Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ կլիներ ՌԴ-ն մեզ պաշտպաներ, ոչ թե Նարիշկինի մակարդակով Գալիպոլիի միջոցառմանը մասնակցեր»

Ապրիլ 23,2015 19:20

Նախագահ Սերժ Սարգսյանը միջազգային  մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցում, պատասխանելով «Ռոյթերսի» հարցին, ասել է, որ ԱՄՆ-ն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, պարզապես չի արտաբերում այդ բառը, որպեսզի Թուրքիային չվիրավորվի: Նրա խոսքերով՝ «Ոչ թե Միացյալ Նահանգները չեն ճանաչում Ցեղասպանությունը, այլ չեն ցանկանում այսօր արտաբերել այդ բառը, որպեսզի իրենց դաշնակից Թուրքիան, իբրև թե, չվիրավորվի»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համաձայնեց Սերժ Սարգսյանի ձեւակերպման հետ, որ ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, քանի որ 44 նահանգ արդեն արել է հայտարարություն եւ դատապարտել. «Ճնշող մեծամասնությունը պետության կառուցվածքային միավորների ճանաչել է: Կենտրոնական իշխանության մեջ եւս մարդիկ են եղել, նախագահներ, որ ճանաչել են այդ փաստը: Այն, որ ԱՄՆ-ն ինչ-որ դիվանագիտական խնդիրների պատճառով՝ կապված Մերձավոր Արեւելքի ռազմական գործողությունների հետ Թուրքիային չի ուզում այդպիսի հարված հասցնի, դա եւս հասկանալի է: Բայց մի խնդիր կա, Օբաման կոնգրեսական եղած ժամանակ իր քաղաքացիներին է խոսք տվել, որ կճանաչի եւ իր նախընտրական խոստումն է դա եղել: Հիմա, եթե ինքը չի ճանաչում, որեւէ ձեւով դրա մասին դրական չի կարելի խոսել: Ռազմական առումով ինձ համար հասկանալի է, որովհետեւ իր զինվորները սնվում են Թուրքիայում գտնվող ամերիկյան ռազմաբազաներից, իր գործողությունները կոորդինացնում են եւ օժանդակում են այդ բազաներից եւ իր համար Թուրքիայի այդ տարածքը կենսական նշանակություն ունի: Բայց միեւնույն է, վաղ թե ուշ ճանաչելու է: Եթե արդեն Գերմանիան ճանաչեց, կարծում եմ, Անգելա Մերկելը ցեղասպանություն բառը կօգտագործի եւ բանաձեւը կընդունվի, սա նշանակում է, որ աշխարհը ճանաչում է: Գերմանիան եւ Ավստրիան Թուրքիայի դաշնակիցներն են եղել Առաջին աշխարհամարտի ժամանակ եւ շատ լավ գիտեն, թե ինչ է եղել: Շատ կարճ ժամանակի հարց է, որ Միացյալ Նահանգները եւս նախագահի մակարդակով արդեն վերջնականապես արտաբերեն ցեղասպանություն բառը»:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի, ինչպես Միացյալ Նահանգներն է իր ռազմավարական դաշնակիցներին պաշտպանում, լավ կլիներ, որ Ռուսաստանը եւս իր ռազմավարական գործընկերոջը պաշտպաներ. «Ոչ թե Նարիշկինի մակարդակով Գալիպոլիի միջոցառմանը մասնակցություն ունենար կամ Ադրբեջանին զենք վաճառեր, իսկ Հայաստանի 100 մլն-ի պարտքը ստորացուցիչ ձեւով տարբեր ռազմավարական օբյեկտների տեսքով վերցներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Էս Արմենին ասեք թող շատ չտխրի: Իր վշտի մեջ՝ Նարիշկինի Գալիպոլի գնալու կապակցությամբ, Նա միայնակ չէ)))))
    Թուրքիան էլ է վիրավորված այդ այցով, քանի որ Նարիշկինի մակարդակով ներկայանալը պլինտուսի մակարդակ է ԻՐԱԿԱՆՈՒՄ: Իսկ ՌԴ-ն ամենաբարձր մակարդակով ներկայացված՝ վաղը կլինի այստեղ, և այդ մակարդակի հայտարարություն էլ կլսենք հաստատ…
    Ուղղակի մարդիկ կան, ՛՛հակառուսական՛՛ լինելը իրենց ՛՛տարել՛՛ ա մի այլ ձևի, ու այստեղ էլ մեր Արմենը ցավոք միայնակ չէ: Իրենից ավելի ՛՛՛՛տարածները՛՛ կան, անունները չտամ էլի, հավես չկա…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930