ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հիշում է, որ 2015 թվականի ապրիլի 24-ին հայ ժողովուրդն ու ամբողջ աշխարհում ապրող այլ մարդիկ նշում են 1915 թվականի աղետալի իրադարձությունների 100-րդ տարելիցը: Այս մասին Նյու Յորքում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի մամլո խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
Նա հավելել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գիտակցում է, որ 1915 թվականին տեղի ունեցածը որակելը նուրբ հարց է. «Նա հաստատակամորեն վստահ է, որ 1915 թվականի դեպքերի մասին հիշողությունն ու տեղի ունեցածի փաստերը հաստատելու նպատակով համագործակցության շարունակումը կարող են ամրապնդել մեր հավաքական ձգտումը՝ կանխելու ապագայում այդօրինակ հրեշավոր հանցանքների իրագործումը»:
Բան Կի Մունի մամուլի խոսնակը նաև ասել է, որ ՄԱԿ-ը նախկինի պես պատրաստ է ամրապնդել միջազգային հանրության հզորությունը նմանատիպ գազանությունների կանխարգելման հարցում. «Գլխավոր քարտուղարը կարևորում է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հեռատեսությունը՝ կապված (ապրիլի 21) նրա ելույթի հետ»:
Ըստ Դյուժարիկի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև թուրքերին ու հայերին կոչ է անում ձեռնարկել հնարավոր բոլոր ջանքերը՝ կարգավորելու համար երկու երկրների միջև հարաբերությունները՝ 2009 թվականին Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման մասին ստորագրված արձանագրություններին համապատասխան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ