Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների գործով ստացված դատաձգաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ նրանց տանը հայտնաբերված և փորձաքննության ներկայացված պարկուճները, գնդակները կրակվել են AKC-74 տեսակի ինքնաձիգից, որն ամրակցված է եղել գործով մեղադրյալ, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին։ Փորձաքննության եզրակացության համաձայն՝ այդ ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացնելու և հանելու մասին վկայող հետքեր կամ օտար նյութի մնացորդներ չեն հայտնաբերվել։ Փորձաքննությունների եզրակացությունների մասին «168 ժամը» զրուցել է Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանի հետ։
– ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ համալիր դատաձգաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական փորձաքննությամբ հերքվել է Ավետիսյանների տանը հայտնաբերված AKC 74 ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացված լինելու հնարավոր վարկածը։ Լրատվամիջոցների հետ զրույցներում Ավետիսյանների հարևանները նշում էին, որ կրակոցների ձայներ չեն լսել։ Որևէ քննչական գործողության միջոցով հնարավո՞ր է պարզել՝ արդյոք կրակոցների ձայները կլսվեի՞ն, թե՞ ոչ։
– Նման փորձարարություն ուղղակի հնարավոր չէ կատարել, որպեսզի պարզվի՝ ձայներ լսվե՞լ են, թե՞ ոչ, որովհետև հնարավոր էր նման փորձարարություն կատարել, եթե դա լիներ օրվա ընթացքում, այսինքն՝ այն ժամին, երբ մարդիկ արթուն են եղել։ Այսինքն՝ կարելի էր կատարել փորձարարություն և տեսնել՝ այդ կրակոցի ձայներն արդյոք լսելի՞ են այդ տներում, թե՞ ոչ։ Բայց քանի անձինք քնած են եղել, այսինքն՝ գիշերային ժամ էր, ուղղակի հնարավոր չէ նման փորձարարություն կատարել և պարզել, թե տվյալ անձը կարթնանա՞ր այդ ձայներից, թե՞ ոչ, որովհետև յուրաքանչյուրի քնի մեջ առանձնահատկություն գոյությունի ունի, և անձ կա, ով ամենացածր ձայնից արթնանում է, անձ կա, ով ամենաբարձր ձայնից չի արթնանում։ Այսինքն՝ պարզապես հնարավոր չէ փորձարարությամբ դա հիմնավորել։
– Այն հանգամանքը, որ ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացված չի եղել՝ որևէ կերպ կարո՞ղ է վկայել՝ կատարվածը պլանավորված գործողությո՞ւն էր, թե՞ իրավիճակում առաջացած դիտավորություն։
Կարդացեք նաև
– Այս փորձաքննության եզրակացությունը, իհարկե, վերջնական պատասխան չի կարող տալ՝ արդյոք դա պլանավորվա՞ծ էր, թե՞ ոչ։ Միգուցե որոշ անձինք տրամաբանական հետևության կարողանան հանգել, որ եթե նախօրոք պլանավորված լիներ, ապա նա խլացուցիչով կգար, սակայն, այդուհանդերձ, միայն այդ հանգամանքը հիմք չի տալիս պնդելու, որ սա պլանավորված չի եղել։
Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում