Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանին. «ԱՄՆ-ն ոչ թե ճանաչում է ցեղասպանությունը, այլ գիտի, դրանք տարբեր բաներ են, ուրիշ բայ է»

Ապրիլ 23,2015 19:45

Նախագահ Սերժ Սարգսյանը միջազգային  մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցում, պատասխանելով «Ռոյթերսի» հարցին ասել է, որ ԱՄՆ-ն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, պարզապես չի արտաբերում այդ բառը, որպեսզի Թուրքիային չվիրավորվի: Նրա խոսքերով՝ «Ոչ թե Միացյալ Նահանգները չեն ճանաչում Ցեղասպանությունը, այլ չեն ցանկանում այսօր արտաբերել այդ բառը, որպեսզի իրենց դաշնակից Թուրքիան, իբրև թե, չվիրավորվի»:

Aravot.am-ը «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվեց՝ այս ձեւակերպումն, ըստ Ձեզ, ճի՞շտ է՝ Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Դա ոչ թե ճանաչում են, այլ գիտեն: Դրանք տարբեր բաներ են: Անշուշտ, ԱՄՆ-ն գիտի, որ տեղի է ունեցել Ցեղասպանություն, պարզապես իրենք չեն ուզում անգամ քաղաքական հայտարարությամբ հանդես գալ, որովհետեւ Նահանգներում գիտեն, որ անգամ քաղաքական այդպիսի հայտարարությունը ինչ-ինչ քայլերի է իրենց դրդելու՝ բացասական հետեւանքների վերացմանը պետք է գնան: Դա շատ բարդ գործընթաց է: Չի կարելի ասել, որ Միացյալ Նահանգները ճանաչում է, պետք է ասել՝ Նահանգներում գիտեն: Դա ուրիշ բայ է»:

Ըստ Լարիսա Ալավերդյանի, աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունները շատ կարեւոր նշանակություն ունեն. «Ես երբեւիցե կոչ չեմ արել, որ մենք դրանց մասին հիացմունքով խոսենք, բայց ես հիմա ստիպված եմ ասել, որ պետք չի թերագնահատել այդպիսի հայտարարությունները: Ի վերջո` դա պետությունների կողմից քաղաքական դիրքորոշում է: Երբ ասում ենք, որ 27 պետություն ճանաչել է, մենք միշտ ասում ենք, որ այդ ճանաչումները տարբեր ձեւերով եւ դրդապատճառներով են եղել: Բայց դրանք բոլորն ունեն քաղաքական քայլի նշանակություն: Միջազգային իրավունքը, ցավոք, միշտ գնում է քաղաքականության հետեւից, այնպես որ, այդ քաղաքական գործընթացները պետք է բարձր գնահատենք: Ես մերժում եմ, երբ ասում են, որ նրանք ճանաչել են, որովհետեւ իրենց շահերն ունեն: Իսկ ի՞նչ վատ է, երբ որեւէ երկրի շահ համընկնում է մեր շահի հետ: Դա ի՞նչ նշելու բան է, այն էլ՝ բացասական երանգով: Ես գտնում եմ, որ դա կարճատեսության հետեւանք է: Պետք է հստակեցնենք, որ Հայաստանի ազգային շահերը համընկնում են քաղաքակրթական նպատակների հետ: Երբ այդ նույն քաղաքակրթական մակարդակի վրա համընկնում կա՝ լինի դա տվյալ պահի ներքո, թե այլ, մենք չպետք է դրան վերաբերվենք բացասական: Պետք է շատ բարձր գնահատենք ամեն մի այդպիսի հայտարարություն՝ անգամ ԱՄՆ ամեն մի նահանգի կողմից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930