Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործով անցնողները Հատուկ քննչական ծառայության սուբյեկտներ չեն

Ապրիլ 24,2015 14:00

ՀՀ գլխավոր դատախազն այլ նախաքննական մարմնից վերցրել
եւ գործերը փոխանցել է Հատուկ քննչական ծառայություն

«Առավոտը» ներկայացնում է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով նախկինում կարճված կամ կասեցված, իսկ այժմ՝ վերսկսված քրեական գործերը, որոնք քննության են ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն:

Այսպես՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Արմեն Ս.-ն հայտնել է, որ 2003թ. նոյեմբեր-դեկտեմբերին Կարեն Խ.-ն ու Արթուր Ք.-ն, դուրս գալով այլ նպատակով տրված լիազորագրի սահմաններից, առանց իր գիտության 985 հազար ԱՄՆ դոլարով Մխիթար Վ.-ին են վաճառել իրեն պատկանող 7 հազ. քմ հողամասը, որի վաճառքից ստացված գումարից իրեն են տվել միայն 430 հազար ԱՄՆ դոլարը, իսկ մնացած՝ 550 հազար ԱՄՆ դոլարը խարդախությամբ հափշտակել են: 2014 թվականի հոկտեմբերի 3-ին քրեական գործով վարույթը կարճվել է՝ Արթուր Ք.-ի, Կարեն Խ.-ի ու Արմեն Ս.-ի արարքներում հանցակազմի բացակայության հիմքով, այն պատճառաբանությամբ, որ նրանց միջեւ առկա հարաբերությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ: Քրեական գործով կարճված վարույթը վերսկսվել է եւ ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Մեկ այլ գործով էլ՝ քաղաքացի Արմեն Շ.-ն 2014 թվականի հոկտեմբերի 27-ին Թուրքիայի Հանրապետությունում քննությամբ չպարզված անձից առանց իրացնելու նպատակի ձեռք էր բերել խոշոր չափի «հաշիշ» տեսակի թմրամիջոց, ինչպես նաեւ գազային ատրճանակ՝ 10 փամփուշտով, եւ 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի 20 փամփուշտ, որոնք մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործին է միացվել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված՝ ՌԴ Մոսկվա քաղաքից ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի «Մեթադոն» տեսակի թմրամիջոցը մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Արմեն Շ.-ին մեղադրանք է առաջադրվել եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Մեկ այլ ուշագրավ գործ էլ կա ՀՔԾ-ում, ուշագրավ, քանի որ քրեական գործով անցնողները Հատուկ քննչական ծառայության սուբյեկտներ չեն, սակայն օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի նախաքննության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազն այլ նախաքննական մարմնից վերցրել եւ փոխանցել է Հատուկ քննչական ծառայություն:

Ըստ Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության, ՀՀ Արագածոտնի մարզի մի շարք համայնքների վարչական տարածքներում գտնվող ոռոգման խողովակաշարերի օտարման վերաբերյալ նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիշյալ մարզի համայնքների ղեկավարները, հանդիսանալով պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, այն է՝ խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի՝ համայնքային կարիքների համար անհրաժեշտ բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերումը սահմանված ընթացակարգով իրականացնելու պահանջները, առանց աշխատանքային նախագծա-նախահաշվային փաստաթղթերի առկայության, ինչպես նաեւ կատարվելիք աշխատանքների ծավալների ու գումարի չափի մասին պատկերացում ունենալու՝ պաշտոնատար անձինք ՍՊ ընկերության հետ կնքել են ջրագծի կառուցման միասնական շինարարական աշխատանքների կապալի պայմանագիր եւ համայնքների սեփականություն հանդիսացող տարբեր տրամաչափերի խողովակներն առանց գնահատելու օտարել են կապալառու ընկերությանը, որի արդյունքում խողովակաշարը ապամոնտաժվել է, կորցրել է նպատակային նշանակությունը, եւ էական վնաս է պատճառվել համայնքների օրինական շահերին: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը հանցակազմի բացակայության հիմքով կարճվել էր եւ որոշում էր կայացվել պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Մեկ այլ դեպքում էլ՝ 2013 թվականի հուլիսի 7-ին՝ ժամը 4-ի սահմաններում, անհայտ անձն ապօրինի կերպով պահած՝ չպարզված պայթուցիկ նյութի միջոցով դիտավորությամբ վնասել է քաղաքացի Գրիշա Մ.-ի կողմից շահագործվող ավտոմեքենան՝ վերջինիս պատճառելով խոշոր չափի գույքային վնաս: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Բացի այդ, 2013 թվականի նոյեմբերի 24-ին անհայտ անձն իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակելիս դիտավորությամբ վնասել է նաեւ քաղաքացի Գրիշա Մ.-ին պատկանող մյուս ավտոմեքենան` պատճառով գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության հիշյալ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հիշյալ քրեական գործերով վարույթները կասեցվել են` գործով որպես մեղադրյալ ներգրավվող անձի անհայտ լինելու պատճառով: Քրեական գործերով կասեցված վարույթները վերսկսվել են եւ ՀՀ գլխավոր դատախազի կողմից դրանք ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս պահին կա մեկ գործ էլ. 2014 թվականի օգոստոսի 3-ին Երեւանի Շինարարների փողոցի շենքերից մեկի դիմաց քաղաքացի Սարգիս Կ.-ն իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Ալմաստ Ջ.-ին` անզգուշությամբ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ: Ալմաստ Ջ.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ էլ 2014 թվականի օգոստոսի 10-ին, ստացած մարմնական վնասվածքների հետեւանքով գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ քննվել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում: ՀՀ գլխավոր դատախազի կողմից քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությունը շարունակվում է:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930