«System of a down» ռոք խմբի համերգն այսօր Հանրապետության հրապարակ էր բերել ոչ միայն ռոք երաժշտության սիրահարներին, այլեւ` ռաբիսի:
Նախքան համերգի սկսվելը Հանրապետության հրապարակ եկած երիտասարդներից մեկն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը երբեք չի լսել «System of a down» խմբի երգերը, չգիտի էլ բեմի վրա ովքեր են երգելու: Այդ դեպքում ինչո՞ւ է եկել հրապարակ, մեր այս հարցին երիտասարդն ասաց. «Մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի, թե ինչպիսի համախմբված է հայ ժողովուրդը»:
Մեր հարցին էլ` գուցե համերգը լսելուց հետո սկսի՞ սիրել ռոք երաժշտություն, երիտասարդն ասաց. «Ես ավելի շատ սիրում եմ կլասիկ, Թաթուլ»:
Կարդացեք նաև
ԱՄՆ-ից ժամանած Հայդուկ Առաքելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստան է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համար. ռոքի սիրահար չէ, բայց եկել է հրապարակ վայելելու այն:
Մեր հարցին` թե ի՞նչ կարծիք ունի աշխարհի վերաբերմունքի մասին Հայոց ցեղասպանության ընդունման հարցում, հատկապես ԱՄՆ-ի եւ Գերմանիայի վերաբերմունքի, Հայդուկ Առաքելյանն ասաց. «Ճիշտն ասած` մեծ կարեւորություն չեմ տալիս, ընդունեն-չընդունեն, մենք քայլելու ենք առաջ»:
«System of a down»-ի համերգն այսօր սկսվեց մի փոքր ուշացումով, տեղացող անձրեւը ռոք խմբի իսկական սիրահարներին չէր խանգարում: Հատկապես երիտասարդները հորդառատ անձրեւի տակ պարում էին ու երգում խմբի մենակատար Սերժ Թանկյանի հետ: Համերգը մեկնարկեց «Holy Mountains» երգով: Թանկյանն ի թիվս խմբի հանրահայտ երգերի, հրաշալի կատարեց նաեւ Սարդարապատ երգը:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար մշտապես պայքարող «System of a down» ռոք խումը «Wake up the souls» («Արթնացրեք հոգիները») խորագրով համերգային շրջագայության էր եվրոպական մի շարք քաղաքներում. ապրիլի 20-ին խումբը համերգ է ունեցել Մոսկվայում, իսկ շրջագայությունն ավարտվում է երեւանյան համերգով:
Նշենք նաեւ, որ այսօր առավոտից խմբի երկրպագուները Հանրապետության հրապարակ տանող փողոցներում սպասում էին երեկոյան համերգին. նրանք առավոտից արդեն հերթ էին պահում հրապարակին հարակից տարածքներում, որպեսզի կարողանային բեմին մոտ տեղ գրավել` հենց որ մուտքը բացվեր դեպի հրապարակ: Մինչդեռ Հանրապետության հրապարակում բավականին ազատ տեղ էր. սպասվածից մի փոքր քիչ մարդ էր հավաքվել, հավանաբար, անձրեւն ու ուղիղ հեռարձակման հնարավորություն էր պատճառը, որ հրապարակն այնքան էլ լեփ-լեցուն չէր:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Հ. Գ. Համերգի վերջում Սերժ Թանկյանը մի քանի խոսք ասաց Հայաստանի անցյալի ու ներկայի մասին: Թանկյանի խոսքը, «Սիվիլնեթի» թարգմանությամբ՝ ներկայացված է ստորև:
«Վերջին օրերին չեմ կարողանում լավ քնել։ Միակ բանը, որի մասին մտածում եմ տատիկս և պապիկս են։ Տատս շատ փոքր էր, երբ…. ճանապարհ ընկավ իր տատիկի հետ։ Տատիս փրկողը թուրք քաղաքապետ էր։ Թուրքիայի կառավարությունը պետք է այդ փրկիչներին հերոսացնի, ոչ թե ժխտի ակնհայտը՝ պատմությունը։ Պապս հինգ տարեկան էր, երբ տեսավ իր հորը մեռնելիս. նա սովից կորցրել էր տեսողությունը, ճանապարհին նա ի վերջո հայտնվել է Հունաստանում գտնվող ամերիկյան մանկատանը։ Միացյալ նահանգների Մերձավոր արևելքի նպաստամատույց ընկերությունը մարդասիրական անհավանական գործ է արել աշխարհում՝ հատկապես հայ որբերին փրկելու հարցում։ Այնպես որ, փաստը, որ ԱՄՆ-ը սխալ բառ է ընտրում ճանաչելու այն, ինչ մենք գիտենք որպես ցեղասպանություն, սարսափելի է ոչ միայն մեզ, այլև ամերիկացիների համար։
Ռուսաստանը նույնպես շատուշատ որբերի և երեխաների է փրկել Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրության արևելյան սահմանին։ Նա հիանալի մշակութային դաշնակից, հարևան է եղել՝ մշակութային, քաղաքական և տնտեսական տեսանկյունից միաձուլված մեր երկրին։ Լավ ընկերներ են։ Բայց մենք՝ որպես վերապրածներ, որպես վերապրած ազգ՝ պետք է ցանկացած կառավարության աչքերին նայենք հավասարը հավասարի պես՝ երբևէ չլինելով որևէ մեկի հաճախորդը։
Մենք երկար ճանապարհ ենք անցել: Հայաստանն իր 20 տարիների անկախության ընթացքում շատ ճանապարհ է անցել, բայց դեռ սարսափելի շատ բան կա անելու։ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի կառավարության պատասխանատվությունն է ընդունել իրավահավասար քաղաքացիական հասարակության սկզբունքները, ազատվել ներկայի ինստիտուցիոնալ անարդարությունից և կանխել երկրի մարդաթափումը, որ այժմ տեղի է ունենում։ Մենք System of a Down-ն ենք, և մեր պարտականությունն է ձեզ ասել այս բաները և միաժամանակ ցնցել ձեզ»:
Հոդվածագիրն ել <> ոճի մեջա, լրագրության դիֆիցիտ ունենք