«Նուարդ» հայկական միության լրատվական ծառայությունից Aravot.am-ին տեղեկացրին, որ ապրիլի 22-ին, Բրյուսելում, Ֆլանդրիայի խորհրդարանում ընդունվել է բանաձեւ, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը:
Հարցը Բելգիայի «Նուարդ» հայկական միության նախաձեռնությամբ օրակարգ է մտել Ֆլանդրիայի առաջատար բոլոր կուսակցությունների համաձայնությամբ: Այն ներկայացրել էր Վաարդ Կեննեսը՝ քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից:
Բանաձեւում մեկ անգամ եւս շեշտվում է, որ անցյալ դարասկզբին Թուրքիայում հայերի բնաջնջումը ցեղասպանություն էր, եւ որ Թուրքիան պիտի առերեսվի իր անցյալի հետ ու ընդունի ցեղասպանությունը: Բանաձեւին «կողմ» է քվեարկել 100, «ձեռնպահ»՝ 3 պատգամավոր, «դեմ» քվեարկող չի եղել: Հարցի նախապատրաստմանը օժանդակել է Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը: