Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության առիթով դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկողների հոսքը չի դադարում: Հատուկ ավտոբուսներով Երեւանից նորանոր քաղաքացիներ են ժամանում: Այսօր՝ ժամը 17: 15 կսկսվի սրբադասման արարողությունը:
Aravot.am-ը զրուցեց Ամենայն հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ՝ սրբադասման խորհրդի ու նշանակության մասին:
«Եկեղեցին, ըստ էության, երկնքում եւ երկրում բաժանվում է երկու հատվածի, այսինքն, հաղթանակած եկեղեցին է երկնքում եւ զինվորյալ եկեղեցին երկրի վրա, որոնք մեկ միասնական եկեղեցի են կազմում: Սրբերի առկայությունը եկեղեցական կյանքում շատ կարեւոր է, նրանք իրենց խիզախությամբ, կենցաղավարությամբ վկայությունն են, արտահայտությունն են քրիստոնեական հավատքի հաղթության: Սրբադասման կարգի վերականգնումը մեծ ու վճռական իրադարձություն է եկեղեցական կյանքում, որովհետեւ դրանով է վկայվում այն իրողությունը, որ եկեղեցին շարունակում է ապրել ու գործել մեր ժողովրդի կյանքում: Սրբադասումը մոտ 400 տարի կորսված է եղել եւ գործնականում սրբադասում չի իրականցել, դա չի նշանակում, որ սրբեր մեր ժողովուրդը ու եկեղեցին չեն պարգեւել, եղել են, բայց պաշտոնական վավերացում չեն գտել եկեղեցու կողմից՝ կարգի բացակայության պատճառով: Շնորհիվ սրբադասման հանձնաժողովի, տարբեր քննարկումների արդյունքում այդ կարգն այսօր վերականգնված է, նոր շարադրված կարգ է, որի մեջ կան նաեւ տարբեր աղոթքներ ու սաղմոսներ ու ընդհանուր կերպն է որդեգրվել, թե այսուհետեւ ինչպես պետք է սրբադասումն իրականացվի»,- ասաց տեր Վահրամը:
Կարդացեք նաև
Ըստ նրա, սրբադասման հանձնաժողովը քննարկեց Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հնարավորությունը եւ որդեգրվեց հավաքական սրբադասման սկզբունքը. «Այսինքն, մեր եկեղեցին ճանաչում է, որ նահատակները սուրբ են մեզ համար: Որեւէ թիվ չի հիշատակվում, այլ դա հավաքական սրբադասում է եւ բանաձեւը հստակ է, որ այսուհետեւ ամեն ապրիլի 24-ին եկեղեցական օրացույցի մեջ լինելու է սրբոց նահատակաց Հայոց ցեղասպանության, որք անկան վասն հավատո եւ վասն հայրենյաց»:
Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության առիթով Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազմաթիվ մասունքերից դուրս են բերվելու հետևյալ 14 սրբությունները.
1. Սուրբ Գեղարդ
2. Ս. Գրիգոր Լուսավորչի Աջ
3. Կենաց Փայտով խաչ-մասունքարան
4. Սկևռայի մասանց պահարանի կրկնօրինակ
5. Աջ Ս. Ստեփանոս Նախասարկավագի մասունքով
6. Աջ Ս. Հռիփսիմե կույսի մասունքով
7. Աջ Ս. Անանիա առաքյալի մասունքով
8. Աջ Ս. Սահակ Պարթև Հայրապետի մասունքով
9. Աջ Ս. Սարգիս Զորավարի մասունքով
10. Աջ Ս. Գևորգ Զորավարի մասունքով
11. Խաչ-մասունքարան Ս. Թադեոս և Ս. Սանդուխտ կույսի մասունքներով
12. Խաչ-մասունքարան Ս. Հովհաննես Մկրտչի մասունքով
13. Մասունքարան Ս. Գրիգոր Նարեկացու և այլ սրբոց մասունքներով
14. Զեյթունի Ավետարան
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ