«Թուրքիան այսօր զբաղեցնում է հայ ժողովրդի հողերի մեծ մասը. հողեր, որոնք հայերին Աստված էր պարգևել։ Դրա դեմ բողոքել հնարավոր է միայն դատարկ բառերով և քաղաքական նկատառումներից ելնելով։ Իսկ երբ կան աղբյուրներ, ապա բոլոր նմանատիպ խոսակցությունները լռում են»,- ասում է ռուսաստանցի հայտնի գործարար և մեկենաս Գերման Ստերլիգովը, որն այս օրերին Հայաստանում է գտնվում և պատրաստվում է վաղը մասնակցել սգո երթին:
Նա այսօր Երևանի պետական համալսարանին (ԵՊՀ) նվիրեց Իվան 4-րդ Ահեղի հրամանով 16-րդ դարում ստեղծված մի տարեգրության պատճեն, որում ներկայացված է աշխարհի պատմությունը՝ հնագույն դարերից մինչև 1550-ական թվականները։
Սա բացառիկ նվեր է, քանի որ 38 հատորից բաղկացած այդ տարեգրության հեռապատճենահանված (ֆաքսիմիլային) տարբերակը ներկայումս միակն է աշխարհում:
Ռուս գործարարի խոսքով՝ Իվան Ահեղի տարեգրության մեջ Հայաստանը մեկ անգամ չի հիշատակվում: Ըստ նրա՝ այդտեղ վկայություններ կան հայերի մասին, հայերին պատկանած բնակավայրերի, սահմանների մասին, որոնք բավականին ընդարձակ են ներկայիս Հայաստանի սահմանների համեմատ:
Կարդացեք նաև
«Այդ ամենը կարող է հիմք ծառայել՝ պարզելու, թե իրականում ում ինչ հող է պատկանում»,- ընդգծեց Գերման Ստերլիգովը՝ հավելելով, որ այդ տարեգրության նյութը կարևոր ու արժեքավոր է ոչ միայն Հայաստանի, այլև հետազոտողների համար:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը համաձայնեց, որ ռուս մեկենասի նվիրած նյութերը լուրջ փաստաթղթեր են այն համալսարանականների ու դասախոսների համար, որոնք ցանկանում են հետազոտություններ իրականացնել: «Համոզված եմ, որ կլինեն շատ գիտնականներ, որոնք կօգտագործեն այս ձեռագրերում ամփոփված վկայությունները»,- ասաց Արամ Սիմոնյանը:
ԵՊՀ ռեկտորն էլ իր հերթին Հայաստանին վերաբերող գրքեր նվիրեց Գերման Ստերլիգովին:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ