Աշխարհի 43 երկրների 123 երաժիշտներից բաղկացած «24/04» նվագախմբի կոնցերտմայստեր, հայազգի ջութակահար Հայկ Կազազյանը Aravot.am-ի հետ զրույցում երեւույթ է որակում ապրիլի 24-ի նվագախմբի համերգը: Ասում է՝ հպարտ է, որ տարբեր ազգերի ու երկրների ներկայացուցիչ այդքան անվանի երաժիշտներ հավաքվել են ընդհանուր գաղափարի շուրջ: «Երբ երեկ չէ առաջին օրը մտա ու փորձի ժամանակ տեսա ընկերներիս նվագախմբում, շատ հուզվեցի: Մեծ բան է… նշանակում է, որ այդ բոլոր երաժիշտները մեզ հարգում են, եկել են իրենց հարգանքի տուրքը մատուցելու հայ ժողովրդին՝ մեզ համար կարեւոր օրվա առիթով»:
Ինչ վերաբերում է օտարազգիների շուրթերով ցեղասպանություն եւ դատապարտում արտահայտությունները հնչեցնելուն, այս մասին էլ Հայկ Կազազյանը նշեց. «Ես ուրախանում եմ, որ օտարազգիները սկսում են արտասանել ցեղասպանություն եւ դատապարտում բառերը ու դա անում են խորապես գիտակցելով: Միայն թե զարմանում եմ՝ ինչո՞ւ ավելի վաղ չեն արել, ինչո՞ւ, օրինակ, Ավստրիայի խորհրդարանն ավելի վաղ չէր ընդունել Ցեղասպանությունը դատապարտող ու ճանաչող բանաձեւ…Ամեն դեպքում հուսով եմ, որ առաջիկայում այլ երկրներ էլ կճանաչեն ու կդատապարտեն Հայոց ցեղասպանությունը եւ արդարությունը վերջապես կվերականգնվի»:
Հավելենք, որ Հայկ Կազազյանը, չնայած երիտասարդ տարիքին, մեծ ճանաչում ունի աշխարհում, նա իբրեւ մենակատար հանդես է եկել հանրահայտ նվագախմբերի (Շոտլանդիայի թագավորական նվագախումբ, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Իռլանդիայի ազգային նվագախմբեր, Մյունխենի կամերային նվագախումբ եւ այլն) ու դիրիժորների հետ, ելույթ ունեցել լավագույն համերգասրահներում՝ Նյու Յորքի «Քարնեգի հոլ», Ժնեւի «Վիկտորիա հոլ», Գլազգոյի թագավորական համերգային դահլիճ, Լոնդոնի «Բարբիքան հոլ» եւ այլն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ