«Զաքիր Հասանովի կատարած հայտարարությունը հող նախապատրաստեց այդ տեսանյութի տարածման համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Razm.info ռազմական կայքի փորձագետ Վռամ Խոջագորյանը:
Նրա խոսքերով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ հանդիպման ընթացքում արած հայտարարությունը, թե ադրբեջանական զինուժն հրաման ունի շփման գծում ոչնչացնել ցանկացած շարժող օբյեկտ դրական ազդեցություն է ունեցել ադրբեջանական լսարանում՝ չնայած նրան, որ ռազմական տեսանկյունից իրենց նպատակին չեն հասել. «Մենք չունեցանք կորուստ, ես կարծում եմ, որ առավելագույնը միայն բեռնատար մեքենան տեխնիկական վնասներ ստացած կլինի»:
Վռամ Խոջագորյանը շեշտեց, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն է այդ հանդիպումից տեղեկություններ տարածել, եւ այդ պատճառով նա հնարավոր է համարում, որ Անջեյ Կասպշիկը այդ հայտարարությանը հակադարձել է, սակայն դա դուրս է մնացել մամուլի հաղորդագրությունից. «Չեմ կարծում, որ հույս պետք է կապենք ինչ-որ դիվանագիտական կառույցի հետ: Ըստ էության, զարմանալի է, որ մենք ամեն անգամ վրդովված ասում ենք, թե ինչո՞ւ միջազգային կառույցները չեն արձագանքում: Ես մի եզրակացության եմ հանգել, որ հարցը դիվանագիտական դաշտից վաղուց դուրս է եկել, այսինքն՝ այստեղ ով ավելի ուժեղ բռունցք կցուցադրի, նա էլ իրավիճակային առավելությունը կստանա: Ապավինել, որ համանախագահները պետք է հայտարարությամբ հանդես գան եւ դա պետք է սաստի Ադրբեջանին, պետք չէ»:
Նա համարում է, որ Ադրբեջանի վրա ավելի շատ ազդեցություն կունենա, եթե միջնորդի բարձր մակարդակի քաղաքական գործիչ, ինչպես դա եղավ 2014 թվականի ամռանը, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպեցին ՌԴ նախագահին. «Համանախագահները վաղուց իրենց սպառել են: Բայց որոշ առումով, մեզ ձեռնտու է համանախագահների գոյության փաստը. Մենք անընդհատ նրանց վրա հղում կատարելով ասում ենք, որ կշարունակենք բանակցությունները: Որքան էլ մենք հասկանում ենք, որ շատ մեծ է ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, ինչքան երկար ժամանակ խաղաղությունը պահպանվի, այնքան մենք ավելի շատ հնարավորություն ունենք մեր ռեսուրսները կատարելագործել, մեր սպառազինումը նորագույն տեխնիկայով համալրել»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Մեր առաջին նպատակը պետք է լինի բնակչության ավելացումն Արցախում, դա է հաղթանակի գրավականը: Հողին տեր է պետք: