Ապրիլի 23-ին Երևանում մեկնարկեց «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) խորհրդի հավաքը։ Աշխարհի 16 երկրի մոտ 50 երիտասարդ ապրիլի 23-26-ը «Հարավային Կովկաս. Եվրոպայի արևելյան դուռ» խորագրով հավաքի ընթացքում քննարկելու են Հարավային Կովկասի և Եվրամիության հետագա համագործակցության հեռանկարները, Արևելյան գործընկերության քաղաքականությունը և այլ հարցեր։
Նշենք, որ DEMYC-ի խորհրդի հավաքը Հայաստանում հյուրընկալել է Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը, որը եվրոպական այս կառույցի լիիրավ անդամ է և ներկայացված է փոխնախագահի պաշտոնով:
DEMYC-ի խորհրդի հավաքի ընթացքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից ներկայացվելու է նաև Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Ավելի վաղ DEMYC-ի գործադիր մարմինն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող պաշտոնական հայտարարություն:
Հավաքի բացման արարողության ընթացքում ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը սերտորեն համագործակցում է մի շարք միջազգային կառույցների հետ, և իրենց համար առաջնահերթություն է ակտիվացնել կապերն արտերկրի քաղաքական ուժերի և քաղաքական միավորումների հետ, ինտեգրվել եվրոպական քաղաքական մշակույթին։ «Մենք բարձր են գնահատում նաև DEMYC-ի հետ փոխգործակցությունը։ Որպես կառույցի լիիրավ անդամ՝ ՀՀԿ ԵԿ-ն պատրաստ է իր ներդրումն ունենալ աշխարհում ժողովրդավարական սկզբունքների, խաղաղության տարածման ու ամրապնդման գործում։ Առավել ևս, որ այդ արժեքները հոգեհարազատ են հայ երիտասարդության արժեհամակարգին»,- ասաց Կարեն Ավագյանը։ Նա նաև իր երախտագիտությունը հայտնեց DEMYC-ի գործադիր մարմնին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող պաշտոնական հայտարարություն ընդունելու համար՝ նշելով, որ երիտասարդությունը պետք է լինի ցեղասպանությունների դեմ պայքարի առաջամարտիկը։
Կարդացեք նաև
DEMYC-ի նախագահ Խավիեր Ուրտադո Միրան, ներկայացնելով հայաստանյան հավաքի օրակարգը, նշեց, որ իրենք այստեղ են նաև, որպեսզի մասնակցեն 100-րդ տարելիցի միջոցառումներին և իրենց աջակցությունը ցուցաբերեն հայ ժողովրդին։ Նա նաև ընդգծեց, որ հանդիպումներ են ունենալու ՀՀ պաշտոնատար անձանց հետ։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն