Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեւորգ Դանիելյան. «Հայոց ցեղասպանության իրավական գնահատականը տրված է»

Ապրիլ 23,2015 16:35

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» խորհրդի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանն այսօր Ցեղասպանությանը նվիրված գիտաժողովի ժամանակ այն միտքն արտահայռեց, որ « Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի՝ Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ Հայոց ցեղասպանության առնչությամբ արտահայտված հայտնի խոսքերի հիմքում ևս դրված են վերոհիշյալ դատավճիռներով հաստատված պատմական փաստաթղթերը, որոնց մի ստվար հատված՝ 2 հատորով արդեն իսկ հանվել էր Վատիկանի արխիվից և հրատարակվել»:

-Ողջունելի է, որ արխիվային փաստաթղթերի հրատարակման աշխատանքները շարունակվելու են, քանզի դատավճիռների հիմքում դրված պաշտոնական գրագրություններն ու այլ փաստաթղթերը, ըստ թուրքական կառավարության նախկինում արված հայտարարության՝ ոչնչացվել են. նույնիսկ առաջադրվում են վարկածներ այն մասին, որ դրանք հափշտակվել են հենց հայերի նախաձեռնությամբ: Թե այս պարագայում, ինչ է սպասվում, այսպես կոչված, հաշտեցման հանձնաժողովների առնչությամբ թուրքական նախաձեռնությանը, դժվար չէ կռահել: Թերևս, հասկանալի է, թե ինչու է թուրքական կողմը նախապատվությունը տալիս փաստերի քննարկումը բացառապես պատմական հարթությամբ իրականացնելուն և իրադարձությունները, որպես պատմական դեպքեր ընկալելուն:

…Ցավոք, հաճախ է հնչում այն միտքը, ըստ որի՝ Հայոց եղեռնը սկիզբ է առել 1895 թ. և շարունակվել մինչև 1923 թ.: Այս դեպքում, կարծում եմ, ցեղասպանությունն անհարկի նույնացվում է սոսկ զանգվածային ջարդերի հետ, որոնք գուցե և ավարտվել են 1923 թ. սակայն բուն ցեղասպանությունը նույն այդ թվականին շարունակվել է Կոնվենցիայով նախատեսված արդեն այլ հանցավոր եղանակներով:

Ի դեպ, Հայոց եղեռնը, որպես շարունակվող հանցագործություն համարելը իրավական արժեք ունի նաև այն տեսանկյունից, որ «շրջանառությունից» հանվում է Կոնվենցիայի հետադարձ ուժի խնդիրը: Թեպետ Հոլոքոստը տեղի է ունեցել Հայոց եղեռնից ավելի ուշ, այնուամենայնիվ, Հոլոքոստի դեպքում իրավական ակտի հետադարձ ուժի հարցն առավել խնդրահարույց է, քան Հայոց եղեռնի պարագայում, քանզի Հոլոքոստի դեպքում ցեղասպանությունը դրսևորվել է բացառապես զանգվածային բնաջնջումների տեսքով, այն չի ուղեկցվել հրեաներին իրենց հայրենիքից զրկելու եղանակով և ավարտվել է հենց սպանությունների կատարման փաստով: Ավելին, երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած Նյուրնբերգյան դատավարության արդյունքում հրեաները կարող էին ազատ բնակվել Գերմանիայում, ինչը և տեղի է ունեցել: Մի դիտարկում ևս. այնքան էլ իրավաչափ չէ այն պնդումը, ըստ որի՝ Հոլոքոստի դեպքում Կոնվենցիան կիրառվել է, իսկ Հայոց եղեռնի դեպքում՝ ոչ: Հոլոքոստի դատապարտման դեպքում Կոնվենցիայի անմիջական կիրառման առնչությամբ բացակայում է որևէ իրավական ակտ, պարզապես Հոլոքոստը ժխտելու համար քրեական պատասխանատվության հիմքում, որպես իրավական հիմք են համարվել Նյուրնբերգյան դատավարությամբ ապացուցված փաստերը, որոնք գնահատվել են, որպես Կոնվենցիայով նախատեսված ցեղասպանություն: Սակայն այսպիսի կիրառման փորձ ունի նաև Հայոց եղեռնը, քանզի մի քանի պետություններ (Շվեյցարիա, Սլովակիա և այլն) ևս Հայոց եղեռնը ժխտելու համար սահմանել են քրեական պատասխանատվություն: Այսպիսով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հիմնախնդրի և այդ կապակցությամբ խոսքի ու արտահայտվելու ազատության իբր թե անհիմն սահմանափակման հարցադրումներին սպառիչ պատասխաններ տալու նկատառումով, նպատակահարմար ենք համարում որպես ելակետ ընդունել հետևյալ եզրահանգումները`

ա) Հայոց ցեղասպանությունը, փաստորեն հիմնավորվել ու ճանաչվել է թուրքական դատական ատյանների կողմից 1919-1921 թթ. իրականացված դատավարությունների արդյունքով կայացված դատավճիռներով։ Վերջիններս օրինական ուժի մեջ են մտել և երբևէ չեն բեկանվել,

բ) Հայոց ցեղասպանության իրավական գնահատականը տրված է նաև Ռուանդայի ցեղասպանության գործով միջազգային դատարանի 2012 թ. դատավճռով,

գ) իրավական որևէ արժեք չունի այն փաստարկը, որ իբր դատաքննության փուլում հետազոտված բոլոր ապացույցները հետագայում հափշտակվել ու ոչնչացվել են հայերի կողմից, քանզի դրանք արդեն իսկ հետազոտվել և իրավական գնահատման նյութ են դարձել իրավասու դատական ատյանների կողմից,

դ) դատական ակտերով Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը հարկ է դնել ցեղասպանության միջազգային ճանաչման հայրենական դիվանագիտության հիմքում,

ե) նպատակահարմար է նախաձեռնել դատական ակտերից բխող Թուրքիայի պետության պատասխանատվության հարցը` նախապես հանգամանորեն մշակելով բոլոր հնարավոր տարբերակներն ու իրավական հետևանքները։ Վերջին եզրահանգման առնչությամբ, հաշվի առնելով Երևանի Պետական համալսարանի գիտական ներուժը, առաջարկում ենք նախաձեռնել գիտա-հետազոտական կենտրոն, որը կոչված կլինի սեղմ ժամկետում համակողմանիորեն հետազոտելու Հայոց ցեղասպանության իրավական հիմքերին և պատասխանատվության նախապայմաններին առնչվող հարցադրումները և հանրության դատին հանձնելու հիշյալ ոլորտում պետական քաղաքականության ամբողջական հայեցակարգ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930