Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյան. «Այո՛, ապրիլի 24-ը մեզ, հայերիս համար, ոչ այնքան սգո, որքան որ պայքարի, վրիժառության ու վերածննդի օր է»

Ապրիլ 23,2015 21:30

ՀՀ ԵԿՄ նախագահ Արցախի հերոս, գեներալ – լեյտենանտ ի ուղերձը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ

ՀՀ Երկրապահ կամավորականների միության,  Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների, եռասերունդ  երկրապահի և անձամբ իմ անունից , ի  շարունակություն մեր դեռ երկու տարի առաջ սկսած  միջոցառումների, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ  այս  ուղերձն եմ հղում հայ ժողովրդին ու   առաջադեմ համայն մարդկությանը:

Ամեն տարի ապրիլի 24-ին համայն հայությունը Հայաստանում, Արցախում և աշխարհի տարբեր անկյուններում ոգեկոչում է ցեղասպանության զոհ դարձած մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների հիշատակը:

Այս առումով հայության կողքին է աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը, ով գլուխ է խոնարհում անմեղ զոհերի հիշատակի առջև՝ հոգու խորքում պահելով պարտքի զգացումն ու հաստատակամությունը՝ անել հնարավոր ամեն բան հայ ժողովրդի հանդեպ իրականացրած այդ հրեշավոր ու աննախադեպ ոճրագործության՝ ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ:

1895 – 1923 թթ-ին Օսմանյան կայսրության կողմից պետականորեն իրականացվել է հայ ժողովրդի բնաջնջման և հայրենազրկման ծրագիր: Ողբերգության ողջ ծավալն ու խորությունը գիտի և երբեք չի մոռանա յուրաքանչյուր հայ՝ աշխարհի որ անկյունում էլ լինի:

Այո՛, ապրիլի  24-ը մեզ, հայերիս  համար, ոչ այնքան սգո, որքան որ պայքարի, վրիժառության ու վերածննդի օր է:

Հակառակ Օսմանյան կայսրության և թուրքական նոր իշխանությունների երկար տարիների հրեշավոր ծրագրերի, հայ ժողովուրդը վերապրեց Մեծ եղեռնը: Մաքառեց և 20-րդ դարն ամփոփեց պատմական հայրենիքի մի հատվածի վրա անկախ պետականության հաստատմամբ: Թուրք – ադրբեջանական հակահայ ընդհանուր ծրագրից, Հայաստան – Արցախ – Սփյուռք եռամիասնության շնորհիվ ազատագրվեց Արցախը, և որպես անկախ պետություն Մայր Հայաստանի հետ, ձերբազատվելով Ցեղասպանության բարդույթից՝ հպարտորեն քայլում է 21-րդ դարի ընթացքի հետ:

Մեր պայքարը մեր ինքնության պահպանման  ու մեր պատմական հայրենիքի համար շարունակվում է:

Այսօր՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին, մեր առջև բացվում են պատմական ճշմարտության վերականգման հորիզոնները, և անմեղ զոհերի հիշատակը, թափված արյունն ու կորցված հայրենիքը մեզ  միասնության ու մեր պետության շուրջ համախմբման  են կոչում:

Մենք շնորհակալ ենք առաջադեմ մարդկությանը սրտացավ ու արդարամիտ պահվածքի համար:

Վատիկանի Սուրբ  Պետրոս տաճարում մատուցված պատարագն ու Հռոմի  պապ Ֆրանցիսկոս առաջինի ելույթը,  Եվրախորհրդարանի ընդունած վերջին բանաձևը, երկու տասնյակից  ավելի պետությունների կողմից Հայոց ցեղասպանության  ճանաչումը առաջադեմ  մարդկության արդարացի մոտեցումն են: Մենք  կարծում ենք, որ այդ մոտեցումը  կշարունակվի  այնքան,  մինչև  Թուրքիան  հարկադրված կգնա համապատասխան զիջումների,  փոխհատուցման,  հայկական պատմական տարածքների վերադարձման:

Ցեղասպանության զոհերի հիշատակն ու կորցրած հայրենիքի ցավը մեզանից պահանջում է լինել ուժեղ և հզոր: Հայոց պետականության հզորացումը միլիոնավոր զոհերի պահանջն է ու ցեղասպանության պատասխանը:

Հայ ժողովրդին պարտադրված վերջին պատերազմում ձեռք բերած հաղթանակի ու անկախացած Արցախի համար մարտնչած հայորդիների, երկրապահ կամավորականների նոր սերունդն է արդեն հպարտորեն քայլում՝ հավաստիացնելով, որ պահպանելու է ձեռքբերումները և շարունակելու է պահանջատիրական իր պայքարը: Պայքար, որի դրոշը հավատն է սեփական ուժերի հանդեպ և որի ուժը համայն հայության միասնությունն է:

Այս միասնությանն են մեզ կոչում ապրիլի 22-23-ը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Երևանում կազմակերպված ,, Ընդդեմ ցեղասպանության հանցագործության հինգ տասնյակ երկրներից միջազգային հանրության կողմից ճանաչված 600 մասնակիցների երկօրյա գլոբալ ֆորումի ընթացքում հնչած կոչերն ու ուղերձերը:

Այս միասնությանն են մեզ կոչում ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սրբադասված մեր միլիոն ու կես նահատակները, մի սրբազան արարողություն, որ վերջին անգամ կատարվել է 400 տարի առաջ:

Այս միասնությանն են մեզ կոչում ապրիլի 23-ի երեկոյան ժամը 19:15 համայն աշխարհով սփռված Հայոց և տարբեր այլ քույր եկեղեցիների զանգերի 100 ղողանջները:

Միասնությամբ մենք կհասնե՛նք մեր համազգային բոլոր խնդիրների լուծմանը:

Միասնությամբ մենք կպաշտպանե՛նք աշխարհի ցանկացած անկյունում գտնվող յուրաքանչյուր հայի:

Ուրեմն, միասնությամբ ոգեկոչե՛նք ցեղասպանության զոհերի հիշատակն ու հզորացնենք մեր երկիրը՝ համայն հայության հայրենիքը, հանուն պատմական ճշմարտության վերականգման, հանուն Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման, արդարացի պահանջատիրության ապահովման ու  մեր  պատմական տարածքների  փոխհատուցման:

ՀՀ ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,

ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ

ԳԵՆԵՐԱԼ – ԼԵՅՏԵՆԱՆՏ                             

Մ. Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930