Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է կառուցվել Ծիծեռնակաբերդում վեր խոյացող Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 23,2015 12:20

Դեռ 1960-ականների սկզբին Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը քայլեր է ձեռնարկում, որպեսզի համոզի Մոսկվային՝ թույլ տալ Հայաստանում Ցեղասպանության հիշատակի միջոցառումներ անցկացնել: Նա ԽՄԿԿ ԿԿ-ին հիմնավորված նամակ է հղում ցեղասպանության 50-րդ տարելիցը պետականորեն նշելու մասին՝ ներկայացնելով նախատեսված միջոցառումների ցանկը, որոնց մեջ էր նաեւ հուշահամալիրի կառուցումը:

Եվ նաեւ նրա համառ ջանքերի շնորհիվ էր, որ արդեն 1965թ. ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդը հուշարձանի կառուցման մասին որոշում է կայացնում: Որից հետո կոթողի լավագույն նախագծի համար մրցույթ է հայտարարվում:

Սաշուր Քալաշյանը հիշում է, որ նախքան մրցույթը, իրեն եւ երիտասարդ մի քանի ճարտարապետի կանչում են Մինիստրների խորհուրդ եւ գաղտնի հանձնարարում Ցեղասպանության թեման արծարծող հուշահամալիր նախագծել. «Մենք մոլորված էինք, չգիտեինք, թե ինչ գաղափար կարելի է առաջարկել նախագծի համար: Երիտասարդ լինելով՝ տեղյակ չէինք Ցեղասպանության պատմությանը: Եթե թեմային ծանոթ չես՝ չգիտես, թե այն ինչպես կարելի է արտահայտել: Իսկ այդ ժամանակ աշխարհում ցեղասպանության հուշահամալիրներ չկային, որ գոնե դրանցով կարողանայինք կողմնորոշվել: Բավական բարդ խնդիր էր տրվում մեզ եւ մեկ ամիս ժամանակ՝ այն իրագործելու համար»:

Մեկ ամիս հետո ճարտարապետները, ուսումնասիրելով պատմությունը, մի նախագիծ են կազմում, որը միանգամից մերժվում է: Այդ նախագծով՝ այսօրվա հուշահամալիրի տեղում, 9 մետր խորությամբ հսկայական խաչ էր: Ժողովուրդը պետք է աստիճաններով իջներ այդ խաչի մեջ փորված հատվածը եւ հիշատակեր Ցեղասպանության զոհերին: Համալիրն ավելի շատ գերեզմանոցի էր նման, որի վերեւի մասում մեծ զանգակատուն էր նախատեսված: Քիչ հեռու էլ վեր էր խոյանում Վարդան Մամիկոնյանի արձանը՝ որպես վրիժառության խորհրդանիշ:

Բացի դրանից, նպատակ կար հուշարձանի տարածքը նմանեցնել Դեր Զորի անապատին: Նախագծով առաջարկվում էր հուշարձանի ամբողջ տարածքը ծածկել մազութով, որպեսզի հետագայում բուսականություն չաճեր, այնուհետեւ Ծիծեռնակաբերդի բլրին թափված ժանգոտ քարաբեկորներով պատել տարածքը՝ շեշտելու Դեր Զոր անապատի ամայությունն ու սարսուռը:

Չստացված փորձից հետո միանգամից նախագծերի մրցույթ հայտարարվեց: Հայտարարության մեջ ասվում էր. «Կոթողը պետք է մարմնավորի ստեղծագործ հայ ժողովրդի մաքառումներով լի կյանքը, վերապրելու, առաջադիմելու նրա անսպառ կենսունակությունը, նրա ներկան ու պայծառ ապագան` ի հավերժացում 1915թ. Մեծ եղեռնի միլիոնավոր նահատակների անմար հիշատակի»:

Մրցույթին մասնակցեցին տեղացի եւ սփյուռքահայ ճարտարապետների հեղինակած 69 նախագծեր` «Ժայռ», «Փյունիկ», «Մուշ», «Ղողանջ», «Կրակ», «Կարմիր ծաղիկ» եւ այլ ծածկագրերով: Հաղթող ճանաչվեց «ՀՍՍՌ Դրոշակ» ծածկագրով նախագիծը, որի հեղինակներն էին ճարտարապետներ Արթուր Թարխանյանը եւ Սաշուր Քալաշյանը:

Սաշուր Քալաշյանը պատմում է, որ ներկայացված գրեթե բոլոր նախագծերում գերեզմանոցային շունչ կար: Մեկը նույնիսկ առաջարկել էր գետնի տակ Դանտեի դժոխքի ձեւով զսպանակաձեւ հուշահամալիր կառուցել: Բնականաբար նման նախագծերն արդեն գաղափարապես մրցույթից դուրս էին, որովհետեւ որոշման համաձայն համալիրը պետք է հիշեցնի ոչ միայն սուգ ու մղձավանջ, այլեւ պայքար ու վերածնունդ, այն, ինչ կար հաղթած նախագծում:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930