Այս տարի եւս Օբաման չի արտասանի «ցեղասպանություն» բառը։ Եվ ընդհանրապես հայ-թուրքական մրցակցությունը մի տեսակ մեր օգտին չստացվեց։ Ապրիլի 24-ին Հայաստանում լինելու են չորս պետությունների «առաջին դեմքեր»։ Թուրքիայում՝ 21:
Բայց խնդիրն, իհարկե, մրցակցությունը չէ։ Նույն Օբաման, օրինակ, շատ լավ գիտի, որ իրականում 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն է (նախքան նախագահ ընտրվելը ինքն անձամբ է հայտարարել այդ մասին), մյուս երկրների ղեկավարները նույնպես գիտեն այդ մասին, ավելին՝ գիտեն նաեւ, որ Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձերը միշտ մարտի 18-ին են նշվել, եւ այս տարի հատուկ է այդ օրը «հարմարեցվել» ապրիլի 24-ին եւ այլն։ Գիտեն, բայց կեղծում են։ Ոչ թե վատ մարդիկ են, դրա համար են կեղծում, այլ կեղծում են հանուն իրենց երկրների պետական շահերի։ Եվ այս առումով աշխարհի պետություններին «ազնիվների» եւ «կեղծավորների» բաժանելն, իհարկե, սխալ է:
Ավելի ճիշտ կլինի, եթե այդ բաժանումն արվի Հայաստանի ներսում, որովհետեւ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները մեր երկրի հասարակական- քաղաքական դաշտը նույնպես բաժանեցին երկու մասի՝ «կեղծավորների» եւ «անկեղծների»։ Ի՞նչ տեղի ունեցավ։ Ե՛վ իշխանությունները, ե՛ւ տարբեր տրամաչափի հասարակական-քաղաքական գործիչները, ե՛ւ կուսակցությունների 90 տոկոսը, ե՛ւ «ազգային մտավորականները» սկսեցին հայտարարել, թե Հայաստանի թիվ մեկ խնդիրը պահանջատիրությունն է, թե պետք է հասնել Արեւմտյան Հայաստանի ազատագրմանը եւ այլն։ Առանձին-առանձին նրանք բոլորն, իհարկե, գիտեն, որ ուժերի հարաբերակցության ներկա պայմաններում դա ոչ միայն անհնար է, այլեւ չափազանց վտանգավոր, բոլորը գիտեն, որ եթե անգամ ինչ-որ հրաշքով Թուրքիան այդ տարածքները զիջի մեզ՝ մեծ փորձանքի մեջ ենք հայտնվելու (որովհետեւ այնտեղ 15 միլիոն քրդեր են բնակվում), առանձին-առանձին բոլորը հասկանում են, որ տեսանելի ապագայում այս վիճակը չի փոխվելու (համենայն դեպս՝ մեր օգտին), բոլորը գիտեն, որ Հայաստանի թիվ մեկ պրոբլեմն այսօր սոցիալ-տնտեսական աղետալի վիճակն է ու արտագաղթը, գիտեն, որ հիմնական մեղավորն այս իշխանություններն են, որոնք երկիրը ղեկավարում են քրեական օրենքներով եւ ջեբկիրի ինտելեկտով, բայց գերադասում են այդ ամենի մասին չխոսել։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում