Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության ճանաչման համար «System of a down»-ի եւ Արշիլ Գորկու օրինակին է պետք հետեւել, ոչ թե դրոշակ այրել

Ապրիլ 23,2015 19:14

Aravot.am-ի հետ զրույցում «The Beautified Project» ռոք խմբի հիմնադիր եւ մենակատար Անդրե Սիմոնյանն ասաց, որ շատ շնորհակալ է «System of a down»-ին, որ Եվրոպայի երաժշտասերներին տարիներ առաջ ծանոթացրեց Հայաստանի հետ:

««System of a down»-ը, երբ առաջին 1998 թվի նոյեմբերին եկավ Լոնդոն, ես ուսանող էի, ու խմբի այդ ժամանակվա ամենամեծ ներդրումը Արմենիա բառն էր, որ Եվրոպայի երաժշտասերների մեջ հնչեցվեց: Իմ ընկերները, որ ռոք են լսում, մինչ այդ ասում էին` այդ Ալբանիա՞ն է, Ռումինիա՞ն է, բայց «System of a down»-ը այնքան ճիշտ ներկայացրեց Հայաստանին, նրա պատմությունը, ու առաջին հերթին շնորհակալ եմ այս խմբին, որ Հայաստանը ներկայացրեց երաժշտական քարտեզի վրա»,-ասաց Անդրե Սիմոնյանը:

Ռոք երաժշտի խոսքերով` «System of a down»-ի` Հայոց ցեղասպանության  ճանաչման համար գործունեությունը շատ գնահատելի է. «Շատ մարդիկ, որ չգիտեին Հայաստանը որտեղ է, իմացան, ու իմացան թե 100 տարի առաջ ինչ դժբախտություն է եղել հայերի հետ: Հուսով եմ, որ ավելի շատ հայեր կկարողանան իրենց արվեստով այդ մասին արտահայտվել, ինչպես տարիներ առաջ Արշիլ Գորկին է արել, քան, չգիտեմ` դրոշակ այրելով կամ ատելություն ցանելով ժողովրդի մեջ: Չի կարելի մի ամբողջ ազգի ատել, այդ ազգի մեջ էլ կան շատերը, որ հայերին սիրում են, կան լավ մտավորականներ, գիտնականներ»:

Այսօր երեկոյան ժամը 20.00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա «System of a down»-ի համերգը. առավոտից մեծ թվով երկրպագուներ են սպասում համերգին: Անդրե Սիմոնյանն ասաց, որ Հայաստանում միշտ էլ  որակյալ երաժշտությունը գնահատվում է. «Եւ, որ ասում են ռաբիսը պահանջարկ ունի, ես այդ չեմ ընդունում, որովհետեւ, ինչը ճիշտ մատուցվի, այդ կընդունվի, կսիրվի ժողովրդի կողմից»:

Երաժիշտն ասաց, որ ինքն էլ կգնա համերգը լսելու, բայց մի այնպիսի տեղ պիտի կանգնի, որ կարողանա վայելել այն. «Սերժ Թանկյանի համերգի ժամանակ, որ գնացել էի, այնքան մարդիկ էին մոտենում ու ինձ հետ նկարվում, որ չկարողացա լավ վայելել համերգը: Բայց այս անգամ ընկերներիս հետ վերջում մի տեղ կկանգնեմ, որ հանգիստ լսեմ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930