Անկարան հերքում է այն մեղադրանքները, թե Թուրքիայի իշխանությունները ապրիլի 22-ին Բոսնիա և Հերցոգովինայի կազմի մեջ մտնող Սերբական Հանրապետության Նախագահ Միլորադ Դոդիկի ինքնաթիռին արգելել են թռչել իրենց տարածքով եւ դրանով խափանել նրա Հայաստան այցը:
Հիշեցնենք, որ բոսնիական «Nezavisne Novine» գործակալությունը երեկ հաղորդել էր, որ Թուրքիան խափանել է Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկի այցը Հայաստան: Թուրքական իշխանություններից համապատասխան թույլտվություն ստանալու համար երկուսուկես ժամ մնացել է բուլղարական Բուրգասում եւ հարցման պատասխան չստանալով Սերբական Հանրապետության նախագահը վերադարձել է Բանյա Լուկա:
Թուրքական «Hurriyet Daily News» գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հաղորդել են, որ այդ տեղեկությունները «չեն արտացոլում իրականությունը: «Դիվանագիտական ուղիներով պարոն Դոդիկին տեղափոխող ինքնաթիռից որեւէ հայտ չենք ստացել: Ոչ մի հայտ չի լրացվել նաեւ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինությունում»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Թանջու Բիլգիչը:
Բիլգիչը նաեւ հավելել է, որ իրենց օդային երթեւեկության վերահսկման ուժերի կողմից երեկ թույլտվություն է տրվել մի մասնավոր ինքնաթիռի օդաչուի, որը ցանկանում էր Բուլղարիայից Երեւան թռչել. «Այսուամենայնիվ մենք հասկանում ենք, որ այս ինքնաթիռը չի օգտագործել մեր օդային տարածքը, թեեւ նա թույլտվություն էր ստացել»:
Կարդացեք նաև
Վերջում ԱԳՆ մամուլի խոսնակն ասել է, որ խոսք չի կարող լինել որեւէ արգելափակման մասին ու եթե Դոդիկի Երեւան տեղափոխման համար թույլտվություն խնդրած լինեին՝ անպայման կտրվեր:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ