«Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել իր պաշտոնական ժխտողական քաղաքականությունը և փոխհատուցել ցեղասպանությունից տուժածներին, նրանց ժառանգներին և ողջ հայ համայնքին նրանց պատճառված վնասի և կրած տառապանքների համար»,- սա ընդամենը մեկ մեջբերում է 11 կետից բաղկացած հռչակագրից, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ստորագրել են Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) անդամներ`Թուրքիայում գործող Մարդու իրավունքների ասոցիացիայի գործադիր խորհուրդը եւ Հայաստանում գործող Քաղաքացիական հասարակության ինստիտուտը:
Համատեղ հռչակագիրն Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահի տեղակալ և Թուրքիայում գործող Մարդու իրավունքների ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ Յուսուֆ Ալաթաշը եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գլխավոր քարտուղարի տեղակալ Արտակ Կիրակոսյանն այսօր հրապարակեցին «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Արտակ Կիրակոսյանն ասաց, որ սա արդեն երրորդ համատեղ բանաձեւն է: Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի առաջին կոնգրեսը 2009-ին կայացել է Երեւանում, որի ժամանակ միաձայն ընդունվել է Ցեղասպանությունը եւ դատապարտվել, 2013-ին Ստամբուլում կայացած կոնգրեսում կոչ է արվել Թուրքիային`ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, Արտակ Կիրակոսյանի համոզմամբ, էական ազդեցություն կունենա նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավման հարցում:
Կարդացեք նաև
Համատեղ հռչակագրի հեղինակները կարծում են, որ մարդու իրավունքների ամբողջական իրացումը, մասնավորապես իրավունքների և քաղաքական ազատությունների պաշտպանությունը, կարևոր է կարծրատիպերը կոտրելու, երկխոսությունը և կարծիքների փոխանակումը խթանելու համար: Ուստի կոչ են անում Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը բարձրաձայնել և պայքարել նրա համար, որ պատճառված տառապանքները համապատասխան արձագանքի արժանանան, և նպաստեն երկու հասարակությունների միջև հարաբերությունների ստեղծմանը և զարգացմանը։
Թուրքիային և Հայաստանին կոչ է արվում «վավերացնել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և ներպետական օրենսդրությունը համապատասխանեցնել դրա դրույթներին՝ այդպիսով հստակորեն ցույց տալով իրենց պատրաստակամությունը պայքարելու միջազգային հանցագործությունների համար անպատժելիության դեմ և երաշխավորելով տարածաշրջանային ու միջազգային անվտանգությունը և խաղաղությունը»։
Մեր օրերի եւ առաջիկայում հնարավոր ցեղասպանությունները կանխելու համար, Հռչակագրի հեղինակները կոչ ունեն նաեւ միջազգային հանրությանը: Այն է`«…աջակցել այս մանիֆեստին, միջնորդ հանդիսանալ թուրքական և հայկական կառավարությունների միջև, որպեսզի ad hoc մեխանիզմներ կիրառվեն բավարարելու հայերի դեմ իրագործված ցեղասպանության հանցագործության մասին ճշմարտության, արդարադատության և դրա հետ կապված հատուցման անհրաժեշտությունը»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ