Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության տակ ստորագրել են նաև թուրքերը

Ապրիլ 23,2015 17:50

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակում» խորագրով հայտարարություն է հրապարակվել: Այն այս պահի դրությամբ ստորագրել են ԵԽԽՎ շուրջ 170 պատվիրակներ:

ԵԽԽՎ պաշտոնական կայքում հայտարարությունը հրապարակվել է: Aravot.am-ը, ծանոթանալով հայտարարությունը ստորագրած պատվիրակների ցանկին, պարզեց, որ նրանց շարքում է նաև թուրք պատվիրակ Նազմի Գուրը:

Հայտարարության տեքստում խոսվում է ընդհանրապես ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման մասին: Մասնավորապես նշված է. «Հայոց ցեղասպանության ժամանակին և հստակ դատապարտման բացակայությունը պատճառ դարձավ մարդկության դեմ հետագայում նոր ոճրագործությունների ծնունդին, ինչպես օրինակ՝ Հոլոքոստը: Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ցեղասպանություն, որի ընթացքում 1.5 միլիոն հայեր ոչնչացել են Օսմանյան կայսրության կատարած ոճրագործության պատճառով»:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ այն ստորագրած պատվիրակները հարգում են անմեղ զոհերի հիշատակը և դատապարտում մարդկության դեմ բոլոր տեսակի ոճրագործությունները:

Նաև նշվում է, որ մարդկության դեմ ոճրագործությունների դատապարտումն ու կանխարգելումը պետք է լինի Վեհաժողովի առաջնահերթություններից:

Նշենք, որ հայտարարությունը բաց է երեք ամիս, այս ընթացքում հայտարարությանը կարող են միանալ ցանկացող պատվիրակները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930