Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերային ստուդիան միայն իր ուժերով ներկայացում իրականացրեց

Ապրիլ 24,2015 13:00

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի համար ընթացիկ տարին հոբելյանական է. լրանում է մշակութային այս օջախի հիմնադրման 35 տարին: Օպերային ստուդիայի ակունքներում կանգնած էին մեծանուն արվեստագետներ՝ կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը, դիրիժոր Ռաֆայել Մանգասարյանը, ռեժիսոր Վահագն Բագրատունին: Ստուդիայում բեմադրվել են Մոցարտի, Ռախմանինովի, Ռոսինիի, Լեոնկավալոյի, Չայկովսկու եւ համաշխարհային օպերային գրականության հանրահայտ գործերի այլ հեղինակների ներկայացումներ: Հայաստանյան իրականության մեջ առաջին անգամ տարբեր տարիների ներկայացվել են Չիմարոզայի «Դիրիժոր», Պուչինիի եռապատումը՝ «Թիկնոց», «Քույր Անժելիկա», «Ջանի Սկիկի», ինչպես նաեւ «Ծիծեռնակ», Դոնիցետիի «Լուչիա դի Լամերմուր», «Սիրո ըմպելիք» օպերաները: Ավելին, ստուդիայի ստեղծագործական կոլեկտիվը հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանի, Ամերիկայի քաղաքներում եւ այլուր:

Օրերս ստուդիայում կայացավ Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ» օպերայի պրեմիերան, որի բեմադրիչն է կոնսերվատորիայի օպերային պատրաստվածության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյանը, բեմադրող դիրիժորը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան Ռուբեն Ասատրյանը: Առաջին անգամ 35-ամյա օպերային ստուդիայի գործունեության ընթացքում հիշյալ ներկայացմանը ներգրավված էին միայն կոնսերվատորիայի ուսանողները: Դերերգերով հանդես եկան Մանե Գալոյանը (Ռոզինա), Տաթեւիկ Էվրիյանը (Բերտա), Գրիգոր Աբրահամյանը (Ֆիգարո), Սերգեյ Սարգսյանը (Բազիլիո), Բորիս Տյոմկինը (Ֆերանդո), Տիգրան Օհանյանը (Կոմս), Անդրանիկ Մկրտչյանը (Ֆիորելո) եւ Խաչիկ Բեկյանը (Զինվորական):

Operayin_studia_3

Տեսարաններ «Սեւիլյան սափրիչ»-ից:

Operayin_studia_1

«Առավոտի» հետ զրույցում երաժշտագետ, կոնսերվատորիայի պրոֆեսոր Նելլի Ավետիսյանը հավաստիացրեց, որ ուսանող-արտիստները խորությամբ են ընկալել Ռոսինիի հումորային դրսեւորման ամենավառ արտահայտություն համարվող այս օպերան: «Հիանալի էին ոչ միայն արիաները, այլեւ անսամբլներում երաժշտության ու գործողության միասնությունը: Ընդ որում, ազգային երաժշտության ռիթմերով ու ինտոնացիաներով լի «Սեւիլյան սափրիչը» մեր ուսանողները իսկապես բարձրարվեստ ներկայացրին»,- հայտնեց երաժշտագետը:

Դիրիժոր Ռուբեն Ասատրյանը մեկ անգամ եւս նշելով, որ ներկայացմանն ընդգրկված էին միմիայն ուսանողները, խոսեց նվագախմբի մասին. «Շուրջ 15 տարի վարում եմ նվագախմբային վարպետություն առարկան: Ուսանողական այս նվագախումբը վերջին շրջանում ներգրավված է եղել հայաստանյան տարբեր միջոցառումներում: Ներկայացումը իրոք հաջողվեց՝ շնորհիվ ուսանողների երաժշտական կատարողական, չեմ վախենում ասել՝ բարձր մակարդակի ու նրանց բեմական բարձրարվեստ խաղի: Թերեւս մասնագետները կհաստատեն, որ կոմիկական այս օպերայի մատուցումը այդքան դյուրին չէ: Ի դեպ, 2014թ. դեկտեմբերին դիրիժոր Հովհաննես Միրզոյանի ղեկավարությամբ օպերան հանդիսատեսին ներկայացավ համերգային կատարումով»:

Մեր հարցին՝ առաջիկա պլաններում նախատեսված չէ՞ օպերային ստուդիան դարձնել փոքր օպերայի թատրոն, կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը պատասխանեց. «Ստուդիան ապրում է բուռն ստեղծագործական կյանքով, ուղի է հարթում երիտասարդ կատարողների համար դեպի մեծ բեմեր: Այո, նախկինում բեմադրություններում հրավիրել ենք նաեւ Ազգային օպերային թատրոնից երգիչներ, տարբեր նվագախմբերից արտիստներ, բայց դա այլեւս չի կրկնվելու: Ստուդիայում իրենց առաջին քայլերը պետք է կատարեն, ավելին՝ փորձառություն ձեռք բերեն մեր ուսանողները: Մեկընդմիշտ պետք է հասկանալ, որ օպերային ստուդիան կոնսերվատորիայի ուսման գործընթացի մի մասն է»:

Զրույցի ընթացքում ռեկտորից նաեւ հետաքրքրվեցինք ուսանողների ներգրավվածությամբ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Շահեն Շահինյանը նշեց, որ ուսանողներն ու կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի գործող երաժիշտները դեռեւս 2014-ից մասնակցություն են ունեցել հայաստանյան եւ արտերկրյա միջոցառումներին: «Ընդհանրապես, առանց կոնսերվատորիայի մասնակցության ոչ մի միջոցառում չի կայանում, եթե փաստենք, որ պետական երաժշտական կոլեկտիվներում աշխատում են բացառապես մեր շրջանավարտները: Օրերս էլ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, դարձյալ ուսանողների ուժերով, կայացավ եղեռնի զոհերի ոգեկոչման համերգ»,- ասաց ռեկտորը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930