Ֆրանսիացի արձակագիր Բերնար Վերբերը Հայաստանում է: Ապրիլի 23-ին «Լոֆթ» ժամանցային կենտրոնում նա հանդիպեց իր հայ ընթերցողների հետ: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաեւ հայերեն թարգմանված իր պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը:
Հանդիպման ընթացքում Բերնար Վերբերը ասաց, որ այցելելով Մատենադարան հասկացել է, թե գիրքն ինչքան կարեւոր է հայ ժողովրդի համար. «Ինչքան մշակույթն արժեւորում է գիրքը, այնքան այն հնարավորություն ունի դաստիարակել գալիք սերունդներին: Գրքերը ծառայում են անցյալը պատկերացնելու համար, բայց նաեւ՝ պատկերացնելու ապագան: Կարծում եմ՝ հիմա, որպեսզի մշակույթը ճիշտ ապրի, պետք է ունենա անցյալի իմացություն եւ ապագայի տեսլական: Պետք է պատկերացնել, որ ամեն ինչ աստիճանաբար ավելի լավ է լինելու, որ ամեն ինչ աստիճանաբար լավ լինի»:
Գրողը ներածական խոսքից հետո պատասխանեց հայ ընթերցողին հետաքրքրող հարցերին եւ խորհուրդներ տվեց: Հանդիպման ընթացքում Վերբերն անընդհատ նկարում էր հավաքվածներին՝ խոստանալով, որ Հայաստանում արված նկարները կտեղադրի իր կայքում:
Կարդացեք նաև
Նա հայտարարեց, որ գիտակցում է, որ այն ժամանակահատվածը, որի ընթացքում ինքը Հայաստանում է գտնվում, կապակցվում է մի իրադարձության հետ, որը հայ ժողովրդի համար հուզականորեն շատ կարեւոր է. «Անշուշտ, ես զորակից եմ ձեր դատին, որը արդարության եւ ճշմարտության հարց է: Պետք չէ նայել դեպի անցյալը, պետք է հայացքը հառել նաեւ դեպի ապագան: Ենթադրում եմ, որ այս պատգամն է, որ բավարար չափով չի ասվում հայերին՝ Հայաստանն ապագա ունի: Ես տպավորություն ունեմ, որ ամեն տեղ ասում են՝ ունենք անցյալ, ունենք անցյալ, ունենք անցյալ, բայց նաեւ ապագան կա»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ