Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաշք (պատմվածք)

Ապրիլ 23,2015 13:54

Այս փոքրիկ պատմվածքը նվիրվում է

Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

 

Վարպետ Մկրտիչը մեղավոր չէր, որ ծնվել էր Արևմտյան Հայաստանում, որը դարեր շարունակ ասպատակվում, թալանվում ու բռնաբարվում էր թուրք-սելջուկների պիղծ ցեղախմբերի կողմից: Նրանք եկել բռնի տիրացել էին մի ազգի ունեցվածքին, որի միակ մեղքը քաղաքակրթված լինելն էր: Հայ ժողովուրդը հազարամյակներ շարունակ ստեղծելով բարիքներ, մշակույթ ու ավանդույթներ, նախանձի առարկա էր դարձել թուրք բաշիբոզուկների աչքին: Պատահական չէին նաև բազմաթիվ հայկական ջարդերը, որոնք կազմակերպվում էին թուրք արյունախում ու բիրտ սուլթանների կողմից՝ հանգեցնելով 1915թ. Հայոց Մեծ Եղեռնին՝ Հայոց Ցեղասպանությանը, որն ի կատար ածվեց երիտթուրքերի գլխավորությամբ և կործանեց ավելի քան մեկ ու կես միլիոն հայի: Հայ տղամարդկանց նախօրոք զորակոչելով, այնուհետև նրանց դավադրաբար ոչնչացնելով թուրքական բանակում, վախկոտ ու գազանաբարո թուրքերն ընդգծված դաժանությամբ մորթեցին ու թալանեցին անօգնական և անպաշտպան մնացած մանուկներին, ծերունիներին ու կանանց:

Վարպետ Մկրտիչը բազմանդամ գերդաստանից միակն էր, որ պատահաբար փրկվել էր թուրքական երիցս անիծված յաթաղանից: Այդ ժամանակ նա ընդամենը տասներկու տարեկան էր… Նրա գերդաստանի բոլոր տղամարդիկ հողագործներ էին և լավ էին հասկանում «հողի լեզուն»: Նրանց աճեցրած բանջարեղենը և մրգերն աչքի էին ընկնում թե՛ տեսքով, և թե՛ իրենց համային հատկանիշներով:

Փոքրիկ Մկրտիչը շատ զրկանքներ կրելով՝ հաց մուրալով, երբեմն բատրակություն անելով, անընդհատ թափառելով, վերջապես, հասավ Ֆիլիբե, ներկայիս Պլովդիվը, որն իր մեծությամբ Բուլղարիայի երկրորդ քաղաքն է Սոֆիայից հետո և տարածվում է Մարիցա գետի երկու ափերի երկայնքով: Նա անմիջապես աշխատանքի անցավ ագարակատեր պարոն Հարությունի մոտ և կարճ ժամանակամիջոցում, շնորհիվ իր հողագործական գիտելիքների, սկսեց ղեկավարել բատրակների աշխատանքն ագարակում՝ լինելով ընդամենը տասնութ տարեկան: Շուտով ագարակի ընտիր մրգերն ու բանջարեղենը հայտնի դարձան թե՛ Պլովդիվում, և թե՛ նրա շրջակայքում: Մկրտիչն ամուսնացավ ագարակատիրոջ աղջկա՝ Ազգանուշի հետ և ունեցավ երկու շնորհալի որդիներ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, 1945թ. նոյեմբերին 21-ին, Խորհրդային Միության Ժողկոմի Խորհրդի նախագահ՝ Իոսիֆ Ստալինի ստորագրությամբ, համաձայն №2947 որոշման, Խորհրդային Միության հաշվին պետք է կազմակերպվեր սփյուռքահայության զանգվածային ներգաղթը դեպի հայրենիք՝ Խորհրդային Հայաստան, հայրենադարձներին պետական վարկ տրամադրվեր բնակելի տուն կառուցելու համար՝ տան արժեքի հիսուն տոկոսի չափով, ինչպես նաև նրանց ունեցվածքի մաքսազերծումը կատարվեր անվճար:

Վարպետ Մկրտիչն առաջիններից մեկն էր, որ ցանկություն հայտնեց ներգաղթել հայրենիք իր ընտանիքի: Խանդավառությունը հայկական սփյուռքում՝ Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Իրաքում, Բուլղարիայում, Հունաստանում, Ֆրանսիայում և այլ երկրներում այնքան մեծ էր, որ մարդիկ նույնիսկ գիշերներն էին հերթ կանգնում, որպեսզի ցուցակագրվեին հայրենիք վերադառնալու ակնկալիքով.

Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,

Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,

Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես,

Դրոշիդ բոցը պիտի հուրհրա…*

Վարպետ Մկրտիչի ընտանիքին հողամաս հատկացվեց Նոր Արեշ թաղամասում և պետական վարկ՝ բնակելի տուն կառուցելու համար: Նա իր շնորհալի երկու որդիների հետ, երկու հարկանի մի հարմարավետ տուն կառուցեց, իսկ տան ետևում մի հրաշալի, պտղատու այգի գցեց: Նոր Արեշում գրեթե բոլորը ճանաչում էին նրան, հատկապես այդ այգու պատճառով, որտեղ ճոխ բազմել էին հայկական լեռնաշխարհի լավագույն ծիրանենիները, դեղձենիները, խնձորենիները, տանձենիները, սալորենիները, կեռասենիներն ու բալենիները: Վարպետ Մկրտիչն անխտիր օգնում էր բոլոր հարևաններին այգեգործական և բանջարաբուծական խորհուրդներով, տնկիներով, ինչպես նաև կատարում էր մրգատու ծառերի լավագույն տեսակների պատվաստումներ նրանց տնամերձ այգիներում: Նրան բոլորը սիրում, հարգում և մեծարում էին վարպետ Մկրտիչ անունով:

Վարպետ Մկրտիչը, կորցնելով իր ամբողջ գերդաստանը, եղեռնից հետո առաջին անգամ սեփական բնակելի տուն ունեցավ: Գալով հայրենիք, նա այլևս ստիպված չէր բնակարան վարձել: Դեռ ավելին, իր սեփական այգին ունեցավ: Սակայն, Խորհրդային Հայաստանում, ինչպես նաև ամբողջ Խորհրդային Միությունում, պատերազմից անմիջապես հետո, համարյա սով էր՝ խանութներում ուտելիք չկար, նույնիսկ հագուստ և առաջին անհրաժեշտության պարագաներ: Մարդիկ հացը գնում էին սահմանափակ քանակությամբ՝ հատուկ քարտերով: Հացն ամենաթանկն էր, որովհետև ամենապահանջվածն էր: Երբեմն մեկ հաց գնելու համար «սև շուկայում» ստիպված էին վճարել մեկ ոսկեդրամ: Վարպետ Մկրտիչը մանուկ հասակից թափառելով, հաճախակի քաղցած մնալով և անթիվ անհամար զրկանքներ կրելով օտարության մեջ «վաստակել» էր ստամոքսի խոց, որի պատճառով նույնիսկ իր այգու մրգերը չէր կարողանում համտեսել: Նա շատ քիչ էր ուտում, որովհետև ամեն անգամ ուտելուց հետո սարսափելի ցավեր էր ունենում որովայնի շրջանում:

Ամեն կիրակի նրանց հյուր էր գալիս վարպետ Մկրտիչի քենին՝ տիկին Մարիամը, որը վարպետ Մկրտիչին քեռայր, այսինքն՝ փեսա էր անվանում: Նա իր հետ միշտ երկու մեծ, աղ դրած կամ ծխահարած, յուղալի ծովատառեխ կամ ապխտած թառափ էր բերում: Ճի՛շտ է, հաց չկար խանութներում, բայց լայնածավալ փայտե տակառների մեջ, բավականին մատչելի գներով վաճառվում էին աղ դրած կամ ծխահարած ծովատառեխներ, ծովախեցգետիններ, թառափներ, ինչպես նաև կարմիր, սև ձկնկիթ և այլ նրբահամ խորտիկներ: Երբ հացը վերջանում էր խանութում և բոլորին, նույնիսկ քարտերով հաց չէր հասնում, խանութի վաճառողները հացի փոխարեն նույն քաշի ձկնկիթ էին համոզում վերցնել…

Կիրակի օրերին «խնջույքին» մասնակցում էին վարպետ Մկրտիչի կինը, նրա երկու շնորհալի որդիները և տիկին Մարիամը: Նրանք ծխահարած կամ աղ դրած ծովատառեխները կտրատում էին, համեմում սոխով և ախորժակով ուտում: Վարպետ Մկրտիչը ծխահարած ձկների անուշաբույր հոտից «խելագարվում» էր, բայց չէր մոտենում սեղանին, որը զարդարված էր նաև իր այգում աճեցրած թարմ բանջարեղենով, կանաչեղենով և արքայական սեղանին վայել մրգերով:

Կիրակի օրերը վարպետ Մկրտիչի համար վերածվել էին տանջանքի: Նա չէր դիմանում ծխահարած ծովատառեխի կամ էլ ապխտած, յուղալի թառափի ախորժաբույր հոտերին: Արտասահմանում այդ բոլորը նրբահամ խորտիկներ էին համարվում և շատ թանկ արժեին, իսկ իր ընտանիքն առատորեն օգտվում էր այդ բոլորից, չնայած ուտում էր առանց հացի. Խորհրդային Միությունում, պատերազմից հետո, հացն էր ամենաթանկ ուտելիքը: Նրանից մեծ ջանքեր էին պահանջվում՝ սեղանին չմոտենալու համար: Ինչպե՞ս մոտենար, երբ բժիշկն արգելել էր աղի, կծու, թթու և հատկապես յուղալի սննդատեսակների օգտագործումը: Նա գիտեր դա և զգուշանում էր…

Այդ օրը նորից կիրակի էր և վարպետ Մկրտիչի տանը նորից «խնջույք» էր: Վարպետն անթաքույց հիացմունքով նայում էր սեղանին… Նա այլևս ուժ չուներ դիմանալու, մագնիսի նման ձգող այդ ախորժաբեր հոտին: Նա չդիմացավ, նստեց սեղանի մոտ և սկսեց մեծ ախորժակով ուտել: Բոլորը զարմացած էին և լռելյայն նայում էին նրան: Երևի, կյանքում առաջին անգամ նա այսպես ախորժակով ուտում էր՝ առանց զգուշանալու և տագնապելու ցավի նոպաներից, որոնք սկսվում էին նրա մոտ ուտելուց քիչ անց: Ուտելուց հետո, նա սեղանի վրայից վերցրեց մի մեծ հասած, հյութալի, թթվաշ տանձ և դանակով մանր-մանր կտրատելով շարունակեց ախորժակով ուտել: Ոչ ոք չէր խոսում: Վարպետ Մկրտիչն էլ այնքան էր տարված իր ուտելով, որ կարծես ոչ ոքի չէր նկատում…

Անցավ մի քանի ժամ: Վարպետ Մկրտիչը չունեցավ ակնկալվող ցավի նոպան: Արդեն պարզ էր, որ աղի ձուկը և թթվաշ տանձը չէին վնասել նրան: Այդ օրը վարպետ Մկրտիչն առաջին անգամ կուշտ փորով պառկեց քնելու:

Առավոտյան նա թարմացած վեր կացավ անկողնուց՝ զգալով, որ տարիներ ի վեր իրեն տանջող ստամոքսի բութ ցավը չկա: Նա հասկացավ, որ առողջ է և շտապ գնաց խանութ աղ դրած ծովատառեխ գնելու…

Վարպետ Մկրտիչն ապրեց երկար ու ձիգ տարիներ՝ մինչև խորը ծերություն…Վերադառնալով հայրենիք, նա հրաշքով վերադարձրեց նաև իր երբեմնի կորած առողջությունը: Հայտնի չէ, թե ի՞նչը նրան բուժեց՝ Հայաստանի լեռնային օդը՞, հայկական բարձր լեռներից բխող խմելու զուլալ և կենարար ջու՞րը, թե՞ հարուստ կալորիականությամբ, յուղալի ծովատառեխն ու թառափը, որն այն տարիներին ավելի մատչելի էր, քան հանապազօրյա հացը…

 

*Հովհաննես Շիրազ, «Իմ սուրբ հայրենիք» բանաստեղծության առաջին քառյակը

 

Մարտին Շիրինյան

Գլենդել, Կալիֆորնիա,

18 դեկտեմբերի, 2014թ.

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930