«Ես ցավ ու վիշտ եմ ապրում, հարգանքով խոնարհվում եմ ցեղասպանության ժամանակ զոհվածների առջեւ, կիսում եմ բոլորի վիշտը»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահի տեղակալ և Թուրքիայում գործող Մարդու իրավունքների ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ Յուսուֆ Ալաթաշը: Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիան այս օրերին Ստամբուլում կոնֆերանսներ, ժողովներ է անցկացնելու`Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով:
Ի՞նչ փոփոխությունների կարող է հանգեցնել այն, ինչ որ արեց միջազգային հանրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով`հարցին թուրք բանախոսը պատասխանեց, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մարդու իրավունքների, քաղաքական կամ իրավական խնդիր է, այլ ամբողջական է ու 20-րդ դարի ամենակարեւոր խնդիրներից է:
Մինչ այդ, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գլխավոր քարտուղարի տեղակալ Արտակ Կիրակոսյանն ասել էր. «Մեր կազմակերպությունները իրավապաշտպան կազմակերպություններ են ու դա մեզ համար նախեւառաջ մարդու իրավունքների խնդիր է»: Քաղաքական եւ մնացյալ հարցերը նա չի ստվերում, դրանք էլ դեր ունեն, բայց առաջնայինը մարդու իրավունքների խնդիրն է ու ապագային միտված քայլերը:
Կարդացեք նաև
«Կարեւորն այն չէ, թե ուրիշ երկրներն ինչ են անում: Դա էապես կարևոր է, բայց Թուրքիան պետք է քայլ անի ու իր ներքին մղումներից ելնելով, ոչ թե այլոց ճնշման տակ: Թուրքիան ունի այդ ներուժը: Իհարկե, Թուրքիան չի կարող ականջները փակի աշխարհի առջեւ»,- շարունակեց Յուսուֆ Ալաթաշը:
Թուրք իրավապաշտպանը Ցեղասպանությունը նաեւ ազգամիջյան խնդիր է համարում, ասում է`այս ազգերը պետք է համերաշխության մեջ ապրեն. «Թուրքիան պետք է շատ լուրջ քայլեր անի`առանց որեւէ պայմանի: Նախապես պետք է ընդունել, որ Ցեղասպանություն է եւ Թուրքիայի իշխանությունները պետք է ներողություն խնդրեն: Պետք է նաեւ առանց նախապայմանների սահմանները բացվեն ու փնտրտուքների մեջ ընկնեն, թե էլ ի՞նչ կարելի է անել`ժողովուրդների համերաշխության համար: Հայաստանի ու Թուրքիայի միջեւ շտապ երկխոսություն պետք է սկսվի»:
Aravot.am-ի հարցին`հայ-թուրքական արձանագրությունների տեսքով չհաջողված երկխոսությանը հետեւած թուրքական իշխանությունների ակնհայտ հակահայկական եւ մերժողական քաղաքականությունից հետո ի՞նչ երկխոսության մասին է խոսքը, ի՞նչ պետք է ակնկալել Յուսուֆ Ալաթաշն ասաց, որ ամեն ինչից անկախ`պետք է ջանալ:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նման հայտարարություններից հետո, համատեղ հռչակագրի ստորագրումից հետո ի՞նչ է սպասվում իրեն Թուրքիայում`հարցին`թուրք իրավապաշտպանն ասաց, որ եթե մտածեք թե ձեր գլխին ի՞նչ պատմություններ կգան, ի՞նչ ռիսկեր կան, չեք կարող լինել մարդու իրավունքների պաշտպան: «Բայց պետք է ընդունել նաեւ այն, որ Թուրքիայում այս հարցում էլ են փոփոխություններ եղել: Հասարակության մեջ սկսել են ավելի շատ արծարծվել տաբու համարվող թեմաները: Քրդերի վերջին տարիների պայքարն էլ է բերում նրան, որ որոշ թեմաների շուրջ ավելի ազատ կարող ենք խոսել: Եվ ազգը եւ հասարակությունն այպիսի կետում են, որ ավելի հեշտ է դարձել խոսել այդ թեմաների մասին»:
Լրագրողներից մեկի հարցի`խոսում եք սահմանների բացման, Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին, բայց փոխհատուցումների մասին չեք խոսում, հայկական եկեղեցիների ժառանգության մասին չեք խոսում, թուրք իրավապաշտպանն ասաց, որ թվարկված որեւէ բանին ինքը դեմ չէ, բայց այդ հարցերը լուծողն ինքը չէ, ոչ էլ կրեն հարցնում են`ինչպե՞ս լուծել:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նա նաեւ ցավով նշեց, որ Հռոմի Պապի հայտարարությունից հետո Թուրքիայում սկսեցին ճնշումներ գործադրել հայերի վրա, աշխատանքից ազատել եւ այլն: Թուրք իրավապաշտպանը կարծում է, որ Թուրքիան այս առումով դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, բայց թե թուրք ազգը, թե հասարակությունը պատրաստ են այդ ճանապարհն անցնել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ