանիշ է պայքարում հաղթանակի հասնելու համար»:

ԳԱՅԱՆԵ ՄԱԴԱԹՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930