Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պահանջը Թուրքիայից միայն բարոյական չէ. հրեաները Գերմանիայից 1,5 տրիլիոն դոլարից ավելի են ստացել»

Ապրիլ 23,2015 15:44

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասաց, որ չպիտի տպավորություն ստեղծել, թե մեր պահանջը Թուրքիայից միայն բարոյական է, մենք ունենք կորցրած պատմական հայրենիք, մշակութային արժեքներ, հսկա հարստություն , եւ մեր պահանջը չի կարող չլինել նաեւ նյութական:

Ըստ քաղաքագետի, բարոյական հաղթանակներով հրճվելու ժամանակն անցել է, այժմ պիտի լրջորեն նախապատրաստվել նյութական հաղթանակի: «Մենք ինքներս դեռ չգիտենք, թե ի՞նչ ենք ուզում. մենք ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրով ենք հանդես գալիս, նույն Թուրքիայից պահանջում ենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց չգիտենք, թե ցեղասպանությունը ճանաչելուց հետո ի՞նչ ենք անելու ճանաչված ցեղասպանության հետ: Եթե հրեաները ցեղասպանության ենթարկվեցին երկրորդ աշխարհամարտի տարիներին, իրենք ձեռք բերեցին սեփական երկիր, որ չունեին 2000 տարի եւ մինչեւ հիմա ահռելի մեծ դրամական միջոցներ՝ հատուցման տեսքով, ստանում են Գերմանիայից: Իմ տվյալներով, տրամադրված գումարներն անցնում են արդեն 1,5 տրիլիոն դոլարը, որն այս 65 տարիների ընթացքում վճարում է Գերմանիան Իսրայել պետությանը եւ շարունակում է վճարել:

Խնդիրը հետեւյալն է՝ լավ, մենք, որ պահանջում ենք ցեղասպանության ընդունում, դրանից հետո մենք ի՞նչ պահանջներ պիտի ներկայացնենք Թուրքիային: Ի տարբերություն հրեաների, որոնք ցեղասպանության են ենթարկվել Եվրոպայում, որը իրենց հայրենիքը չէ, մենք կորցրել ենք մեր պատմական հայրենիքի մեծ մասը՝ Արեւմտյան Հայաստանը: Բացի դրանից կորցրել ենք մեր մշակութային ժառանգությունը՝ մեծ քանակությամբ եկեղեցիներ, վանքեր, արժեքավոր իրեր, ո՞վ պիտի վերադարձնի… Այս ամենին մենք վաղուց պետք է նախապատրաստվեինք:

Թուրքիան անընդհատ հայտարարում է, թե իր արխիվները բաց են բոլորի առաջ, բայց սուտ է: Կոնկրետ 2005 թվականին Թուրքիայի պետական կադաստրի տեսչությունը հրապարակել էր Թուրքիայի բնակչության ունեցվածքը, գցել են կայքերում, բայց մինչեւ 1925 թվականը հայերին պատկանող ունեցվածքի մասին ոչ մի տեղեկություն բացարձակ չկա: Պետական գաղտնիք է, դուք պատկերացնո՞ւմ եք թուրքերը բացահայտեն, թե հայերն ինչեր են ունեցել Թուրքիայում եւ այդ ունեցվածքը հիմա ում ձեռքում է:

Վառ երկու օրինակ բերեմ. Թուրքիայի նախագահի նախկին պալատը Անկարայում հայի ունեցվածք է եղել, ամերիկյան «Ինջիրլիկ» ռազմաբազան, որը գտնվում է Ադանայի մոտ, այդ տարածքները պատկանել են մի քանի հայ ընտանիքների: Եվ դուք պատկերացնո՞ւմ եք՝ եթե այդ հայ ընտանիքները Թուրքիայի կողմից գաղտնազերծված կադաստրային տվյալները ստանան, կարող են դատի տալ ու պահանջել ոչ միայն հատուցում կորցրած ունեցվածքի համար, այլ նրա համար, որ Թուրքիան միլիոնավոր դոլարներ է աշխատել այդ տարածքներից ՝ ռազմաբազան վարձակալության տալով ամերիկացիներին:

Այսպիսի խնդիրներ կան, մենք, ցավոք սրտի, միջազգային իրավունքի գծով պրոֆեսիոնալ մասնագետներ չունենք, որոնք մեր կառավարության պատվերով պետք է աշխատեն այսպիսի փաստաթղթի վրա, թե ճանաչումից հետո հայկական կողմը ինչ պահանջներով պետք է ներկայանա Թուրքիային: Ես չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե մենք ընդամենը բարոյական ներողություն ենք ուզում թուրքերից: Բացարձակ, ի՞նչ բարոյական ներողություն, իրենք մեր պատմական հայրենիքի մեծ մասն են սեփականաշնորհել, իրենք գողացել են մեր հարստությունը: Հերիք չէ, մինչեւ հիմա բարոյական հաղթանակներով ենք առաջնորդվել, արդեն պետք է նյութական հաղթանակներ տանել ու դրանով ուրախանալ, ինչպես եղավ Արցախյան գոյամարտի ժամանակ»:

Ըստ քաղաքագետի, մի մեծ գլխացավանք էլ սպասվում է տարածքները վերադարձնելու դեպքում, այստեղ 15 միլիոնից ավելի քրդեր են բնակվում: Նրանց, թուրքերը Հայոց ցեղասպանության տարիներին խոստացել էին մեր պատմական հայրենիքը՝ նախապայման դնելով՝ «Դուք այդ տարածքները ազատեք գյավուրներից, դարձեք այդ ամեն ինչի տերն ու տիրակալը»: Քրդերն էլ, ըստ քաղաքագետի, ջանադրաբար օգնել են թուրքերին հայերի ոչնչացման գործում: Հիմա քրդերը գլխացավանք են դարձել նաեւ Թուրքիայի իշխանությունների համար, անխոս, գլխացավանք կդառնան նաեւ հայերիս համար:

«Մենք լուծում պետք է ունենանք Արեւմտյան Հայաստանում բնակվող քրդերի պահով, նրանք շատ մեծ վտանգ են մեզ համար ներկայացնում: Պատմական Քրդստանը գտնվում է Արեւմտյան Հայաստանից հարավ եւ նշեմ, որ Սեւրի պայմանագրում, որը ստորագրվել է 1920 թվականի օգոստոսի 10-ին 1-ին աշխարհամարտում պարտված Օսմանյան կայսրության եւ «Անտանտ» դաշինքի միջեւ, Քրդստանի սահմանները եւս ընդգծված էին: Կարելի է ապագայում կոմպրոմիսի գնալ եւ քրդերին թույլ տալ իրենց ունեցվածքով դուրս գալ Արեւմտյան Հայաստանից ու հաստատվել իրենց հայրենիքում: Չնայած նշեմ, որ Թուրքիայում գործող քրդական կազմակերպությունները, որոնցից ամենաճանաչվածը «Քրդական աշխատավորական կուսակցությունն» է, իր քարտեզներում, որտեղ պատկերում են ապագա Քրդստանը, իր մեջ ներգրավում է ոչ միայն Արեւմտյան Հայաստանը, այլ նաեւ բավական տարածքներ Արեւելյան Հայաստանից, որը բացարձակ մեր շահերից չէ եւ պետք է լուծում ստանա», – ասում է քաղաքագետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Բայց սրա համար նախ պիտի ունենալ ուժեղ և ժողովրդավարակա՛ն Հայաստան՝ ներկա կղերա-ֆեոդալական Հայաստանի փոխարեն: Ու պիտի՛ դադարեցնել նոր ու պսպղուն եկեղեցիների կառուցումը ու այդ փողը ծախսել ազգի՛ վրա: 1915-ին այդ «փրկիչը» չկա՛ր:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930