Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Պուտինը գնա Ծիծեռնակաբերդ, այն չի կորցնի իր գլխավոր՝ դատապարտող իմաստը»

Ապրիլ 24,2015 12:30

Այս կարծիքին է բլոգեր Տիգրան Քոչարյանը

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի մի շարք քաղաքներում մինչեւ ապրիլի 24-ն արգելվել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող որեւէ պաստառ տեղադրել: Ու եթե դրանք նույնիսկ դրվել են, ապա կարճ ժամանակ անց հեռացվել են:

Օրերս էլ Մոսկվայի մարզի Շչոլկովո քաղաքում գովազդային դատարկ վահանակների վրա հայազգի բնակիչները ցանկացել են իրենց միջոցներով մոտ տասը պաստառ պատվիրել ցեղասպանության թեմայով, սակայն գովազդային վահանակներից չորսի սեփականատերերը հրաժարվել են եւ նրանցից միայն մեկն է բացատրել, որ իրենց վերահսկող մարմինն արգելել է այդ բովանդակությամբ պաստառ տեղադրելը:
Բլոգեր Տիգրան Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար անդրադառնում է վերոնշյալ հարցին ու տեղադրում լուսանկարներ բոլոր այն քաղաքներից, որոնք Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաստառներ են տեղադրել: Վերջին գրառումը, որը կատարել է Տիգրան Քոչարյանը, վերաբերում է Սոչի քաղաքին: Իր գրառման մեջ նա ներկայացնելով հերթական ֆոտոշարքը՝ նշում է. «Շատերը գիտեն, որ Սոչի քաղաքի իշխանությունները հանել են Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված բոլոր պաստառները քաղաքի բոլոր գովազդային վահանակներից: Իսկ Սոչիի ամենահայտնի ռեստորաններից մեկի՝ «Դվին Ամրոցի» սեփականատերը մեծ քյաբաբ դնելով Սոչիի իշխանությունների պրոթուրքականության վրա, վերցրել ու տեղադրել է պաստառը ռեստորանային համալիրի մուտքի մոտ: Շատ ափսոս, որ այսպիսի դուխով մարդիկ չեն գտնվում Ռուսաստանում հայկական կառույցների ղեկավար օղակներում, հակառակ դեպքում՝ Սոչիի քաղաքապետի նմանները ռիսկ չէին անի նման քայլ անել»:

«Առավոտն» անդրադառնալով թեմային, Տիգրան Քոչարյանին հարցրեց՝ արդյոք Ծիծեռակաբերդը չի՞ կորցնի իր, այսպես կոչված, գլխավոր՝ դատապարտող իմաստը, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին գնա Ծիծեռնակաբերդ: «Ոչ, չի կորցնի: Ռուսաստանում, այդ թվում եւ՝ Մոկվայում, գրեթե բոլոր քաղաքներում պաստառները դրվում են, իսկ այս հատուկենտ դեպքերը հիմնականում կապված են տեղական իշխանությունների՝ ադրբեջանցիների հետ ունեցած կապերով՝ խավիար կամ ուղղակի գումար… Ռուսաստանը, որպես Ցեղասպանություն ճանաչած երկիր, իր ամենաբարձր մակարդակով է ներկա լինելու, ինչը չես ասի այլ երկրների մասին, որոնք կամ չեն մասնակցելու արարողությանը, կամ ձեւականորեն դեսպանների մակարդակով են ներկա լինելու, կամ էլ՝ էլի «Մեծ Եղեռն» ասելով՝ փորձելու են «կռուտիտ» լինել: Արքայազն Չարլզից ընդհանրապես չխոսեմ եւ հարցին հարցով պատասխանելով՝ ասեմ, եթե բրիտանական պետության որեւէ ներկայացուցիչ այդ օրը երեւա Ծիծեռնակաբերդում՝ Ծիծեռնակաբերդը կկորցի՞ իր գլխավոր՝ դատապարտող իմաստը»,- եզրափակեց Տիգրան Քոչարյանը:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930