Լրահոս
Օրվա լրահոսը

Միխայիլ Յուրովսկի. «Ինձ բախտ է վիճակվել Արամ Իլյիչ Խաչատրյանի հետ ապրել նույն շենքում» (Տեսանյութ) 

Ապրիլ 23,2015 13:22

Աշխարհի 43 երկրների 123 երաժիշտներից բաղկացած «24/04» նվագախումբն այսօր՝ ապրիլի 23-ին, վերջին փորձերն անցկացրեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: «Վերածնունդ» խորագրով համերգը կայանալու է ապրիլի 24-ին Հանրապետության հրապարակում՝ երեկոյան 20:15-ին: Բոլոր ընտրված թվերը խորհրդանշական են: Համերգը ղեկավարելու են մի քանի դիրիժոր՝ Միխայիլ Յուրովսկին, Հովհաննես Չեքիջյանը, Սերգեյ Սմբատյանը, Ջանլուկա Մարչիանոն:

yurovski3

«Չնայած սա տխուր առիթով միջոցառում է, բայց ես ուրախ եմ, որ մասնակցում եմ «Վերածնունդ» խորագրով համերգին, հիշատակելու ենք ոչ միայն 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերին, այլեւ Հոլոքոստի ու ընդհանրապես բոլոր այն զոհերի հիշատակին ենք նվիրում համերգը, որոնք բռնությամբ նահատակվեցին: Ես անչափ երջանիկ եմ, որ իմ ընկերների հետ եմ, երջանիկ եմ այս մթնոլորտով: Նվագախմբում 43 երկրից երաժիշտ կա, այդքան ազգություն, ու մենք հասկանում ենք միմյանց՝ առանց բառերի»,-ասաց հանրահայտ դիրիժոր Միխայիլ Յուրովսկին:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարելի է ասել երաժշտությամբ, որ հնարավոր չէ դիվանագիտության միջոցով: «Երաժշտությունը թարգմանչի կարիք չունի, դեռ Բեթհովենն է ասել, որ այն սրտից սիրտ է փոխանցվում, երաժշտությամբ կարելի է ասել բացարձակապես ամեն ինչ, եւ փոխանցել ամենակարեւոր ուղերձը՝ հումանիզմը, դա հենց սերն է մեկը մյուսի հանդեպ»,-պատասխանեց Միխայիլ Յուրովսկին:

yurovski2

yurovski4

Խոսելով հայկական երաժշտության մասին՝ աշխարհահռչակ դիրիժորը նշեց, որ այն իր համար առաջին հերթին հանճարեղ ու հանրահայտ կոմպոզիտորական դպրոցն է. «Ես մանկուց եմ ծանոթ հայկական երաժշտությանը: Հայրս՝ Միխայիլ Վլադիմիրովիչ Յուրովսկին, շատ հայտնի կոմպոզիտոր էր: Նրա շնորհիվ մենք շփվում էինք ողջ ԽՍՀՄ-ի նրա գործընկերների , այդ թվում՝ հայերի հետ: Ինձ բախտ է վիճակվել Արամ Իլյիչ Խաչատրյանի հետ ապրել նույն շենքում, շատ սերտ շփվել ենք ոչ միայն Խաչատրյանի, այլեւ Ալեքսանդր Հարությունյանի, Բաբաջանյանի ու մյուսների հետ… Այս բոլոր ազգանունները համաշխարհային երաժշտության մեջ մեծ տեղ են գրավում, նրանք նաեւ իմ հոգում են եւ միշտ ողջ են ինձ համար»: Տեսանյութը՝ քիչ անց:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930